Երևանում ժողովրդական երգերի կատարող Հայրիկ Մուրադյանի անվան փողոց կլինի

Երևանում ժողովրդական երգերի կատարող Հայրիկ Մուրադյանի անվան փողոց կլինի

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցն անվանակոչվելու է հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի անվամբ։ Որոշումն ընդունվելու է Երևանի քաղաքապետարանի ավագանու հոկտեմբերի 28-ի նիստում:

Մուրադյանի անվամբ Երևան քաղաքում փողոց անվանակոչելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել «Հայրիկ Մուրադյան» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Դելլալյանի կողմից, գրում է Panorama.am-ը:

Հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանը ծնվել է 1905-ի մայիսի 3-ին Վանի նահանգի Շատախի շրջանի Ջնուկ գյուղում: Սովորել է Վանի դպրոցում։ 1921-ին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Վերին Արտաշատում։ Ավարտել է միջնակարգ դպրոցը, ապա և Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։

Հայրենական պատերազմի տարիներին Մուրադյանը մեկնել է ռազմաճակատ՝ պաշտպանելու հայրենիքը։ Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի շքանշանով», «Պատվո նշանով» և երեք մարտական մեդալով: Մուրադյանը մասնագիտությամբ եղել է պատմաբան և շատ արժեքավոր աշխատությունների հեղինակ: Սակայն առավել հայտնի է դարձել` որպես հին հայկական ժողովրդական երգերի կատարող: Ձայնագրվել է Հայաստանի Ազգային ռադիոյում: Բազմաթիվ հայկական հայտնի ֆիլմերում հնչել է նրա ձայնը:

Մուրադյանի և իր դուստր Մարոյի ջանքերով 1980-ին հիմնադրվել է «Ակունք» ազգագրական համույթը (Ռադիոյի և հեռուստատեսության Պետական կոմիտե), որը հետագայում մեծ ճանաչում ստացավ հանրապետությունում և նրա սահմաններից դուրս և «Վան» ազգագրական համույթը (Պոլիտեխնիկական ինստիտուտ)։ Նա եղել է «Ակունք» ազգագրական համույթի ոգեշնչողն ու խորհրդատուն, որը հետագայում գլխավորել է նրա դուստրը` Մարո Մուրադյանը:

Ստեղծել և գլխավորել է բազմաթիվ ազգագրական ուսանողական և մանկական համույթներ, որոնցից ամենահայտնին «Հայրիկ Մուրադյան ազգագրական երգի ու պարի համույթն» է եղել: Մուրադյանի կատարած ժողովրդական երգերը հուզական յուրահատուկ գունավորում են տվել «Հայֆիլմի» նկարահանած «Երգ Հայրենի» (1972), «Պետրոս Դուրյան» (1973), «Վասպուրականի պարեր» (1973) վավերագրական ֆիլմերին։ Նրա կատարման ձայնագրություններով է ձևավորվել Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի՝ Վիլյամ Սարոյանի «Խաղողի այգին» ներկայացումը (1971)։ Նրա երգած երգերից երկուսը տեղ են գտել Փարիզում (1971) լույս տեսած «Աշխարհի ժողովուրդների ֆոլկլորը» ծրագրված շարքի չորս ձայնասկավառակներից առաջինում՝ Հայաստան բաժնում։

Մուրադյանը ձայնագրվել է մոտ 200 երգ՝ ՀՀ ազգային ռադիոյի ձայնադարանում, «Հայրենի երգեր» ժողովածուում (1980) և այլն։ Հայրիկ Մուրադյանը մահացել է 1999-ի դեկտեմբերի 23-ին Երևանում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---