ԼՂՀ ՏԻՄ ընտրություններին մասնակցել կարող է 94.241 մարդ. Համայնքի ղեկավարի 240 թեկնածու կա![]() 12 սեպտեմբերի 2015 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 207 համայնքում սեպտեմբերի 13-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 94.241 ընտրող: Ձևավորվել է 252 ընտրական տեղամաս: Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին մասնակցելու նպատակով ԼՂՀ 144 համայնքում գրանցվել է համայնքի ղեկավարի 240 թեկնածու, որոնցից 126-ը (52,5%-ը) գործող համայնքի ղեկավարներն են: Թեկնածուների մեծ մասը` 231 մարդ (96,3%-ը), արական սեռի ներկայացուցիչներ են, գրում է Panorama.am-ը: 200 համայնքում ավագանու անդամների 1.022 տեղի (մանդատի) համար գրանցված թեկնածուների թիվը 1.241 է: Սեպտեմբերի 13-ին կընտրվի նաև ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետը: Գրանցված երկու թեկնածու կա՝ ինքնաառաջադրված գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և Կոմկուսից, «Արցախի կոմունիստ» թերթի խմբագիր Արիս Գրիգորյանը: ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջոն Քիրբին, անդրադառնալով սեպտեմբերին Արցախում կայանալիք ընտրություններին, նշել է, որ ԱՄՆ-ն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության` սեփական ապագան որոշելու իրավունքը: «Հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի բնակչության դերն իրենց ապագան որոշելու հարցում: Այդուհանդերձ, Միացյալ նահանգները չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ, ինքնիշխան պետություն, և չենք ընդունելու սեպտեմբերի 13-ին անցակցվող, այսպես կոչված ընտրությունները` որպես տարածաշրջանի իրավական կարգավիճակի վրա ազդող գործոն», ասվում է հայտարարությունում: Պետքարտուղարության խոսնակը նաև նշել է, որ «այսպես կոչված ընտրությունները որևէ կերպ չեն ազդելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի կամ ընթացող բանակցային գործընթացի արդյունքների վրա, որոնց նպատակն է հասնել հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը»: Օգոստոսի 31-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախում ՏԻՄ ընտրությունները դատապարտող հայտարարություն էր տարածել, որը ԼՂՀ և Հայաստանի դեմ մեղադրանքների ավանդական հավաքածու էր պարունակում: Իր հերթին ԼՂՀ արտգործնախարարությունը ևս հայտարարություն էր տարածել՝ հակադարձելով Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտող հայտարարությանը: Արցախի ԱԳՆ հայտարարությունում նշվում էր, Ադրբեջանի կողմից ԼՂՀ ՏԻՄ ընտրությունների դատապարտումը վկայում է ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության խուճապային վախի մասին, ինչն «առանձնապես ակնհայտ է դառնում Ադրբեջանում մարդու իրավունքների և խոսքի ազատության աստիճանական վատթարացման ֆոնին, որտեղ ընտրությունները վերածվել են իշխանությունը ժառանգաբար փոխանցելու անվերջանալի գործընթացի, իրավապաշտպանները, լրագրողները հետապնդվում են այլախոհության համար, իսկ բնակչությունը զրկված է իր իրավունքներն ու ազատությունները լիարժեք իրացնելու հնարավորությունից: Անդառնալիորեն վերջ դնելով իր երկրում ժողովրդավարության ցանկացած պատրանքներին՝ Ադրբեջանի ղեկավարությունը չի հրաժարվում մարդու իրավունքների իր «չափանիշները» միջազգային հանրությանը, ներառյալ հարևան երկրներին, փաթաթելու փորձերից»,- ասված է հայտարարությունում: Ըստ դրա նաև, առաջիկա ընտրությունները ԼՂՀ ՏԻՄ 6-րդ ընտրություններն են: Առաջին ՏԻՄ ընտրությունները, այդ թվում Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար, կայացել են 1998-ի սեպտեմբերի 27-ին: «Տեղական ինքնակառավարման իրականացումը, որը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին անմիջականորեն մասնակցել պետական գործերի կառավարմանը, ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության մեջ՝ միջազգային իրավունքի, մասնավորապես, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի չափանիշներին լիովին համապատասխանությամբ»: Եզրափակելով, հայտարարությունում ասվում էր, որ հատուկ կարևորություն տալով տեղական ինքնակառավարման ինստիտուտին՝ որպես ժողովրդի իշխանության ուղղակի և ներկայացուցչական իրականացման ձևերից մեկը և ցանկացած ժողովրդավարական կարգի հիմք, ԼՂՀ իշխանություններն շարունակելու են ջանքեր գործադրել դրա հետագա զարգացման և ամրապնդման ուղղությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |