ԻՊ գրոհայինները քիմզենք են կիրառել քրդական ուժերի դեմ

ԻՊ գրոհայինները քիմզենք են կիրառել քրդական ուժերի դեմ

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ծայրահեղական ահաբեկչական խմբավորման գրոհայինները քիմիական զենք են օգտագործել քրդական «փեշմերգա» աշխարհազորայինների մարտիկների դեմ Իրաքի հյուսիսում, հայտնել է գերմանական Bild պարբերականը Բունդեսվերի զեկույցի վրա հղումով:

Ըստ պարբերականի, գրոհը տեղի է ունեցել Մահմուր քաղաքից դեպի արևմուտք: Ինչպես նշել է թերթը, գերմանացի զինծառայողները, որոնք վարժեցնում են քուրդ մարտիկներին պատահարի վայրից 40 կմ հեռավորության վրա, չեն տուժել, հայտնում է Ինտերֆաքսը:

Քիմիական գրոհից տուժածների հստակ քանակը հայտնի չէ: Քիմիական զենքի ազդեցության վայրում գտնվողների մոտ շնչառության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել:

Դեպքի վայր է մեկնել փորձագետների խումբը Բաղդադից, որը պետք է պարզի կատարվածի հանգամանքները: Մինչդեռ ավելի վաղ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» խմբավորումը փորձում է քիմիական զենք ստանալ:

Հունիսին Իրաքի կառավարությունը հայտնեց, որ ԻՊ գրոհայիններն «իրենց հսկողության տակ են առել խոշոր մի ռազմակայան, որը Սադդամ Հուսեյնի օրոք օգտագործվել է որպես քիմզենքի պահեստ: Այն ժամանակ, իբր, այնտեղ թունավոր նյութերի պաշարներ չեն եղել:

ԻՊ-ն գրավեց քիմիական զենքի արտադրության «Ալ Մուտանա» գործարանը, որտեղ Սադդամի ռեժիմը 1980-ականներին մեծ քանակությամբ թունավոր գազ էր արտադրում, այդ թվում զարին: Ըստ ԿՀՎ տվյալների, Պարսից ծոցում առաջին պատերազմից հետո 1991 թ. գործարանը դադարեցրեց քիմզենքի արտադրությունը, սակայն պահեստներում դեռ բավարար քանակով թունաքիմիկատներ են պահվում:

Քլորի գազով ականները գրոհայինները կարող էին հափշտակել նաև Սիրիայի տարածքում: Այդ զենքը ենթակա չէր Ասադի զանգվածային ոչնչացման զենքի արսենալի վերացման մասին համաձայնագրի գործողությանը:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---