ԵՄ առաջնորդներն արտահերթ կհանդիպեն փախստականների հարցով![]() 21 հոկտեմբերի 2015 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Եվրամիության անդամ երկրների ղեկավարների արտահերթ հանդիպում է հրավիրել հոկտեմբերի 25-ին: Այդ մասին հայտնել է ԵՀ մամուլի ծառայությունը: «ԵՄ առաջնորդներից ոմանց հետ խոսակցությունից հետո Եվրահանձնաժողովի նախագահը որոշում է կայացրել հոկտեմբերի 25-ին անդամ երկրների ղեկավարների արտահերթ հանդիպում հրավիրելու մասին, որի ընթացքում կքննարկվի փախստականների հարցը և նրանց հոսքը Եվրոպա արևմտյան Բալկանների երթուղիով»,-ասվում է ԵՀ հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ինչպես ասվում է ԵՀ կոմյունիկեում, միջոցառմանը կմասնակցեն ԵՄ անդամ երկրների առաջնորդներ, ինչպես նաև այն բալկանյան երկրների ղեկավարները, որոնց տարածքով փախստականներն անցնում են ԵՄ: Արդեն հայտնի է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կմասնակցի հանդիպմանը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: «Հոկտեմբերի 25-ին կանցլերը կմասնակցի Բրյուսելում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպմանը»,-ասել է Զայբերտը Բերլինում: Գերմանական ԶԼՄ-ներն իրենց հերթին գրում են, որ Յունկերը հանդիպումը հրավիրել է Մերկելի նախաձեռնությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հանդիպմանը կմասնակցեն Ավստրիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Մակեդոնիայի, Գերմանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Ռումինիայի, Սերբիայի և Սլովենիայի ղեկավարները: Հրավիրված է նաև Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ԵՄ-ում նախագահող Լյուքսեմբուրգը և փախստականների գծով ՄԱԿ գերագույն հանձնակատարը: ՄԱԿ տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին: Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արտահաերթ խորհրդակցությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Բրյուսելում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |