Բաբայան. ԵԱՀԿ ՄԽ միջնորդների համար խմբի ձևաչափի փոփոխությունն անընդունելի է

Բաբայան. ԵԱՀԿ ՄԽ միջնորդների  համար խմբի ձևաչափի փոփոխությունն անընդունելի է

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չի տեսնում: Համանախագահները նաև չեն ընդունում ՄԽ ձևաչափի փոփոխությունը: Այս մասին հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, Բաբայանն ասել է, որ դա ևս մեկ անգամ ցույց է տալիս երկու կարևորագույն գործոն:

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 9-ին ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին՝ արտգործնախարարն ևս մեկ անգամ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումնայլընտրանք չունի: Սարգսյանը բարձր է գնահատել ՌԴ դերը ԼՂ հիմնախնդրիկարգավորման գործընթացում և տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման գործում:

«Առաջին գործոնն այն է, որ ՌԴ-ն, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրները, չեն տեսնում խաղաղ կարգավորման այլընտրանք: Այսինքն, ցանկացած ուժային տարբերակ կամ այն կիրառելու սպառնալիք անընդունելի են համարում: Սա շատ կարևոր և ողջունելի է: Երկրորդն էլ այն է, որ նրանք Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը նույնպես չեն ընդունում, սա հատկապես կարևոր է, հաշվի առնելով, որ պաշտոնական Բաքուն անընդհատ շահարկում է այս գործոնը, միշտ փորձում է ինչ-որ այլընտրանքային ձևաչափեր գտնել: Բնականաբար, նման հայտարարությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ոչ միայն անընդունելի է, այլ երևի թե համապատասխան քայլեր են ձեռնարկվելու՝ թույլ չտալու նման զարգացումները», - ասել է Բայանը, գրում է Tert.am-ը:

Դիտարկմանը, թե հակամարտության կարգավորման այլընտրանքային տարբերակների մասին վերջին շրջանում հաճախակի է խոսվում, նա ասել է, որ դրանք ուղղակի շահարկումներ են:

«Բաքուն այդքան քաղաքական ու նույնիսկ բարոյական ռեսուրս չունի Մինսկի խմբի ձևաչափը փոխելու: Առավելագույնը, ինչ նա կարող է անել, ձևաչափը տապալելն է, բանակցություններին չմասնակցելը և այլն: Բայց սա կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ: Դրա համար նրանք պարզապես շահարկում են այդ՝ քաղաքական դիվիդենտներ շահելու համար», - պարզաբանել է Բաբայանը՝ նշելով, թե այն գաղափարները, որ նրանք առաջ են քաշում, օրինակ՝ Թուրքիայի մասնակցությունը, ինչպես նաև Ադրբեջանի հետ սերտ կապեր ու տնտեսական շահեր ունեցող այլ պետությունների ներգրավվումը բանակցային գործընթացին, ցույց են տալիս, որ Բաքուն ուղղակի դրանք իրականացնելու որևէ ռեալ հիմք չունի:

Մեկնաբանելով Լավրովի արձագանքը նաև Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերով կոմիտեի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում բռնության աճ» զեկույցին, մամուլի խոսնակը նշել է.

«Սա ուղղված էր ԵԽԽՎ-ին և նրա փորձերին՝ գործընթացին ուղղակի կամ անուղղակի միջամտելու համար: Սա իրոք ճիշտ է, որովհետև ցանկացած կողմնակի միջամտում, մանավանդ՝ Ադրբեջանի կողմից հովանավորվող կառույցների միջոցով, ոչ թե խանգարում են գործընթացին, այլ պարզապես տհաճություն են առաջացնում, որը կարող է իր ազդեցությունն ունենալ կողմերի պատրաստակամության վրա՝ շարունակելու բանակցային գործընթացը»:

Նոյեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն՝ անդրադառնալով նոյեմբերի 4-ին ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից Ռոբերտ Ուոլթերի հեղինակած զեկույցը հավանության արժանացնելուն ու այն ԵԽԽՎ օրակարգ ներառելուն, հայտարարել է, որ Ցանկացած ռադիկալ գործողություն, ում կողմից էլ այն չձետնարկվի, վնասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը:

«Մինսկի խմբի համանախագահները հանդես են գալիս հակամարտությունը հետևողական, համբերատար երկխոսության միջոցով կարգավորելու ուղղությամբ: Հարցը իրոք շատ բարդ է, իսկ ցանկացած ռադիկալ գործողություն, անկախ իրագործողից, վնասում է Մինսկի խմբին», - նշել է նա:

Կարդացեք նաև՝ Լավրովը՝ Ուոլթերի հակահայկական զեկույցի մասին. Ցանկացած ռադիկալ գործողություն վնասում է ԵԱՀԿ ՄԽ-ին

Լավրովը՝ ՀՀ նախագահի հետ հանդիպմանը. ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

 Ուշագրավ
---