Նախարար. ՀՀ-ն միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող է

Նախարար. ՀՀ-ն  միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող է

PanARMENIAN.Net - Չնայած ՀՀ սահմաններում հակառակորդի նախահարաձակ գործողութունները զսպելու, պատժելու հարցերին, մենք հաստատակամորեն և հետաևողական զարգացնում ենք Հայաստանի խաղաղապահ կարողությունները: Այս մասին Երևանում հոկտեմբերի 4-ին մեկնարկած «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովի բացման խոսքում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ֆորումին անդամակցում են քսաներկու պետություն, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամը: Կոմիտեն միջպետական գործակցության մարմին է, ՄԱԿ-ի խաղաղապահության գործող ռազմավարության մշակման համադասողը: Այն ֆորումի ղեկավար մարմինն է, որոշում է Ֆորումի գործունեության հիմնական ուղղությունները: Կոմիտեի աշխատանքների համակարգումն իրականացնում է միջազգային քարտուղարությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Շվեդիայում: Կոմիտեի նիստը նախորդեց հոկտեմբերի 5-ին Երևանում մեկնարկելիք «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» տարեկան համաժողովին: Կոմիտեում պետությունները ներկայացված են մեկ կամ մի քանի գերատեսչություններով, ինչպես նաև ոչ պետական կազմակերպություններով: Հայաստանի Հանրապետությանը ներկայացնում է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը:

Օհանյանի խոսքով՝ այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ցանկացած տարածաշրջանում առաջացած անկայունությունը բացասական հետևանքներ է թողնում, նոր մարտահրավերներ է առաջ քաշում ամբողջ աշխարհում: Այսպիսի իրավիճակում տարածաշրջանային հիմնախնդիրները ստանում են միջազգային կարևորություն:

Նախարարը նաև նշել է, որ Հայաստանը, լինելով միջազգային խաղաղության ջատագով, ՄԱԿ-ին անդամակցելուց ի վեր շարունակում է ավանդը ներդնել միջազգային խաղաղապահության զարգացման գործում:

«Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապությանը շարունակաբար ընդլայնվում է՝ և աշխարհագրության, և որակական և քանական իմաստով: Ներկայումս Հայաստանը հանդիսանում է միջազգային խաղաղապահությանը և անվտանգության ակտիվ ներդրող՝ այդ նպատակով օգտագործելով իր կուտակած փորձը»,- ընդգծել է Օհանյանը:

Կոմիտեի նիստին մասնակցեցին ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Գերմանիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Նորվեգիայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Հորդանանից, Եգիպտոսից, Ավստրալիայից:

Նիստին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է, ուստի, միջազգային բոլոր ջանքերը` ուղղված այդ հակամարտության կարգավորմանը, պետք է իրականացվեն այս ձևաչափի շրջանակում ու այդ մոտեցմանը համահունչ:

«ԵԱՀԿ շրջանակում մասնակից երկրները հանձնառություն են ստացել առկա հակամարտությունը կարգավորել համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում խաղաղ ու բանակցային ճանապարհով: Բազմաթիվ առիթներով Մինսկի խմբի համանախագահների կողմից հայտարարվել է, որ անվտագության միջազգային երաշխիքները, ներառյալ` խաղաղապահ գործողությունը, ԼՂ հիմնահարցի կարգավորման հիմնարար տարրերից են: Մինսկի խմբի համանախագահներին աջակցում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ղեկավարած թիմը, որը հակամարտության գոտում դիտարկում է հրադադարի ռեժիմի պահպանումը: Այս առաքելության կարողությունների ամրապնդումը կարող է նպաստավոր լինել տարածաշրջանում կայունության ամրապնդման տեսանկյունից», - ասել է ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝Միջնորդների կողմից առաջարկված փոխվստահության և անվտանգության միջոցառումների ներդրումը, մասնավորապես, հրադադարի ռեժիմի խախտումների ու միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը կարող է գործուն մեխանիզմ հանդիսանալ, ինչը ԵԱՀԿ համանախագահներն սեպտեմբերի 28-ին ևս մեկ անգամ հաստատեցին այս ուղղությամբ իրենց առաջարկը:

Նիստին գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը ներկայացրել է Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունները, Ինստիտուտի կերպափոխմամբ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման գործընթացը, ինչպես նաև խաղաղապահական գործողությունների բնագավառում ՀՀ հիմնական ձեռքբերումները:

Կոմիտեն քննարկել է միջազգային խաղաղապահության ոլորտի հիմնախնդիրները, դրանց լուծման ուղիները, «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» անցած տարվա գործունեության արդյունքները: Նախանշվեցին նաև առաջիկա տարվա համար Ֆորումի աշխատանքի հիմնական ուղղությունները:

Հոկտեմբերի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Բաղրամյան» զորավարժարանում լրագրողներին ասել է, որ ՀԱՊԿ կոլեկտիվ խաղաղապահ ուժերը պետք է պատրաստ լինեն հնարավոր խաղաղարար օպերացիաներին աշխարհի «թեժ կետերում»: «Իրավիճակն այսօր սրվել է բոլոր ուղղություններով: Աշխարհի բոլոր «թեժ կետերում», որոնք գոյություն ունեն, այսօր ակնհայտ երևում է, որ հարկավոր է կիրառել խաղաղապահ ուժեր: Այդ իսկ պատճառով կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կողմից պրակտիկ ռազմական գործողությունների մշակումը նախապատրաստում է հնարավոր օպերացիաների»,- ասել է Բորդյուժան՝ հավելելով, թե չի կարծում, որ դրանք կլինեն, բայց անհրաժեշտ է միշտ պատրաստ լինել խաղաղապահ ուժերի կիրառմանը:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 1-ին ելույթ է ունեցել «ԵԱՀԿ խաղաղությանն ուղղված գործողություններին» նվիրված նախարարական միջոցառմանը՝ հայտարարելով, որ Խաղաղապահությունը ԼՂ կարգավորման հիմնարար տարրերից է: Ըստ Նալբանդյանի՝ քաղաքական լուծումները պետք է որոշեն և ուղղորդեն խաղաղապահ գործողությունների ձևաչափը և հնարավոր տեղակայումը: Բազմաթիվ առիթներով Մինսկի խմբի համանախագահների կողմից, այդ թվում` համանախագահ երկրների նախագահների մակարդակով, հայտարարվել է, որ անվտանգության միջազգային երաշխիքները՝ ներառյալ խաղաղապահ գործողությունները, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնարար տարրերից են: Դրա նպատակը՝ հակամարտության քաղաքական կարգավորման պարագայում զինված ուժերի բաժանումն է և խաղաղության պահպանումը: ԱԳ նախարարի խոսքով՝ ոչ մի այլ մանդատ կամ բաղադրիչ, ներառյալ` ոստիկանական գործունեություն, այս դեպքում նախատեսված չէ:

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր մտցնելու անհրաժեշտություն այս պահին չկա։ «Մենք ինքներս էլ կարող ենք զսպել սադրանքները, որոնց ամեն օր դիմում է Ադրբեջանը», - ասել է նա:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը խոսել էր Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հնարավորության վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթի՝ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների հայտնվելու մասին պարբերաբար տարածվող խոսակցթյունների վերաբերյալ հարցմանն ի պատասխան նա հայրարարել է, թե ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ համանախագահ և հարևան երկրները չպետք է ներգրավվեն միջազգային խաղաղապահ ուժերի կազմում: «Մեր պատկերացմամբ կողմերը համակարծիք են այս հացում, և թեման արդեն իսկ քննարկվել է», - ասել է նա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---