ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը ողջունել է ՀՀ սահմանադրական բարեփոխումները՝ ժողովրդավարական հանրաքվեի կոչ անելով

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը ողջունել է ՀՀ սահմանադրական բարեփոխումները՝ ժողովրդավարական հանրաքվեի կոչ անելով

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովը Ստրասբուրգում տեղի ունեցող աշնանային լիագումար նստաշրջանի շրջանակում անդրադարձել է Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին:

«Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունում է Հայաստանի սահմանադրական բարեփոխումների գործընթացի առաջընթացը, որը արվել է Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ փոխգործակցության ընթացքում: Սահմանադրության տեքստը, ըստ Վենետիկի հանձնաժողովի, շատ բարձր որակ ունի և համապատասխանում է միջազգային չափանիշներին»,- մասնավորապես նշված է ԵԽԽՎ-ի հայտարարությունում, տեղեկացնում էՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հանձնաժողովը նաև ողջունել է այն փաստը, որ սահմանադրական բարեփոխումները կընդունվեն հանրաքվեի միջոցով, և կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին մասնակցել դրան, ինչպես նաև բարեփոխումների քննարկումներին:

Մոնիտորինգի հանձնաժողովը նշել է նաև, որ որոշ հարցեր, որոնք ներառված են բարեփոխումների տեքստում, քաղաքականապես վիճելի են և հայ հասարակության շրջանակում թեժ քննարկումներ են անցկացվել: Հանձնախողովը կոչ է արել բոլոր քաղաքական շահագրգիռ ուժերին ապահովել, որ հանրաքվեն անցկացվի ժողովրդավարական ամենաբարձր չափանիշներին համապատասխան:

Վենետիկի հանձնաժողովը սեպտեմբերի 11-ին հրապարակել է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ երկրորդ միջանկյալ կարծիքը: 16 էջից բաղկացած փաստաթղթում Հանձնաժողովի փորձագետները շարադրել են իրենց փորձաքննության արդյունքները սահմանադրական փոփոխությունների նախագծի 8, 9, 11 և 16-րդ գլուխների վերաբերյալ:

Նշված գլուխները վերաբերում են Դատախազությանը և քննչական մարմիններին, Տեղական ինքնակառավարման մարմիններին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և Սահմանադրության ընդունմանը, փոփոխմանը և հանրաքվեին: Մյուս գլուխների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը կարծիք ներկայացրել էր հուլիիսին: «Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքը բարձրորակ է և աջակցության ու ողջույնի է արժանի: Վենետիկի հանձնաժողովի հետ անկեղծ երկխոսության ու բեղմնավոր փոխանակման մթնոլորտը նախկինի պես շարունակվել է և հնարավորություն է ընձեռել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին՝ մշակել մի տեքստ, որն այժմ համապատասխանում է միջազգային չափորոշիչներին», - նշվում է Հանձնաժողովի հրապարակված փաստաթղթում:

Վենետիկի հանձնաժողովը հուլիսի 31-ին հրապարակել է իր նախնական դիտարկումները Հայաստանում սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Հանձնաժողովն իր 29 էջանոց նախնական գնահատականում առաջարկվում էր հանել քվեարկելու և Ազգային ժողովի թեկնածու լինելու մասին սահմանափակումները: Բացի այդ, առաջարկվում էր չեղարկել ամենաշատ ձայները ստացած կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների միջև ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը: Խոսքը Սահմանադրության նախագծի 89/4 հոդվածի մասին է:

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել ՀՀ նախագահին: Նախագահը օգոստոսի 21-ին նախագիծը ՀՀ Ազգային ժողով է ուղարկել:

Հրապարակված Սահամանդրության նախագծի 5-րդ գլուխը վերաբերում է Հանրապետության նախագահին: Ըստ դրա, Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով (գործող Սահմանադրությամբ 5 տարով է): Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ (ներկայիս երկու անգամվա փոխարեն): Նախագահին ընտրում է ընտրիչների ժողովը, որի կազմում Ազգային ժողովի պատգամավորներ են և նրանց թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից: Սահմանադրության 4-րդ գլուխը վերաբերում է Ազգային ժողովին: Ըստ փոփոխված տարբերակի՝ ԱԺ կազմված է լինելու առնվազն 101 պատգամավորից (գործող Սահմանադրությամբ 131 է): Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվելու ազգային փոքրամասնություններին: Խորհրդարանն ընտրվում է համամասնական ընտրակարգով 5 տարի ժամկետով: (գործող Սահմանադրությամբ ընտրակարգերը երկուսն էին՝ համամասնական ու մեծամասնական): Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթներ:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---