Սպիտակ տուն. Թեհրանը կատարում է իր «միջուկային» պարտավորությունները

Սպիտակ տուն.  Թեհրանը կատարում է իր «միջուկային» պարտավորությունները

PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը համարում է, որ Իրանը կատարում է միջուկային գործարքի շրջանակում ստանձնած իր «միջուկային» պարտավորությունները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը:

«Մենք տեսնում ենք, որ «վեցյակի» հետ համաձայնություն կնքելուց հետո Իրանի կառավարությունը կատարում է միջուկային ծրագրի զգալի կրճատման վերաբերյալ իր պարտավորությունները»,-ասել է Ռոդսը: Ըստ նրա, «վերջին տասնամյակում նման բան չէինք տեսել»:

Ռոդսը հաստատել է, որ Վաշինգտոնը վստահ է, որ «այս գործարքի շնորհիվ Թեհրանը չի կարողանա միջուկային զենք ստեղծել: «Մենք կարծում ենք, որ այս համաձայնագիրը հնարավորություն կտա հասնել ընդհանուր նպատակին` թույլ չտալ Իրանին միջուկային զենք ստանալ»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ն «ունի տարակարծություններ Իրանի հետ այլ հարցերում, այդ թվում ահաբեկչությանն աջակցելու հարցում»:

«Մենք տեսնում ենք, որ դա շարունակվում է»,-ասել է նա: Ըստ նախագահի խորհրդականի, «մեզ մեր դաշնակիցիների հետ արդյունավետ ռազմավարություն է հարկավոր կասեցնելու համար Իրանի ապակայունացնող ակտիվությունը»,-ասել է Ռոդսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին:

ԱՄՆ նախագահին հաջողվեց ստանալ Կոնգրեսի հավանությունը: Հոկտեմբերի 18-ին Օբաման փաստաթուղթ է ստորագրել, որը նշանավորում է պատժամիջոցների չեղարկումը: Հոկտեմբերի 21-ին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Համենեին նույնպես հավանություն է տվել համաձայնությանը: Ըստ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ակնկալիքների, գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---