Սարգսյանը՝ ՄԱԿ-ում․ Ընտրություն չկա, իրավական և ռազմաքաղաքական քայլերի կդիմենք՝ ապահովելու ՀՀ և ԼՂՀ անվտանգությունը![]() 30 սեպտեմբերի 2015 - 02:04 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ ելույթ է ունեցել։ Շնորհավորելով ներկաներին Միավորված ազգերի կազմակերպության 70-րդ տարեդարձի կապակցությամբ, նախագահը նշել է, որ դրա ստեղծումը մարդկության մեծագույն նվաճումներից է, որը ժողովուրդներին համախմբել է` միավորելով ընդհանուր սկզբունքների շուրջ: «Անցած 70 տարիները բնորոշվեցին կարևորագույն դրական զարգացումներով` վերջ դրվեց գաղութատիրությանը, ռասայական խտրականությանն ու ապարտեիդին: Աշխարհի ժողովուրդներին հնարավորություն տրվեց ինքնորոշվելու, պետականություն կերտելու և իրենց ճակատագիրը տնօրինելու իրենց իսկ ստեղծած պետությունում՝ ՄԱԿ-ի անդամների թիվը 51-ից հասցնելով 193-ի: Այս բոլոր նվաճումներով հանդերձ՝ պետք է խոստովանենք, որ ներկայում աշխարհը կանգնած է նոր մարտահրավերների առջև` ահաբեկչություն, ծայրահեղականություն, անհանդուրժողականություն, տնտեսական ճգնաժամեր, կլիմայի փոփոխություն, թմրամիջոցների, զենքի և մարդկանց ու մարդկային օրգանների թրաֆիքինգ, միգրացիոն ճգնաժամ և այլն: Այս մարտահրավերների շարքը երկար է: Եվ հենց դրանց դեմ պայքարելու անհրաժեշտությունն է, որ մեզ պարտավորեցնում է վճռականորեն վերահաստատել մեր համատեղ հանձնառությունն այս կազմակերպության առաքելությանն ու նրա Կանոնադրությանը»,- ասել է նախագահը: Սերժ Սարգսյանը նշել է, որ 2014-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, նույն ամբիոնից անուն առ անուն շնորհակալություն հայտնեց Ցեղասպանությունը ճանաչած երկրներին՝ կոչ անելով ամբողջ միջազգային հանրությանը ճանաչման ու դատապարտման միջոցով ցեղասպանությունների կրկնության դեմ պայքարին նոր թափ հաղորդել: «Այսօր նույն այս ամբիոնից շնորհակալություն եմ հայտնում Հռոմի պապ Ֆրանցիսկոսին և հիշատակում նրա կողմից մատուցված պատմական պատարագը, Եվրոպայի խորհրդարանին և մատնանշում նրա ընդունած բանաձևը, Գերմանիայի Նախագահին և վստահեցնում, որ նրա հայտնի ելույթն այսուհետ լինելու է մեր ժողովրդի պատմության էջերում, Ավստրիայի, Բոլիվիայի, Բրազիլիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Չիլիի օրենսդիր մարմիններին, բազմաթիվ երկրների նահանգային և քաղաքային խորհուրդներին, ինչպես նաև տասնյակ ու հարյուրավոր հասարակական-քաղաքական կառույցներին»,- նշել է նախագահը՝ շնորհակալություն հայտնելով նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Սերբիայի նախագահներին, ինչպես նաև բազմաթիվ երկրների պատվիրակություններին ապրիլի 24-ին Երևանում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը մասնակցելու համար: Ըստ Հայաստանի ղեկավարի, ցեղասպանությունների կանխարգելումը միջազգային օրակարգում պահելու ՀՀ հաստատակամության մասին են վկայում Մարդու իրավունքների խորհրդում պարբերաբար առաջադրվող բանաձևերը, որոնցից վերջինն ընդունվել է այս տարի: Դրա հիման վրա էլ օրեր առաջ այս վեհաժողովը դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, Սերժ Սարգսյանը նշել է, որ այն շարունակում է մնալ կարևորագույն խնդիրներից մեկը մեր տարածաշրջանում: «Պետք է նշեմ, որ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքում այսօր ոչ միայն էական առաջընթաց չկա խնդրի կարգավորման բանակցային գործընթացում, այլև արձանագրվել է լարվածության աճի միտում: Նավթի վրա կառուցված տնտեսության սասանման պայմաններում հասունացող ժողովրդական ցասումը խեղդելու համար այդ երկրի բռնակալ ռեժիմը խայտառակ ճնշումները գործիք է դարձրել, ինչը, սակայն, այլևս անբավարար է համարում: Հիմա նրան սեփական հասարակության ուշադրությունը շեղող պատկերներ են պետք շփման գծից: Ցանկանում եմ վեհաժողովի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը, ի լրումն տարատեսակ սադրիչ գործողությունների, արդեն սկսել է կիրառել խոշոր տրամաչափի հրետանի՝ կրակի տակ պահելով ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանամերձ շրջանների խաղաղ բնակավայրերը: Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի սահմանամերձ գոտում ադրբեջանական ռմբահարման զոհ դարձան երեք կին՝ իրենց տանը, իրենց այգում խաղաղ աշխատող հայ կանայք: Հարց՝ կա՞ որևէ բանական արարած, ով կարող է որևէ չխեղված տրամաբանություն ցույց տալ նման վայրագության մեջ: Մեզ համար արդեն ակնհայտ է՝ Ադրբեջանի ղեկավարությունն անդառնալիորեն կորցրել է ոչ միայն իրականության զգացողությունը, այլև մարդկային բոլոր նորմերը»,- ասել է նախագահը: Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էին: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը: Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս: Սերժ Սարգսյանի խոսքով, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարող Ադրբեջանի՝ նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնում. «մենք կիրականացնեք անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը»: ՀՀ նախագահը նշել է՝ թեև բոլորի համար էլ վաղուց ակնհայտ է, թե որ կողմն է հրահրում հրադադարի խախտումները, մի քանի փաստ կա․ «Տարօրինակ չէ՞ արդյոք, որ Ադրբեջանը տարիներ շարունակ համառորեն հրաժարվում է դիպուկահարներին հետ քաշելու և հրադադարի խախտումների մեխանիզմ ստեղծելու՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկից: Հարց է առաջանում՝ ինչի՞ց է վախենում Ադրբեջանը: Տարօրինակ չէ՞, որ Ադրբեջանում հյուրընկալված Եվրոպական խաղերի ընթացքում, երբ նրանց անհրաժեշտ էր կայունության պատկեր, գրեթե ոչ մի կրակոց չի հնչել սահմանին, մինչդեռ խաղերից անմիջապես հետո, դրանք լայնորեն վերսկսվեցին: Չեմ ակնկալում, որ հավատաք որևէ կողմի պնդումներին, ընդամենն ակնկալում եմ, որ ապավինեք տրամաբանությանը: Տարօրինակ չէ՞, որ 21-րդ դարում մեր հարևանն ամեն օր, առանց հոգնելու, հպարտանում է սպառազինությունների գերկուտակմամբ և ռազմական բյուջեի բազմապատկմամբ, որ համառորեն շարունակում է հանդես գալ պատերազմը վերսկսելու սպառնալիքով, ընդ որում դա անում է պետության ղեկավարի մակարդակով»: Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Խաչատրյանը, Ռոբերտ Մկրտչյանը, Հարութ Հակոբյանը և Կարեն Շահինյանը: Նախագահ Սարգսյանի խոսքով՝ այժմ բոլորի համար է ակնհայտ, թե ինչու էր Հայաստանը տարիներ շարունակ հետևողականորեն հորդորում միջազգային հանրությանը ոչ թե ընդհանրական, այլ հասցեական հայտարարություններ անել հրադադարի խախտումների վերաբերյալ․ «Մենք պետք է հասկանանք, որ խաղաղությանը և անվտանգությանը սպառնացող նախանշանները քողարկելու փորձերը կարող են աղետալի հետևանքներ ունենալ»: Անդրադառնալով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող դաժանություններին, նախագահը նշել է, որ կրոնական անհանդուրժողականությունը հանգեցրել է անդառնալի հետևանքների: Հայաստանն ամենաուղղակի կերպով է զգում տեղի ունեցող վայրագությունները, քանի որ դրանց հետևանքով ոչ միայն ոչնչացվում են հայկական հոգևոր և մշակութային ժառանգության նմուշները, այլև սպանվում և փախստական են դառնում Իրաքում և Սիրիայում բնակվող բազմաթիվ հայեր: «Սիրիացի ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում դժվարությունները կիսում է նաև դարերով այդ տարածքներում ապրող հայությունը: Մենք մեր ուժերի ներածին չափով փորձում ենք օժանդակել փախստականներին. մինչ օրս Հայաստանն ընդունել է ավելի քան 16 հազար փախստական Սիրիայից: Նրանց ընդունման թվով Հայաստանն առաջիններից մեկն է Եվրոպայում: Հայերը լավ գիտեն փախստականի տարագիր ճակատագիրը: Հայոց ցեղասպանության զոհերի թիվն անհամեմատ մեծ կլիներ, իսկ վերապրածների ճակատագիրը` շատ ավելի դաժան, եթե այդ ծանր շրջանում մեր ժողովրդի կողքին չկանգնեին մեր բարեկամ երկրները: Այսօր հարկ է արժանին մատուցել Գերմանիային, Շվեդիային և մյուս երկրներին՝ ցուցաբերվող մարդասիրության համար: Ապաստան տալով հարյուր հազարավոր փախստականների՝ նրանք վերահաստատեցին, որ օգնությունը պարտադիր է թե՛ իրավական, թե՛ մարդասիրական տեսանկյունից»,- ասել է նա: Անդրադառնալով միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը, նախագահը նշել է, որ միասնական գործողությունների արդյունքում հնարավոր դարձավ հարթել «միջազգային նշանակության կնճռոտ խնդիրներից մեկը»: «Շրջադարձային այդ պայմանավորվածությունն անխոս նպաստելու է համաշխարհային մակարդակով ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ու փոխադարձ վստահության ամրապնդմանը, ինչը հնարավոր եղավ երկարատև ու հետևողական քաղաքական և դիվանագիտական ջանքերի շնորհիվ։ Այս ամենը վկայում է, որ համապատասխան կամքի առկայության, հակասությունների հարթեցման և համագործակցային ոգու շեշտադրման պարագայում իսկապես կարելի է բարդագույն խնդիրների համար լուծումներ գտնել: Այս ամբիոնից ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել դիվանագիտական ջանքերի կիրառման կարևորությունը՝ հատկապես փակ սահմանների բացառման նպատակով»,- ընդգծել է նախագահը: Նրա խոսքով, Հայաստանը, որի հարևանները անօրինական շրջափակում են իրականացնում, անթույլատրելի է համարում 21-րդ դարում միջմշակութային, մարդկային շփումները խաթարող և առևտրային կապերի համար արհեստական խոչընդոտներ ստեղծող անհեռատես քաղաքականությունը: «Այս համատեքստում կարևորում ենք դեպի ծով ելք չունեցող զարգացող երկների հարցերով ՄԱԿ-ի համաժողովների պարբերաբար անցկացումը: Մենք պատրաստակամ ենք ներդնելու մեր ջանքերը այս գործում, այդ թվում նաև թեմայի շուրջ միջանկյալ աշխատաժողովներ հյուրընկալելով մեր երկրում»: Ավարտելով խոսքը՝ Սերժ Սարգսյանը միացել է բոլոր այն ելույթ ունեցողներին, ովքեր միահամուռ պայքարի կոչ են անում «ընդդեմ խավարի, վանդալիզմի և ատելության»: Ըստ նրա՝ այս պայքարում չկան մեծ և փոքր երկրներ, յուրաքանչյուրն ունի իր դերը, և Հայաստանը պատրաստ է իր մասնակցությունը բերել ընդհանուր պայքարին: Կարդացեք նաև՝ ՀՀ նախագահը` Նյու-Յորքում. Կարևոր է Իտալիայի և Շվեդիայի հավասարակշիռ մոտեցումը ԼՂՀ կարգավորմանը ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |