ԲՀԿ-ն կողմ է նպաստի նախագծին, բայց աշխատող և չաշխատող մայրերին չպետք է տարբերակել

ԲՀԿ-ն կողմ է նպաստի նախագծին, բայց աշխատող և չաշխատող մայրերին չպետք է տարբերակել

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու «Նպաստների մասին օրենքում փոփոխություններ կատարելու» նախագծին: Այս մասին ԱԺ-ում հայտատարել է խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ շեշտելով սակայն, որ օրինագիծը չի լուծում բոլոր խնդիրները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 4-ին հայտնել է, որ 2016-ից առաջին անգամ մայրության նպաստ կտրամադրվի նաև չաշխատող մայրերին. շահառուների թիվը կանխատեսվել է 30.000, ծախսը՝ 3,9 միլիարդ դրամ:

Պատգամավորը հիշեցրել է, որ ժամանակին հանվել է նաև գործազրկության համար տրվող 18 հազար դրամ նպաստը՝ պատճառաբանությամբ, որ չարաշահումներ կան և գումարները գողացվում են.

«Ժամանակն է, որ հաշվետվություն պահանջենք: Երբ հանվեց այդ նպաստը, ի՞նչ փոխվեց: Մի հատ հասկանանք՝ քանի՞ մարդ է ունակությունների բարձրացման թրեյնինգ անցել, նրանցից քանի՞սն ունեն աշխատանք: Ընդունում եմ, լրջագույն չարաշահումներ կային, գումարների մեծ մասը փոշանում էին, բայց արդյունավետ համակարգ ստացա՞նք: Մեր անձնական գնահատմամբ՝ չպետք է տարբերակում լինի աշխատող և չաշխատող մայրերի միջև», - ասել է Զոհրաբյանը:

Պատգամավորն ասել է, թե ԲՀԿ-ն ժամանակին ներկայացրել էր օրենքի նախագիծ՝ չաշխատող մայրերին ևս նպաստ տալու մասին, սակայն այն չընդունվեց:

«Չաշխատող մայրերն իրենց կամքով չէ, որ չեն աշխատում, աշխատանք չկա: Չպետք է մոռանանք, որ գործազրկության մակարդակն անցել է թույլատրելի սահմանները, պաշտոնական թվերով աղքատությունը 36 տոկոս է: Աշխատող մայրերը պաշտպանված են, չաշխատողներն էլ պետք է պաշտպանված լինեն»,- շեշտել է ԲՀԿ խմբակցության ղեկավարը, գրում է Tert.am-ը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ԱԺ-ում հայտարարել է, որ նպաստների մասին օրենքում փոփոխություններ կատարելը պետք է նպաստի ծնելիության բարձրացմանը:

«Հասկանում եմ, որ ժամանակին եղել են տարբեր խնդիրներ՝ գրանցման, ձևական գրանցման հետ կապված, բայց չմոռանանք, որ կան իսկապես աշխատող մայրեր, որոնք բարեկեցություն են ստեղծում և միաժամանակ ուզում են երեխա ունենալ: Այնպես չանենք, որ երեխաներ ունենալու ցանկությունը պակասի»,- ասել է Պողոսյանը:

Ըստ նրա՝ նույն մոտեցումը բոլորի հանդեպ կիրառելը ընդունելի չէ միջազգային պրակտիկայում:

Պողոսյանը նշել է, որ օրենքը ընդունելուց հետո նախարարությունը պետք է մոնիթորինգ անի՝ ինչպիսի ազդեցություն է ունեցել այն ծնելիության բարձրացման համար:

2014-ի սեպտեմբերի 25-ի նիստում Կառավարությունը հավանություն էր տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (2 տարվա փոխարեն), ինչպես նաև կրճատել հղիության և ծննդաբերության նպաստի չափը, դրա փոխարեն նպաստ տրամադրել չաշխատող մայրերին:

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը 2014-ի խնդրահարույց կետեր պարունակող բարդ նախաձեռնություններից մեկն էր:

Քաղաքացիների բարձրացրած աղմուկից ու ցույցերից հետո Կառավարությունը զիջումների գնաց. «Հանրապետական» խմբակցությունը նոյեմբերի 4-ի փակ նիստից հետո, որին մասնակցել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ որոշել են այս հարցում փոխել նախնական մոտեցումը և Կառավարության հետ մշակել նոր օրինագիծ՝ կատարելով աշխատող կանանց վճարումները 100%-ով: Դեկտեմբերի 1-ին ԱԺ-ն ձայների 68 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակն ու կից ներկայացված օրենքների փաթեթը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---