Կործանված А321-ի «սև արկղի» առաջին տվյալներում «արտաքին ազդեցության» մասին խոսք չկա![]() 2 նոյեմբերի 2015 - 16:47 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Քննչական կոմիտեն դիտարկում է Եգիպտոսում А321-ի կործանման բոլոր հնարավոր վարկածները, սակայն առաջնայինների մասին խոսելը դեռ վաղ է, քանի դեռ չի ավարտվել ինքնագրիչների վերծանումը, բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՔԿ նախագահ Վլադիմիր Մարկինը: Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, որը դուրս է եկել Եգիպտոսից Մոսկվայի ժամանակով 6.21-ին, 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Աղետի հնարավոր պատճառների թվում նշվում են նաև տեխնիկական անսարքությունները»: «Վարկածները, որ այսօր արդեն առաջ են քաշում տարբեր աղբյուրներ, կարող են հիմնված լինել միայն ենթադրությունների և եզրահանգումների վրա, ոչ թե օբյեկտիվ պատկերի: Իսկ քննչական կոմիտեն ղեկավարվել է միայն փաստերով և օբյեկտիվ տվյալներով»,- հայտարարել է Մարկինը, հայտնում է «Ռոսբալտը»: Նոյեմբերի 2-ին Պետերբուրգ է հասցվել 130 զոհվածի դի և մարմինների ավելի քան 40 հատված: Հարազատներից վերցվել են ԴՆԹ նմուշներ, սկսվել են դատաբժշկական փորձաքննությունները: Ստացվել են կործանված А321-ի «սև արկղի» առաջին տվյալները, հայտնել է Reuters-ը հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրների վրա հղումով: Նշվում է, որ ինքնաթիռի անձնակազմն աղետի ազդանշան չի ուղարկել: Եգիպտոսում միջադեպի հետաքննության նպատակով ստեղծված հանձնաժողովից աղբյուրը հայտնել է, թե վերծանված տվյալները վկայում են, որ ինքնաթիռն արտաքին ազդեցության չի ենթարկվել, հայտնում է Gazeta.ru-ն: Մինչդեռ «Կոգալիմավիա» ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ ինքնաթիռը չէր կարող մասերի բաժանվել օդում. ըստ ընկերության, դա արտաքին ազդեցության հետևանք է: «Չի կարող լինել համակարգի այնպիսի խափանում, կամ խափանումների համադրություն, որը կարող է հանգեցնել նրան, որ ինքնաթիռը մասերի բաժանվի օդում»,-ասել է ճեպազրույցում ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանրդ Սմիրնովը: Սմիրնովն ասել է, որ Airbus-ը չի կարող մասնատվել օդում նույնիսկ գերբարձր ծանրաբեռնման դեպքում, քանի որ ավտոմատ համակարգը թույլ չէր տա օդաչուներին կտրուկ մանևրներ կատարել: Նա բացառել է նաև օդաչուների սխալը: «Ուստի միակ հնարավոր պատճառը զուտ ֆիզիկական, մեխանիկական ազդեցությունն է ինքնաթիռի վրա»,- ասել է նա, հայտնում է BBC-ին: Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթն իր աղբյուրների վրա հղումով վարկած էր առաջ քաշել, որ աղետը տեղի է ունեցել սալոնի կտրուկ ապահերմետիզացման հետևանքով: Մասնագետներն ուշադրություն են դարձել այն փաստին, որ օդանավի բեկորները սփռված են մոտ 8.000 կմ տարածության վրա: Ավելի վաղ վարկածներ եղան նաև ուղևորատար բաժնում պայթյունի, շարժիչի անսարքության, հնացած ֆյուզելյաժի մասին: А321-ի աղետից հետո գործնականում դադարել է զբոսաշրջային փաթեթների վաճառքը Եգիպտոս, հայտարարել է Զբոսաշրջության ռուսական միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան: Ավիաընկերություններն իրենց հերթին խուսափում են հատել օդային տարածքը Սինայի թերակղզու հատվածում: Emirates-ը, Air Arabia-ն և Flydubai-ն արդեն չեղյալ են հայտարարել այդ ուղղությամբ չվերթները: Ավելի վաղ դա արել էին եվրոպական Air France-KLM և Lufthansa-ն: Մինչդեռ, ինչպես հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը, Եգիպտոսի ավիացիոն իշխանությունները 9 ժամով հետաձգել են «Ուրալյան ավիաուղիների» Airbus 321-ի թռիչքը Խուրգադայից Պերմ: Ավելի վաղ Պերմի ԶԼՄ-ները հայտնել էին, որ Խուրգադայի ծառայությունները շրջափակել են ինքնաթիռը և թույլ չեն տալիս թռիչքը տեխնիկական անսարքության պատճառով: Photo: Ria.ru Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |