ԶԼՄ-ներ. Սիրիական բանակն Իրանի աջակցությամբ լայնածավալ հարձակման է պատրաստվում Հալեպի ուղղությամբ

ԶԼՄ-ներ. Սիրիական բանակն Իրանի աջակցությամբ լայնածավալ հարձակման է պատրաստվում Հալեպի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակն Իրանի, շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության և ռուսական ավիացիայի աջակցությամբ լայնածավալ հարձակման է պատրաստվում Հալեպի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը Սիրիայի կառավարությանը մոտ իրազեկ աղբյուրների վրա հղումով:

Հարձակումը գրոհայինների դեմ Համա գավառում իրականացված գործողության շարունակությունը կդառնա: «Այդ շրջանում լայնածավալ գրոհ է նախապատրաստվում: Գործարկված են լուրջ ուժեր` սիրիական բանակը, «Հեզբոլլահի» էլիտար մարտիկներն ու հազարավոր իրանցիներ, որոնք վերջերս են այդտեղ տեղափոխվել»,-պատմել է աղբյուրը: Երկրորդ աղբյուրը հավելել է, որ Հալեպում մարտեր սկսելու որոշումն արդեն կայացված է, ընդ որում, ըստ նրա, շեշտը դրվում է Իրանի ստորաբաժանումների վրա:

Հոկտեմբերի 8-ին Հալեպի մատույցներում զոհվեց իրանցի գեներալ Հոսեյն Համեդանին, որն օգնում էր Բաշար Ասադի զորքերին ռազմական գործողություններ կազմակերպել «Իսլամական պետության» դեմ:

Այժմ սիրիական բանակը վերահսկում է Հալեպի արևմտյան մասը, քաղաքի մյուս մասը տարբեր խմբավորումների գրոհայիններն են վերահսկում: Հալեպից դեպի հյուսիս ընկած հատվածում չափավոր ընդդիմությանը ճնշում է ԻՊ-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի կառավարական զորքերը հուժկու հարվածներ են հասցրել ահաբեկիչներին Հալեպի գավառի Քուվեյրիս օդանավակայանի շրջակայքում: Այս մասին լրագրողներին է հայտնել Սիրիայի ԶՈւ ներկայացուցիչ, գեներալ Ալի Մայհուբը: Իսկ Համա և Լաթաքիա գավառներում հաջողվել է վերահսկողություն հաստատել մեկ տասնյակից ավելի գյուղերում, մեկ գյուղաքաղաքում և մեկ շրջանում:

Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---