ԼՂՀ ԱԳՆ. Բաքուն վախենում է Արցախի ժողովրդավարական գործընթացներից

ԼՂՀ ԱԳՆ. Բաքուն վախենում է Արցախի ժողովրդավարական գործընթացներից

PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանությունները շփման գծում իրավիճակի սրման, չդադարող հետախուզական-դիվերսիոն գործողությունների փորձերին և խոշոր տրամաչափի ականանետների և հրետանու կիրառմամբ շարունակական գնդակոծություններին զուգահեռ հիստերիկ արշավ են ծավալել ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների դեմ: Այս մասին սեպտեմբերի 9-ին հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ-ն:

Օգոստոսի 31-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեպտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները դատապարտող հայտարարությամբ: Հայտարարությունը, որը պարունակում է ԼՂՀ և Հայաստանի դեմ Ադրբեջանի մերկապարանոց մեղադրանքների ավանդական հավաքածուն, ակտիվորեն տարածվում է միջազգային կազմակերպություններում և կառույցներում:

Իրենց հերթին իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական ԶԼՄ-ները մրցակցություն են սկսել՝ տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից նմանատիպ դատապարտող մեկնաբանություններ կորզելու նպատակով:

Ադրբեջանի կողմից ԼՂՀ ՏԻՄ ընտրությունների դատապարտումը վկայում է ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության խուճապային վախի մասին: Դա առանձնապես ակնհայտ է դառնում Ադրբեջանում մարդու իրավունքների և խոսքի ազատության աստիճանական վատթարացման ֆոնի վրա, որտեղ ընտրությունները վեր են ածվել իշխանությունը ժառանգաբար փոխանցելու անվերջանալի գործընթացի, իրավապաշտպանները, լրագրողները հետապնդվում են այլախոհության համար, իսկ բնակչությունը զրկված է իր իրավունքներն ու ազատությունները լիարժեք իրացնելու հնարավորությունից:

Անդառնալիորեն վերջ դնելով իր երկրում ժողովրդավարության ցանկացած պատրանքներին՝ Ադրբեջանի ղեկավարությունը չի հրաժարվում մարդու իրավունքների իր «չափանիշները» միջազգային հանրությանը, ներառյալ հարևան երկրներին, փաթաթելու փորձերից:

Այդ կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ, հավատարիմ մնալով ժողովրդավարական արժեքներին և սկզբունքներին՝ ԼՂՀ-ում իշխանության մարմինների ձևավորումն իրականացվում է բացառապես ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների միջոցով, որոնք ԼՂՀ քաղաքական մշակույթի անբաժանելի մաս են դարձել:

Տեղական ինքնակառավարման իրականացումը, որը հնարավություն է ընձեռում քաղաքացիներին անմիջականորեն մասնակցել պետական գործերի կառավարմանը, ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության մեջ՝ միջազգային իրավունքի, մասնավորապես, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի չափանիշներին լիովին համապատասխանությամբ:

Հատուկ կարևորություն տալով տեղական ինքնակառավարման ինստիտուտին՝ որպես ժողովրդի իշխանության ուղղակի և ներկայացուցչական իրականացման ձևերից մեկը և ցանկացած ժողովրդավարական կարգի հիմք, ԼՂՀ իշխանություններն այսուհետ ևս ջանքեր կգործադրեն դրա հետագա զարգացման և ամրապնդման համար:

Առաջիկա ընտրությունները ԼՂՀ ՏԻՄ թվով վեցերորդ ընտրություններն են: Առաջին ՏԻՄ ընտրությունները, այդ թվում նաև Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար, կայացել են 1998-ի սեպտեմբերի 27-ին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---