ՀՀ-ԵՄ միջև նոր փաստաթղթի շուրջ բանակցությունները կարող են սկսվել մինչև 2016-ի ավարտը

ՀՀ-ԵՄ միջև նոր փաստաթղթի շուրջ բանակցությունները կարող են սկսվել մինչև 2016-ի ավարտը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային գործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդին:

Նախարարը կարևորել է Եվրոպական Միության խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրոպական Հանձնաժողովին մանդատի տրամադրումը:

Հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին:

Նոյեմբերին 4-ին Հայաստանում կանցկացվի Հայաստան-ԵՄ գործակցության կոմիտեի նիստը, իսկ նոյեմբերի 19-20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկու կարևոր փաստաթուղթ:

Կողմերը հույս են հայտնել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր իրավական փաստաթղթի մշակման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը կտրվի մինչև տարեվերջ:

Վիգանդը նշել է, որ բանակցությունների նախատեսվող մեկնարկը հնարավորություն է տալիս արդեն իսկ առկա հարուստ հիմքի վրա ձևավորել փոխգործակցության նոր շրջանակ:

Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ավելի զարգացնել և ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ գործակցությունը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների, միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:

Նոյեմբերի 4-ին Հայաստան-ԵՄ գործակցության կոմիտեի 16-րդ նիստի շրջանակում լրագրողներին ասել է Եվրոպական արտաքին գործունեության ծառայության, Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային գործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը նշել է, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև սպասվող համաձայնագրում հաշվի է առնվելու ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցությունը:

Հարցին, թե մտահոգություն չկա, որ այս անգամ էլ Ռուսաստանը կմիջամտի նոր համաձայնագրի ստեղծման համար, նա պատասխանել է. «Չեմ սպասում միջամտություն, որովհետև գիտեմ, որ Հայաստանը ԵՏՄ շրջանակում բանակցում է այլ պետությունների հետ: Մենք այնպիսի իրավիճակում չենք, որ մեր առաջ կանգնած է «կա՛մ-կա՛մ»-ընտրությունը»:

«Լայնածավալ պայմանագիր է լինելու, խորացված: Ես չեմ կարծում, որ որևէ փոփոխություն տեղի կունենա արտաքին, ներքին քաղաքականության մեջ, փոխարենը կփոխվի առևտրային քաղաքականությունը՝ հարգելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչի արդյունքում հիմա այս ուղղությամբ ենք շարժվելու», - նշել է ԵՄ ներկայացուցիչը:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար. Երրորդ ուժերը չեն խափանի ՀՀ-ԵՄ նոր բանակցությունները

 Ուշագրավ
---