ԼՂՀ զինվորներին վճարվող ապահովագրության գումարը կբարձրացվի

ԼՂՀ զինվորներին վճարվող ապահովագրության գումարը կբարձրացվի

PanARMENIAN.Net - ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ` նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության հերթական նիստը: Գործադիր մարմինը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ:

Կառավարության որոշմամբ՝ բարձրացվելու են զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին վճարվող պարտադիր պետական ապահովագրական գումարների չափերը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, ինչպես նաև մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքում առաջարկվում է վճարել 2.000.000 դրամ՝ 910.000 դրամի փոխարեն, իսկ ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում վճարել 1.000.000 դրամ՝ 455.000 դրամի փոխարեն: Միաժամանակ վերանայվել են 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամ զինծառայողներին վճարվող գումարների չափերը:

Կառավարության ղեկավարը, խոսելով այս օրերին մշակվող՝ 2016-ի բյուջեի նախագծի հիմնական սկզբունքների մասին, մասնավորապես, ասել է.

«Պետբյուջեի ծախսային մասը 2016-ին լինելու է մոտ 87 միլիարդ դրամի սահմաններում, ինչը նշանակում է, որ ծախսերի ավելացում չենք նախատեսում: Նվազագույն աշխատավարձի և թոշակների բարձրացում ևս չի նախատեսվում: Ինչ վերաբերում է հաստիքների կրճատումներին, ապա պետք է հասկանալ, որ բյուջետային ծախսերն աշխատատեղեր ապահովելու համար չեն, այլ՝ պետության առջև դրված խնդիրներն իրականացնելու համար»:

Նրա խոսքով՝ բյուջեի գլխավոր ուղղվածությունը տնտեսության զարգացումը խթանելն է լինելու: Դրա միջոցով նոր աշխատատեղեր են ստեղծվելու հանրապետությունում, և հնարավոր է լինելու կրճատված պետաշխատողներին աշխատանքով ապահովել:

Փոփոխություններ են առաջարկվել «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ԼՂՀ օրենքներում: «Լիցենզավորման մասին» օրենքում նախատեսված են տրանսպորտի բնագավառի 4 տեսակի լիցենզիաներ, դրանցից երկուսը՝ երկաթուղային տրանսպորտի գործունեության և ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիաները, օրինագծերով առաջարկվում է հանել, քանի որ Արցախի Հանրապետությունում բացակայում է երկաթուղային տրանսպորտը՝ որպես տրանսպորտային միասնական համակարգի բաղկացուցիչ մաս:

Փոփոխության այդ առաջարկով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ առաջարկել նաև «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում:

Կառավարության անդամների քննարկմանն է ներկայացվել նաև «Անասնաբուժության մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Արցախի սանիտարական ոլորտի օրենսդրությանն անասնաբուժությունը համապատասխանեցնելու պահանջով: Օրինագծով առաջարկվում է հանրապետությունում ներդնել անասնաբուժության բնագավառի միջազգայնորեն ընդունված և կիրառվող պահանջները, որոնք անմիջականորեն կնպաստեն անասնաբուժական գործունեության կազմակերպմանը և իրականացմանը, նյութատեխնիկական և մասնագիտական կատարելագործմանը, հանրապետությունում կենդանիների առողջության պահպանման և անասնահամաճարակային կայուն իրավիճակի ապահովմանը:

Գործադիրի հավանությանն արժանացած օրինագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Աշխատանքի պետական տեսչության մասին» ԼՂՀ օրենքը, ինչի արդյունքում դադարելու է գործել աշխատանքի պետական տեսչությունը՝ որպես աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմին: Այդ առաջարկով պայմանավորված՝ որոշ փոփոխություններ են առաջարկվել նաև առնչվող այլ օրենքներում:

Կառավարության անդամների քննարկմանն է ներկայացվել Արցախի քաղաքացիական օրենսգրքի նախագիծը: Ըստ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագիրը կենսագործելու, «ԼՂՀ իրավական և դատական բարեփոխումների 2013-2017 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» նախագահի կարգադրության դրույթներն իրականացնելու և Արցախի Հանրապետության սեփական քաղաքացիական օրենսգիրք ունենալու օբյեկտիվ անհրաժեշտությամբ:

Կառավարության հավանությամբ՝ փոփոխություններ և լրացումներ են առաջարկվել «Փաստաբանության մասին» ԼՂՀ օրենքում: Օրինագծի ընդունումից հետո՝ 2016-ի հունվարի 1-ից հանրային պաշտպանի գրասենյակը կսկսի անվճար իրավաբանական օգնություն տրամադրել անձանց կոնկրետ շրջանակի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2016-ի հունվարի 1-ից անհնար կլինի համայնքներում իրականացնել այդ գործառույթները՝ շենքային պայմանների բացակայության, ինչպես նաև փաստաբանների վերապատրաստման անհրաժեշտության պատճառով, նպատակահարմար է այնտեղ հետաձգել դրանց իրականացումը մինչև 2017-ի հունվարի 1-ը:

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ԼՂՀ օրենքում կառավարությունն առաջարկել է մտցնել նոր հասկացություններ: Օրինագծով սահմանվում են, մասնավորապես, «աշկերտություն» և «հերթագայությամբ ուսուցում» հասկացությունները: Նույն փաթեթով ներկայացված՝ «Շահութահարկի մասին» օրենքում առաջարկվող լրացմամբ՝ արտոնություն է սահմանվում այն տնտեսվարող սուբյեկտների համար, որոնք որպես վարձու աշխատողներ իրենց աշխատանքների մեջ ներգրավում են արհեստագործական ուսումնարաններում սովորող աշկերտներին:Օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:

Կառավարությունը հաստատել է ԱՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կանոնադրությունը` զուգահեռաբար ուժը կորցրած ճանաչելով վերոհիշյալ ոլորտը կարգավորող կառավարության նախկին որոշումներից մեկը, որն ընդունվել էր 2015-ի հունիսի 30-ին՝ կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված:

Գործադիր մարմնի կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ փոփոխություններ են կատարվել կառավարության նախկին մի շարք որոշումներում: Մասնավորապես՝ հաստատվել է «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված ներդրումների գնահատման, արտոնության տրամադրման և կիրառման նոր կարգը, և հաստատվել նույն հոդվածով նախատեսված ներդրումները գնահատող և արտոնություն տրամադրող հանձնաժողովի նոր կազմը:

Կառավարությունն ընդունել է «Արցատս» և «Ստեփանակերտի օդանավակայան» ՓԲԸ-ները միացման ձևով վերակազմակերպելու մասին որոշում` միավորելով դրանց գործառույթները, խնդիրները, կառավարման մարմինները՝ դրանով իսկ տնտեսելով ֆինանսական միջոցներ և բարձրացնելով կառույցի կառավարման արդյունավետությունը: Փոփոխություններ են կատարվել այդ ոլորտներին առնչվող որոշումներում:

Գործադիր մարմնի որոշմամբ՝ հաստատվել է 2015-ին բերքի տակ կատարվելիք աշնանացանի աշխատանքների իրականացման նպատակով ձեռքբերվելիք դիզելային վառելանյութի արժեքի մասնակի սուբսիդավորման կարգը, որի համաձայն՝ անփոփոխ են մնացել նախորդ տարվա սուբսիդավորման կարգի պայմանները:

Նիստում սահմանվել են թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները, հաստատվել դրանց տեղափոխման ձևաթուղթը և հաշվետվության ձևը:

Բնակչության սոցիալական պաշտպանության արդյունավետության և սոցիալական աջակցության հասցեականության բարձրացման նպատակով՝ գործադիրի որոշմամբ հանրապետությունում ներդրվում է նոր՝ ընտանիքների կարիքավորության գնահատման «Արցախ» համակարգը: Այն հնարավորություն է տալու ընտանիքը, սոցիալական ռիսկերի տեսանկյունից, դիտարկել որպես սոցիալական պաշտպանության օբյեկտ և սոցիալական ու հարակից այլ ոլորտներում քաղաքականության մշակման ու ծրագրերի իրականացման ընթացքում օգտագործել դրա ունեցած արդյունքները: Համակարգի խնդիրներն են ընտանիքների կարիքավորության բնութագրիչ գործոնների հիմնավորվածության ապահովումը և դրանց գնահատման գործոնների ազդեցության չափի որոշումը: Նիստում հաստատվել է նաև ընտանիքների կարիքավորության գնահատման համակարգում ընդգրկվելու կարգը:

Վարչապետն, անդրադառնալով նոր համակարգին, մասնավորապես, նշել է.

«Գաղափարը ողջունելի է, այն մեզ հնարավորություն է տալու ճշգրտորեն որոշել ընտանիքների կարիքավորության աստիճանը և, համակարգի արդյունքների վրա հենվելով, մշակել ու առավել արդյունավետ իրականացնել սոցիալական ծրագրերը»:

Գործադիրի որոշմամբ՝ բարձրացվելու են գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին (գիտության դոկտորին և թեկնածուին) տրվող հավելավճարները` դրանով իսկ խթանելով գիտաշխատողների աշխատանքը: Ըստ որոշման՝ ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող աշխատողներին հավելավճար է հատկացվելու միայն մեկ ծրագրից՝ առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձին համապատասխան վարձատրություն ստանալու դեպքում:

Կառավարությունը փոփոխություն է մտցրել գործադիրի՝ 2007-ի հոկտեմբերի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմն ու չափը հաստատելու մասին» N 440 որոշման մեջ, որով Պետության և կրոնական կազմակերպությունների հարաբերությունները կարգավորող լիազոր մարմին է ճանաչվել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

ԼՂՀ կառավարության նոր կառուցվածքի հաստատումով պայմանավորված՝ մի շարք ենթաօրենսդրական ակտերում կատարվել են համապատասխան փոփոխություններ և անվանափոխումներ:

Ջրային համակարգերի շահագործման, անվտանգ և անխափան օգտագործման ու պահպանման վերահսկողության իրականացման, ջրային համակարգերի արդյունավետ կառավարման նպատակահարմարությամբ պայմանավորված՝ կառավարության որոշմամբ՝ «Մարտակերտի ջրային տնտեսություն» ընկերությունը միացվել է «Ջրային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությանը:

Գործադիր մարմինը հաստատել է պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների առավելագույն սահմանաքանակները: Այդ որոշմամբ հանձնարարվել է պետական մարմիններին ավտոմեքենաների գրանցման, վերագրանցման և գրանցման փոփոխության հետ կապված գործողությունները կատարել բացառապես որոշմամբ հաստատված սահմանաքանակներին համապատասխան:

Վարչապետ Հարությունյանն իր անդրադարձում նշել է, որ արդեն մոտ 30 ծառայողական ավտոմեքենա է կրճատվել, իսկ երկրորդ փուլում նախատեսվում է ևս 80-ը կրճատել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---