Սերժ Սարգսյան. Սահմանին թույլ արտահայտված պատերազմ է ընթանում 4 հոկտեմբերի 2015 - 17:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի վերջին օրը` հոկտեմբերի 1-ին, Վաշինգտոնում մասնակցել էր «Քարնեգի» հիմնադրամի կողմից կազմակերպված` «առանց հղումների» ձևաչափով քննարկմանը: Panorama.am-ը «Քարնեգի» հիմնադրամից և ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել է հանդիպման ձայնագրությունը` դրա սղագրության հրապարակման թուլտվությամբ: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, Սարգսյանը, մասնավորապես, ընդգծել է, որ թեև Բաքուն խնդիրը ներկայացնում է իբրև Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ, Հայաստանը երբեք որևէ տարածքային հավակնություն չի ունեցել Ադրբեջանի հանդեպ: «Ավելին՝ մենք ճանաչում ենք Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որի մաս Լեռնային Ղարաբաղը երբեք չի կազմել: Սրանք իմ տեսակետները չեն, սրանք պատմական փաստեր են, հետաքրքրվողները կարող են ուսումնասիրել և համոզվել դրանցում», - նշել է նա: ՀՀ նախագահը հայտարարել է, որ ադրբեջանական իշխանությունների պատկերացումների և քաղաքակիրթ աշխարհում ընդունված նորմերի միջև հսկայական անդունդ է: «Եթե քաղաքակիրթ աշխարհում որևէ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման համար ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ, ապա Ադրբեջանը, իր նավթային եկամուտներից կուրացած, ամեն կերպ սեփական պատկերացումները փորձում է պարտադրել ոչ միայն Լեռնային Ղարաբաղին ու Հայաստանին, այլև միջնորդ երկրներին: Ահավասիկ՝ Շոտլանդիայի օրինակը. Մեծ Բրիտանիան Շոտլանդիային ընձեռում է ինքնորոշվելու իրավունք, այսինքն՝ որքան էլ թանկ է իր համար սեփական տարածքային ամբողջականությունը, Շոտլանդիայի ժողովրդին ինքնորշվելու և իր ճակատագիրը տնօրինելու իրավունք է տալիս. բայց չգիտես ինչու մտահոգված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ: Զավեշտ է, բայց փաստ», - ասել է Սարգսյանը: Իր ելույթում նախագահն ընդգծել է նաև, որ վերջին երկու տարիներին Ադրբեջանի սադրիչ գործողությունները արձանագրել են լարվածության աննախադեպ աճ: «Ավելին՝ այսօր Ադրբեջանը ձեռնամուխ է եղել խոշոր տրամաչափի զենքերից հրետակոծությանը, որին զոհ է գնում խաղաղ բնակչությունը: Չեմ կարող թաքցնել, որ սահմանին թույլ արտահայտված պատերազմ է ընթանում. դա բոլորդ եք տեսնում», - ընդգծել է նա։ Վերջին շրջանում իրավիճակը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է: Սեպտեմբերի 24-ին Տավուշի մարզի հայկական գյուղերի հրետակոծության արդյունքում զոհվել է երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էր: Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ թիկունքային զորամասը, որի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորվել 16-ը: Ի պատասխան այդ գործողություններին հայկական բանակը սպառնաց աանհրաժեշտության դեպքում հրթիռահրետանային հարվածներ հասցնել Ադրբեջանի ցանկացած դիրքերին: Սերժ Սարգսյանն էլ հայտարարեց, որ այլընտրանքի բացակայության դեպքում Ադրբեջանի «պատժիչ սուրը» հայկական կողմն է լինելու: «Երբ ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են», - նշել է նա: Նախագահը վստահեցրել է, որ նման իրավիճակում հայկական կողմը կստիպի Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար: Ընդհանուր առմամբ, հայկական կողմի պատասխան գործողություններում զոհվեց 20-25 ադրբեջանցի զինծառայող: Պաշտոնական Բաքուն ընդունեց զոհերի միայն մի մասը: Սարգսյանն անդրադարձել է նաև Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե «Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհի հայերն են»: «Եվ սա հայտարարում է երկրի ղեկավար, ոչ թե, ասենք, ըննդիմադիր գործիչ, ոչ թե խորհրդարանական, այլ ոչ ավել ոչ պակաս՝ երկրի նախագահը: Հենց նման հայտարարություններն են ծնում ռամիլ սաֆարովներ, որոնք հերոսացվում են սեփական երկրում քնած հայ սպային կացնահարելու համար», - ասաց Սարգսյանն, շեշտելով, որ Հայաստանը թշնամի պետություններ ու ժողովուրդներ չունի, և Ադրբեջանը բացառություն չէ։ Նախագահն ընդգծել է, որ Բաքուն ծառայեցնում է ղարաբաղյան հիմնահարցը նաև ներքաղաքական շահերին` փորձելով արդարացնել ռազմական ոլորտին ուղղվող հսկայածավալ միջոցները, մարդու իրավունքների ծայրահեղ վիճակը, սոցիալական խնդիրները: «Մի՞թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որն ավելի քան 20 տարի ընթանում է ժողովրդավարության ուղիով, կարող է ապրել ավտորիտարիզմից դեպի բռնապետություն հաստատուն քայլերով ընթացող Ադրբեջանի կազմում։ Մի՞թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որ արյան գնով տեր է եղել իր ֆիզիկական գոյության իրավունքին, կարող է նորից հայտնվել Ադրբեջանի կազմում. երկիր, որտեղ ատում են հայերին, որտեղ հայի արյուն թափողը հերոս է և ոչ մարդասպան։ Ես շատ կցանկանայի, որ Ադրբեջանը Եվրասիական տարածաշրջանում ժողովրդավարության ոլորտում ոչ թե ամենամեծ անկում, այլ վերելք արձանագրած երկիրը լիներ։ Այդ դեպքում, վստահ եմ, մենք կկարողանայինք գտնել այս հիմնահարցի լուծման բանալին և զերծ կպահեինք մեր տարածաշրջանը ևս մի կործանարար պատերազմից», - եզրափակել է Սարգսյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում |