ՀՀ-ում առաջին անգամ ցմահ դատապարտյալն ազատ է արձակվել. Պատճառը հիվանդությունն է

ՀՀ-ում առաջին անգամ ցմահ դատապարտյալն ազատ է արձակվել. Պատճառը հիվանդությունն է

PanARMENIAN.Net - Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 22-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ որոշել է հիվանդության պատճառով ազատ արձակել ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին: Սա ՀՀ-ում ցմահ դատապարտյալի ազատ արձակման առաջին դեպքն է:

Այսպիսով, դատարանը բավարարել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության միջնորդությունը` հիվանդության պատճառով Քոչարյանին ազատ արձակելու մասին, գրում է Panorama.am-ը:

Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի նախագահը դատարանում հավաստել է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ներկայացրած բժշկական փաստաթղթեր համաձայն, Քոչարյանը ունի մի քանի հիվանդություններ, որոնք, իսկապես, անհամատեղելի են պատժի հետագա կրման հետ: Դատախազը չառարկեց միջնորդությանը և ասաց, որ այն ենթակա է բավարարման:

2015-ի հոկտեմբերի 8-ի նիստում միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ դրական եզրակացություն էր տվել. եզրակացությունն ուղարկվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Սողոմոն Քոչարյանը 20 տարի է` անազատության մեջ է, պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ է, հետախույզ է, 1995-ին մահապատժի է դատապարտվել՝ Հայաստանում Իրանի քաղաքացի Փուր Միրզա-Բեկի սպանության համար: 2003-ին ՀՀ նախագահի հրամանագրով այդ դատավճիռները փոխարինվել են ցմահ ազատազրկմամբ։ Տառապում է սրտի իշհեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշհեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անևրիզմա, կանգային թոքաբորբ: Կառավարության համապատասխան որոշմամբ նման հիվանդությունների դեպքում դատապարտյալը ենթակա է պատժից ազատման:

2003-ին Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է Քրեական oրենսգրքի նոր նախագիծ, ըստ որի երկրում վերացել է մահապատիժը: Նոր Քրեական օրենսգրքում, որը ուժի մեջ է մտել 2003-ի օգոստոսի 1-ից, պատժի առավելագույն չափ է սահմանվում ցմահ բանտարկությունը: Դրանից առաջ ՀՀ-ում մահապատիժ չի իրականացվել:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---