ՄԻԵԴ դատավորներ. Հերքել Հայոց ցեղասպանությունը կնշանակի հերքել ակնհայտը20 հոկտեմբերի 2015 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի կողմից «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վերջնական վճռի վերաբերյալ ՄԻԵԴ մի շարք դատավորներ, ներառյալ ՄԻԵԴ նախագահ Դին Շպիլմանը, համատեղ կարծիք են ներկայացրել: Դատավճռին «դեմ» քվեարկած յոթ դատավորները փաստաթղթում մասնավորապես գրել են. «Այն, որ հայերի կոտորածները և տեղահանությունը ցեղասպանություն է եղել, կասկածից վեր է: Հայոց ցեղասպանությունը հստակ և հաստատված պատմական փաստ է: Սա հերքելը կնշանակի հերքել ակնհայտը: Բայց սա չէ այս գործի հիմնական հարցը»: «Այս գործը պատմական ճշմարտության կամ 1915-ի իրադարձությունների իրավական գնահատական տալու մասին չէ: Իրական խնդիրը այս գործում այն է, թե արդյոք պետությունները… կարող են քրեորեն հետապնդելի արարք դարձնել ցեղասպանություն վերապրած առանձին ժողովրդի հիշողությունը վիրավորելը: Մեր կարծիքով, սա իրոք հնարավոր է», ասվում է փաստաթղթում: «Մեր անհամաձայնությունը վճռի հետ վերաբերում է մեծամասնության կողմից դիմումատուի հայտարարություններին տրված մեկնաբանություններին: Այդ չարաբաստիկ հայտարարությունների և դրանց հետևանքների նշանակությունը այս դատավճռի շրջանակներում շարունակաբար նվազեցվում էր», - պնդել են ՄԻԵԴ դատավորները իրենց համապարփակ զեկույցում, հայտնում է Panorama.am-ը: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հոկտեմբերի 15-ին որոշում ընդունեց «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով: Դատարանը եզրակացրել է, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի՝ ազատ խոսքի իրավունքը: Եվրոպական դատարանը Փերինչեքի գործով վճիչը կայացրել է դատավորների 10 կողմ և 7 դեմ ձայնի հարաբերակցությամբ: «Ժողովրդավար հասարակությունում հայկական համայնքի շահերը պաշտպանելու համար Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկել անհրաժեշտ չէր», - ասվում է որոշման մեջ: «Անհերքելի է, որ Փերինչեքի պատիժն ու դատապարտումը և Շվեյցարիայի հայկական ասոցիացիային հատուցում վճարելու որոշումը նրա ազատ կամարտահայտման իրավունքի խախտում էր», - նշվում է վճռում: Որոշումը վերջնական է ու ենթակա չէ վերանայման: Թուրք ազգայնական քաղաքական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը 2005-ի մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայում մասնակցելով տարբեր կոնֆերանսների ժխտել էր 1915-ին և դրանից հետո Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության պատմական փաստը:Մասնավորապես, իր ելույթներում Փերինչեքը Հայոց ցեղասպանությունն անվանել է «միջազգային սուտ»: 2007-ի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական, «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: Շվեյցարիայի դատարանների դատավճիռներում նշված է, որ Հայոց ցեղասպանությունը, ինչպես հրեաների Հոլոքոստը, ապացուցված պատմական փաստ է, որը ճանաչված է երկրի օրենսդիր մարմնի կողմից: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |