Թուրքիայում ազատազրկված Սևան Նիշանյանը կառաջադրվի պատգամավորության թեկնածու

Թուրքիայում ազատազրկված Սևան Նիշանյանը կառաջադրվի պատգամավորության թեկնածու

PanARMENIAN.Net - Արդեն մեկ տարուց ավելի Թուրքիայի Այդըն Յենիփազար փակ ռեժիմի բանտում գտնվող հայազգի Սևան Նիշանյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Լիբերալ դեմոկրատական կուսակցության» (LDP) կողմից կառաջադրվի որպես պատգամավորի թեկնածու: Այս մասին, ըստ «Ակօս»-ի, հայտնել է կուսակցության գլխավոր քարտուղարի օգնական Թարըք Բեյհանը:

«i>Սևան Նիշանյանը Թուրքիայում ազատազրկման է դատապարտվել սեփական հողամասում ապօրինի շինություն կառուցելու համար։ Նիշանյանի ընդհանուր պատժաչափը 11 տարի 8 ամիս է:

Բեյհանը նշել է, որ Սևան Նիշանյանը Թուրքիայում մեծ ներդրում ունի լեզվաբանության, մշակույթի, ճարտարապետության բնագավառներում, սակայն ավելի հատկանշական է նրա դերը խոսքի ազատության բնագավառում, հայտնում է ermenihaber-ը:

«Այս պահին բանտում գտնվելու պատճառն էլ հենց խոսքի ազատությունն է: Լիբերալիզմի 2 կարևոր չափանիշներն են խոսքի ազատությունն ու հանդուրժողականությունը: Այդ պատճառով մենք կարծում ենք , որ Նշանյանը և մեր կուսակցության, և երկրի համար շատ կարևոր գործիչ է»,-ասել է Բեյհանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սևան Նիշանյանի վիճակի վերաբերյալ խորհրդարանում հարցապնդում է ներկայացրել նորընտիր հայ պատգամավոր Սելինա Դողանը: Հարցապնդումն ուղղվել է երկրի արդարադատության նախարարությանը։ Նախարարությանը հասցեագրված փաստաթղթում Դողանն ընդգծել է, որ այն հոդվածով, որով ազատազրկվել է Նիշանյանը, տարեկան մոտ 3000 դատավարություն է տեղի ունենում: «Դրանց համար 2 տարուց էլ պակաս ազատազրկում է սահմանվում, և ազատազրկվելուց կարճ ժամանակ անց՝ կալանավորներն ազատ են արձակվում»,-գրել էր Դողանը:

2014-ի հունվարի 2-ից հայ լրագրող ու լեզվաբան Սևան Նիշանյանը գտնվում է թուրքական բանտում: Սևան Նիշանյանի գործով շարունակվող մեկ այլ դատավարության շրջանակներում կայացրած որոշման համաձայն վերջինս դատապարտվել է ևս 5 տարի 2 ամիս և 15 օր ազատազրկման ու 12.600 լիրա դրամական տույժի: Այս անգամ Նիշանյանին մեղավոր են ճանաչել Մշակութային և բնական արժեքների պահպանման մասին օրենքը «խախտելու» համար: Այսպիսով Նիշանյանի ընդհանուր պատժաչափը հասավ 11 տարի 8 ամսի՝ հաշվի առնելով, որ նա արդեն իսկ դատապարտված էր:

Պատժի դաժանությունն անգամ դրդել էր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ակտիվիստներին ու ներկայացուցիչներին հավաքվել ու կազմավորել Սևան Նիշանյանի ազատության ու արդարության միջազգային կոմիտե:

2011-ի մարտի 9-ին Սևան Նիշանյանը դատապարտվեց 3 տարի և 4 ամիս ազատազրկման «ապօրինի շինարարության» համար: Դատարանի վճիռը պայմանավորված էր նրանով, որ լրագրողն անշարժ գույք ուներ, որը Թուրքիայում հայտնի է որպես «Նիշանյանի տներ», իսկ Իզմիրի վարչակազմը ցանկանում է քանդել դրանք որպես ապօրինի շինություններ: Դատարանը նաև տուգանել է Նիշանյանին 160 լիրով և զրկել է նրան որոշ արտոնություններից: Իզմիրի վարչակազմը որոշել է քանդել «Նիշանյանի տները», որոնք բաղկացած են գյուղական կոլորիտով 16 շինություններից որպես ապօրինի կառույցներ: Ինքը Նիշանյանն ընկալում է այդ որոշումը որպես ակցիա` ուղղված իր դեմ: Նա հայտարարել է, որ թուրքական իշխանությունները չեն կարող իրագործել իրենց որոշումը, քանի դեռ ինքը ողջ է: Նիշանյանն իր շինությունները փոխանցել է Ազիզ Նեսինի հիմնադրամին:

2013-ի մայիսին Սևան Նիշանյանը դատապարտվեց 13,5 ամսվա ազատազրկման Մուհամմեդ մարգարեի հասցեին հնչեցրած խոսքերի համար: Նրա գրառումը բլոգում դատարանը համարեց «աստվածապղծություն»:

2010-ին Նիշանյանի մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական հեռուստաեթերում հանգեցրին հեռուստաալիքի դեմ ուղղված պատժամիջոցների: Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը հայտարարեց, որ Նիշանյանի մեկնաբանությունները «ստորացնում են Թուրքիայի Հանրապետությանը»: 2012-ին «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունը Թուրքիային անվանեց «լրագրողների ամենամեծ բանտը»: Նիշանյանը կրում է պատիժը 2014-ի հունվարի 2-ից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---