2016-ին հայ ուսանողները կկարողանան սովորել UWC 8 քոլեջում. Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 17-ը

2016-ին հայ ուսանողները կկարողանան սովորել UWC 8 քոլեջում. Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 17-ը

PanARMENIAN.Net - UWC (United World Colleges) համակարգում 2016-2018 թթ. ուսանելու համար ՀՀ քաղաքացիների հայտերն ընդունվելու են մինչև նոյեմբերի 17-ը ներառյալ: Այս մասին հայտնում է UWC Հայաստանի ազգային կոմիտեն:

Ուսման հայտերը ընդունվում են UWC Հայաստանի ազգային կոմիտեի կայքում:

UWC քոլեջներ ընդունվում են սոցիալապես ակտիվ և ստեղծագործ 16-17 տարեկան պատանիներ: UWC-ում գործում է ուսման դրամաշնորհների համակարգ, որը թույլ է տալիս ուսանողներին կրթություն ստանալ UWC քոլեջներում՝ անկախ ծնողների ֆինանսական հնարավորություններից: Ուսանողները ընտրվում են երկրների ազգային կոմիտեների կողմից:

UWC-ն (United World Colleges) կրթական համակարգ է, որն ստեղծվել է 1962-ին: Այն ներառում է 15 քոլեջ` ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հայաստանում, Սինգապուրում, Իտալիայում, Հոլանդիայում, Նորվեգիայում, Հնդկաստանում, Բոսնիա և Հերցեգովինայում, Չինաստանում, Կոստա Ռիկայում և Սվազիլենդում: UWC քոլեջներում ուսուցումը անցկացվում է Միջազգային բակալավրիատի (IB) երկամյա նախաբուհական ծրագրով՝ անգլերեն լեզվով:

UWC Հայաստանի ազգային կոմիտեն ակնկալում է, որ 2016–2018 ուսումնական շրջանի համար միացյալ ցանցի քոլեջները Հայաստանի թեկնածուներին մինչև քսան տեղ կհատկացնեն:

2016-ին Հայաստանի ուսանողներին տեղեր կառաջարկի UWC ցանցի 8 քոլեջ՝ UWC Dilijan-ը (Հայաստան), UWC Adriatic-ը (Իտալիա), UWC Changshu China-ն (Չինաստան), UWC Maastricht-ը (Նիդեռլանդներ), UWC Mahindra College-ը (Հնդկաստան), UWC Robert Bosch College-ը (Գերմանիա), UWC South East Asia-ն (Սինգապուր) և UWC USA-ն (ԱՄՆ):

UWC Dilijan College-ը բացվել է 2014-ին: Այս տարի քոլեջում սովորում են 190 պատանի աշխարհի 64 երկրից՝ Ռուսաստանից, Հայաստանից, ԱՊՀ այլ երկրներից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից, Հյուսիսային ու Հարավային Ամերիկայից և Ավստրալիայից:

UWC համակարգում ընդգրկված են հայաստանցի 43 ուսանող, որոնցից 21-ը սովորում են UWC Dilijan College-ում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---