Հայաստանաբնակ եզդիները պատրաստ են պաշտպանել հայրենիքի սահմանները

Հայաստանաբնակ եզդիները պատրաստ են  պաշտպանել հայրենիքի սահմանները

PanARMENIAN.Net - «Սինջար» եզդիների ազգային միավորումը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ահաբեկչական հարձակումները: Նրանք կոչ են անում միջազգային հանրությանը ձգել Ադրբեջանի սանձերը և պատրաստակամություն հայտնում զորակոչվել հայկական բանակ:

«Մի քանի օր է` ադրբեջանցի բաշիբոզուկները շարունակում են հրթիռակոծել մեր հայրենիքի սահմանամերձ գյուղերը: Ադրբեջան ահաբեկչական պետությունը հարձակումներ է իրականացնում նաև խաղաղ բնակչության նկատմամբ և արդեն իսկ սպանվել են քաղաքացիական երեք անձիք, երեքն էլ կանայք:

Ադրբեջանի գործողությունները նմանվում են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման գործելակերպին: Մենք` հայաստանաբնակ եզդիներս, դատապարտում ենք Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները և կոչ ենք անում միջազգային հանրությանը ձգել Ադրբեջանի սանձերը, հակառակ պարագայում մեզ չմեղադրել Ադրբեջան հորինված պետության ոչնչացման մեջ:

Հայաստանի ամեն քաղաքացի, այդ թվում այստեղ ազատորեն բնակվող ազգային փոքրամասնությունները պատրաստ են մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանել մեր հայրենիքի սահմանները:

Սահմանին կանգնած հայ, եզդի, ասորի, հույն, քուրդ, ռուս, լեհ, ուկրաինացի մեր եղբայրներին տոկունություն ենք մաղթում, իսկ ՀՀ Պաշտպանության նախարարությանը կոչ ենք անում անհրաժեշտության դեպքում ստեղծել կամավորական խմբեր և զորակոչել նաև մեր կազմակերպության ներկայացուցիչներին, որպես Հայկական բանակի զինվորների»,-ասված է հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.):

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Նորայր Խաչատրյանը, Ռոբերտ Մկրտչյանը, Կարեն Շահինյանը, Հարութ Հակոբյանը:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էին: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը:Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս:Իսկ սեպտեմբերի սկզբին Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության է ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ: Բացի զինծառայողներից, գնդակոծությունների ընթացքում վիրավորվել է նաև հինգ խաղաղ բնակիչ:

Բացի այդ, զգալի վնաս է հասցվել բազմաթիվ բնակելի տներին ու համայնքային նշանակության շինություններին: Սեպտեմբերի 24-ին հայկական բանակի պատասխան գործողություններում ոչնչացվել է Պառավաքար գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետը, զոհվել էր հինգ ադրբեջանական զինվոր:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ի պատասխան Ադրբեջանի կողմից ՀՀ Տավուշի մարզի հայկական գյուղերի գնդակոծության, ՀՀ Զինված ուժերը ոչնչացրել են առնվազն 5 ադրբեջանցի զինծառայողի: Հակառակորդի ևս 5 զինվոր տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել։ Նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։Ոչնչացվել է նաև Պառավաքար գյուղի հանդիպակաց բլուրների վրա գտնվող ադրբեջանական մեկ ռազմական հենակետ։

Պետք է նշել, որ ադրբեջանական պաշտոնական կառույցները հաճախ թաքցնում են իրական կորուստները բանակում` զինծառայողների մահվան մասին հայտնի է դառնում միայն զոհվածների հարազատների հաղորդագրություններից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---