Եվրոպացի խորհրդարանականներ. ՀՀ դեմ Ադրբեջանի գործողություններն ահաբեկչություն են

Եվրոպացի խորհրդարանականներ. ՀՀ դեմ Ադրբեջանի գործողություններն ահաբեկչություն են

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատգամավոր, բուլղարացի քաղաքական գործիչ Անգել Ջամբազկին խոսել է Հայաստանի սահմանին ադրբեջանական վերջին ագրեսիայի մասին, գրում է Tert.am-ը:

Խորհրդարանականը, մասնավորապես ասել է. «Ես կարծում եմ` Լեռնային Ղարաբաղի հողը հայերի հողն է: Կատարվածն ահաբեկչական գործողություն է: Եվրոպական տեսանկյունից լրիվ անընդունելի է: Ես ցանկանում եմ, որ եվրոպական կառույցները խիստ մոտեցում ցուցաբերեն` մարդու իրավունքների պաշտպանության և հայկական անկախությունն ու ժողովրդավարությունը սատարելու գործում»:

Խորհրդարանականը հավելել է՝ սա պատերազմ է հայ ժողովրդի դեմ, և այս իրավիճակում ինքը սատարում է Հայաստանին, քանի որ կան վաղեմի կապեր Բուլղարիայի և Հայաստանի ժողովուրդների միջև.«Սա ահաբեկչություն է Հայաստանի իշխանությունների ու ժողովրդի նկատմամբ: Եվրահանձնաժողովին հարկավոր է կույր չգտնվել: Ես կարծում եմ` Եվրահանձնաժողովը պետք է սատարի ինքնիշխան հայկական պետությանը»:

Իր հերթին,‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության Խորհրդատվական խորհրդի անդամ, Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Միշել Ռիվազին, իր հերթին, հայտարարել է. ‹‹Ես ցնցված եմ նման բռնությունից: Մեզ հայտնի է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող պատմական թշնամության մասին, բայց այս անգամ այդ թշնամությունն ուղիղ գծով ուղղված է Հայաստանին: Սա անընդունելի է: Եվրոպական հանձնաժողովը պարտավոր է դատապարտել Ադրբեջանի գործողությունները և պատժամիջոցներ կիրառել դրանց հանդեպ: Այս խնդիրը միայն Հայաստանի և Ադրբեջանի մինջև չէ: Թե՛ եվրոպական, և թե՛ միջազգային այլ կառույցներ պարտավոր են դատապարտել այս գործողությունները››:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էին: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը: Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության է ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ: Բացի զինծառայողներից, գնդակոծությունների ընթացքում վիրավորվել է նաև հինգ խաղաղ բնակիչ: Բացի այդ, զգալի վնաս է հասցվել բազմաթիվ բնակելի տներին ու համայնքային նշանակության շինություններին: Սեպտեմբերի 24-ին հայկական բանակի պատասխան գործողություններում ոչնչացվել է Պառավաքար գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետը, զոհվել էր հինգ ադրբեջանական զինվոր:

Իր հերթին, «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության խորհրդատվական խորհրդի անդամներից ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը հայտարարել է՝ այնպիսի օր կամ գիշեր չկա, որ Ադրբեջանը չկրակի՝ օրեցօր հզորացող զենքով:

«Պատերազմն ինքնին անթույլատրելի է, քաղաքացիների ուղղությամբ կրակելը անթույլատրելի է: Կրակում են զինվորների վրա, թեև Ադրբեջանի և Ղարաբաղի միջև հրադադար է գործում, ինչը պետք է արդեն դատապարտվի», - ասել է Ռոշբլուանն ու ընդգծել, որ մյուս կողմից` սա չի զարմացնում: Արդեն տևական ժամանակ Ադրբեջանը քանիցս կրակ է բացել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում:

Ֆրանսիացի խորհրդարանականը նոր է վերադարձել Արցախից.«Այս ամիս չեմ եղել առաջնագծում, բայց այնտեղ եղել եմ մայիսին: Ես տեսել եմ իրավիճակը, լսել եմ մոտակայքում հնչող կրակոցների ձայնը: Զինվորներ եմ սպանվում, իսկ այսօր նրանք արդեն քաղաքացիների ուղղությամբ են կրակում: Դա ընդհանրապես անընդունելի է: Սա Ադրբեջանի կողմից ճակատային հարձակում է Հայաստանի վրա:

Կոչ եմ անում Ֆրանսիային և նրա կառավարությանը, ինչպես նաև երկրի արտգործնախարարին` միջամտել և ճնշում գործադրել Ադրբեջանի արտգործնախարարության վրա` համոզվելու, որ այս անթույլատրելի գործողությունները դադարեցվելու են: Դա պետք է անել շատ շուտ: Երբ տեսնում եմ որոշ ֆրանսիացի պատգամավորների Ադրբեջանին աջակցելիս, դա անընդունելի եմ համարում»։

Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը: ՊԲ մամուլի ծառայության փոխանցմամբ, բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---