Բերդում խաղողի մթերման խնդիրը լուծվել է. Գործարանը ռեկորդային՝ 5.000 տ բերք է ընդունել![]() 10 հոկտեմբերի 2015 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Բերդի Պառավաքար, Տավուշ գյուղերի բնակիչների խաղողի բերքի ընդունման հարցը լուծվել է: Պառավաքարի և Տավուշի գյուղապետեր Ռոլանդ Մարգարյանը և Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ այն լուծվեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի միջամտությունից հետո: Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղում բոլոր տարաները լցված են եղել, խաղող ընդունելու հնարավորություններ չկային: Տավուշ համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 8-ին Արծվաբերդի, Չինարիի, Այգեձորի, Տավուշի, Պառավաքարի խաղողագործները մինչև գիշերվա ժամը 1-ը Բերդ քաղաքում խաղող են հանձնել: Բերդի մասնաճյուղի տնօրեն Գարիկ Վարդանյանը հայտնել է, որ 320 տոննա հումք են տեղափոխել գործարանի Այգավանի մասնաճյուղ, որ կարողացել են վերսկսել խաղողի ընդունումը, գրում է Aravot.am-ը: Նրա խոսքով՝ շահագրգիռ էին Բերդի տարածաշրջանի խաղողի ամբողջ բերքը մթերելու: Վարդանյանը նաև նշել է, որ ըստ խաղողագործների հետ կնքված պայմանագրերի ՝իրենք պետք է ընդունեին 4.100 տոննա խաղող, սակայն ընդունել են իրենց համար ռեկորդային քանակության՝ 5.078 տոննա խաղող: Նրա խոսքով՝ Բերդի տարածաշրջանում խաղողի ամբողջ բերքն արդեն հավաքված է: Բերդի մասնաճյուղում խաղողի դիմաց գումարը փոխանցվում է 3 օրվա ընթացքում: Սեպտեմբերի 18-ին Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ փակել էին Արմավիր-Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով, որպեսզի գյուղնախարար Սերգո Կարապետյանը պարզաբանի, թե ինչու գործարանները չեն սկսել խաղողի մթերումը։ Նմանատիպ խնդիր կար նաև Արարատի մարզում. նույն օրը մի շարք համայնքների բնակիչներ փակել էին Արարատ-Երևան ճանապարհը: Այն բացվել է միայն նախարարի այցից հետո: Կարապետյանը գյուղացիներին փոխանցել է, որ հորդորել է գործարանների տնօրինությանը` մթերել գյուղացու արտադրած ամբողջ խաղողը: Արարատի մարզում որոշ գյուղերի բնակիչներ սեպտեմբերի 28-ին դարձյալ բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով լուծում տալ խաղողի մթերման հարցին: Նրանք փակել էին ճանապարհը՝ դժգոհելով, որ մթերող կազմակերպություններն իրենց բերքն ամբողջությամբ չեն մթերում: Նույն օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ կրկին այցելել էր Արարատի մարզ, եղել տեղի մթերող կազմակերպություններում, հանդիպել խաղողագործների հետ՝ ծանոթացել մթերման աշխատանքների ընթացքին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության սեպտեմբերի 25-ի նիստին հայտարարել է, որ Կառավարությունը պատրաստ է աջակցել հանրապետությունում խաղողի մթերման հարցում: «Խնդրում եմ իրականացնել ամենօրյա հետևողական աշխատանք և եթե հարց լինի՝ մենք պատրաստ ենք աջակցել», - ասել է Կառավարության ղեկավարը: Խաղողի մթերման գործընթացը վերահսկվում է վարչապետի վերահսկողական ծառայության կողմից: Նիստին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են. աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 7-ից: Կարապետյանի խոսքով՝ խաղողի մթերման հարցում կան որոշակի դժվարություններ: Հասկանալի պատճառներով, գինեգործարանները հիմնականում չեն կարողացել ֆինանսական հոսքեր ապահովել, որոնք նախատեսված էր տարեսկզբին՝ կապված արտահանումների ծավալների կրճատման հետ: Նախարարը նշել է, որ որոշ կազմակերպություններում տարաները լիքն են, սակայն բոլորի կողմից կա այն մոտեցումը, որ խաղողը պետք է մթերվի ամբողջապես, և դաշտում խաղող չի մնալու: Կարապետյանի տվյալներով՝ այսօրվա դրությամբ մթերվել է 80 հազար տոննա խաղող, 2014-ից մոտավորապես 20 հազար տոննա պակաս: Մթերողների թիվն ավելանում է, սական նախարարը համոզված է՝ թեկուզ եղած դժվարություններով հանդերձ մթերումները նորմալ են անցկացնելու: Ըստ ՀՀ կառավարության մամուլի ծառայության սեպտեմբերի 28-ին տարածած հաղորդագրության՝ հանրապետությունում խաղողի բերքը պատշաճ և ժամանակին մթերելու գործընթացը շարունակում է գտնվել վարչապետի անմիջական ուշադրության կենտրոնում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |