Դեմոյան. Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում առաջընթաց կա. Ակադեմիական դաշտում՝ հաղթանակ

Դեմոյան. Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում առաջընթաց կա. Ակադեմիական դաշտում՝ հաղթանակ

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում կարող ենք արձանագրել լուրջ առաջընթաց: Այս մասին ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովի ընթացքում՝ խոսելով Ցեղասպանությանը նվիրված 2015-ի միջոցառումների ու դրանց արդյունքների մասին:

Սեպտեմբերի 25-26-ին Երևանում ընթանում է «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրի ընթացքի վերաբերյալ քննարկումը և կայացած միջոցառումների արդյունքների ամփոփումը:

«Դեռ վաղ է տարին ամփոփելը, սակայն այսօրվա դրությամբ կարող ենք արձանագրել շատ լուրջ առաջընթաց, լինի Ցեղասպանության միջազգային ճանաչման, այսինքն՝ քաղաքական մակարդակում, լինի մշակութային միջոցառումների ձևով, որոնք էականորեն, լրջորեն նպաստել են և շարունակելու են նպաստել Հայոց ցեղասպանության մասին իրազեկման բարձրացմանը», - ասել է Դեմոյանը:

Ըստ նրա՝ արդեն լիակատար կարելի է հաղթանակ արձանագրել ակադեմիական դաշտում:

«Ճիշտ է, թուրքական կողմը կշարունակի հովանավորել տարբեր գրքեր, նոր գրչակներ վարձել, տարաբնույթ ժխտողական աշխատանքներ հրապարակելու համար, բայց ակադեմիական դաշտում մեկընդմիշտ կարող ենք արձանագրել, որ թուրքական կողմն անելիք չունի որևէ նոր հեղաշրջող կամ կարծիքներ փոխող տեսակետներ ամրագրելու համար», - պարզաբանել է Դեմոյանը՝ նշելով, թե դրա վկայություններից էր նաև Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության համաժողովը հենց Երևանում անցկացնելը:

Հարցին, թե հարյուրամյակի միջոցառումներն ի՞նչ փոխեցին Թուրքիայում, թանգարան-ինստիտուտի տնօրենը նշել է, որ կարևոր հարց է, թե միջոցառումները որքանով ներազդեցին թուրք հանրության վրա:

«Մեզ համար կարևորն այն է, թե միջոցառումների արդյունքում այնտեղ գոնե սկսեն խորհել, թե ի՞նչ է տեղի ունենում, ինչու՞ է աշխարհով մեկ տեղի ունենում նոր շղթայական գործողություններ՝ միջազգային ճանաչման առումով, ինչու են պետական այրերը գալիս Ծիծեռնակաբերդ: Ինչուների համալիրը կբերի կարևոր նպատակի, որպեսզի մենք կարողանանք թուրքերի ապագա սերունդների շրջանում որոշակիորեն մոտեցումը փոխել, որպեսզի նախ և առաջ հասկանան, որ իրենց իշխանություններն ինչով են զբաղվում, ամբողջ աշխարհը խոսում է մի բան, իրենց սահմաններից ներս պարտադրվում է մեկ այլ բան», - ասել է Դեմոյանը:

Այս համատեքստում նա շեշտել է, որ ամենահամեստ և ոգևորիչ արդյունքն այն է, թե ամեն օր Հայոց ցեղասպանության թանգարանը թուրք այցելու է ունենում, ինչն օրինաչափություն է դարձել:

«Վերջին մեկ ամսում ազգությամբ ավելի շատ թուրք այցելու է եկել, քան թանգարանի գոյության ընթացքում վերջին տասնհինգ տարվա ընթացքում: Ամենամեծ և տպավորիչ բանը մեզ համար իրենց լռությունն է: Եթե նախկինում կար որոշակի թերահավատություն, հարցադրումներ, այսօր հարցերի առիթ չեն ունենում», - ասել է տնօրենը:

Համաժողովի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրի ընթացքի վերաբերյալ քննարկմանն ու արդյունքների ամփոփմանը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարել է, որ կան մնայուն հստակ արդյունքներ, որոնք մեծապես ազդելու և կանխորոշելու են Հայաստանի առաջիկա անելիքները:

Նրա խոսքով՝ բավական է նշել, որ 2014-2015-ին տեղի ունեցան կարևոր իրադարձություններ, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչած երկրների թիվը 19-ից դարձել է 24: Իսկ եթե մինչ այդ Ցեղասպանության ժխտումը ընդամենը 2 պետություն է քրեականացրել, ապա 2015-ին՝ դարձել է 4 պետություն:

«Չափազանց կարևոր է միջազգային տարբեր կազմակերպությունների արձագանքները, մասնավորապես՝ Եվրախորհրդարանի բանաձևը, որը ոչ միայն դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, ինչը այն արել էր 1987-ին, այլև կոչ է անում Թուրքիային առերեսվել իր իսկ պատմության հետ և գտնում է, որ դա միակն ճանապարհն է հաշտության հասնելու», - նշել է Չոչարյանը:

Նա կարևորել է նաև վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևը, որի հեղինակն է Հայաստանը, իսկ համահեղինակել է 84 պետություն:

«Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ն ընդունեց ցեղասպանությունների դատապարտման ու կանխարգելման կոնվենցիան: Ավելացնեմ նաև, որ այս ընթացքում Հայաստանը ճանաչել է հույների ու ասորիների ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, ու հիմա աշխարհը շատ ուշադրությամբ է հետևում նմանատիպ ոճրագործությունների կանխարգելման խնդրին», - ընդգծել է ԱԳ փոխնախարարը:

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը նիստին դժգոհություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկում Միացյալ Նահանգները ներկայացվում է որպես մասամբ ընդունած երկիր: Միաժամանակ նա նշել է, որ Միացյալ նահանգները Ցեղասպանությունը ճանաչել է ոչ միայն նախագահի մակարդակով, այլ նաև Կոնգրեսի և կառավարության մակարդակով:

Հարությունյանի խոսքով՝ Հայաստանը Օբամայի հայտարարության կարիքը չունի: «Օբաման պարզապես պետք է ասի ցեղասպանություն, որպեսզի իր խոսքը հարգի, ոչ թե մեզ բարիք է անում դրանով, մենք արդեն ճանաչում ունենք նախագահ Ռեյգանի մակարդակով, և եթե Օբաման չի ճանաչում, ուրեմն ամոթ իրեն», - ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ի պետական քաղաքականությունը ստիպում է սերտ հարաբերութուններ ունենալ Թուրքիայի հետ, բայց դա չի նշանակում, որ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2015-ի հուլիսի 8-12-ը հյուրընկալել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (ՑՄԸ) 12-րդ գիտաժողովը, որի խորագիրն էր «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն»:1997-ին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2010 թ. ստացել ՀՀ նախագահի` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար շնորհվող մրցանակ:

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է ավելի քան 20 երկիր, ինչպես նաև ԱՄՆ նահանգների մեծ մասը:

Օգոստոսի 24-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել Ատլանտայի Միջհամայնքային հարաբերությունների հրեական խորհուրդը (Jewish Community Relations Council (JCRC)): Բանաձևը կոչ է անում ճանաչել Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը և հորդորում Միացյալ Նահանգներին այդ դեպքերը «ցեղասպանություն» կոչել: Հուլիսի 31-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել Լատինական Ամերիկայի խորհրդարանը: Հուլիսի 24-ին բրազիլական Ռիո դե Ժանեյրոյի նահանգն օրենք է ընդունել, ըստ որի ապրիլի 24-ը հռչակում է «Հայոց ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»։

Մայիսի 29-ին Բրազիլիայի դաշնային խորհրդարանը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: Այդպիսով, Բրազիլիան դարձել էր Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած 24-րդ երկիրը: Խորհրդարանի Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի հեղինակը Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերային է: Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունել էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձև, որը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---