Ցեղասպանության մասին «Անիծյալ տարիներ» գրքի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը` Թեհրանում

Ցեղասպանության մասին «Անիծյալ տարիներ» գրքի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը` Թեհրանում

PanARMENIAN.Net - Իրանահայ ժողովրդավարական ուժերի համադրող մարմնի նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում նոյեմբերի 7-ին Թեհրանում կացել է արևմտահայ գրող-երգիծաբան Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ» գրքի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը:

«Անիծյալ տարիներ» (1918—1919) հուշագրությունների գիրքը հրատարակվել է 1100 տպաքանակով, պարսկերեն է թարգմանվել իրանահայ թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանի կողմից:

Իրանահայ համայնքում այս միջոցառմանը ներկա էին Իրանի հայտնի ներկայացուցիչներ:

«Հայոց ցեղասպանությունը այսօր ևս շարունակվում է, միայն թե այլ տեսքով՝ մշակութային և պատմական ժառանգությունների ավերումով, հայկական հետքերը մաքրելով», - ասել է միջոցառման բանախոս, գրող, թարգմանիչ և լրագրող Ասադոլլահ Ամրային:

Թարգմանիչ, գրաքննադատ, գիտաշխատող և դասախոս Աբդոլհոսեյն Ֆարզադիի խոսքով՝ Օտայնի հուշերը ամբողջության մեջ հայության ապրած ցավերն ու տանջանքներն են, որոնցից յուրաքանչյուրը անհերքելի մի փաստ է օսմանականներին դատապարտելու համար:

«Օսմանցիները հավատացած էին, որ՝ ով ապրում է իրենց իշխանության ներքո կամ թուրք է, կամ պիտի ընդունի որ թուրք է: Եվ այսօր էլ քրդերի վիճակը Թուրքիայում գրեթե նույնն է, ինչ «Անիծյալ տարիներ» գրքում հիշատակում է Օտյանը հայերի մասին: Այսինքն, երբ ասում են Թուրքիա նկատի ունեն, որ այնտեղ ապրողները, բոլորը անխտիր, թուրք են», - շնորհանդեսին ասել է դրամատուրգ, թարգմանիչ և ռեժսոր Ասղար Նուրին:

Միջոցառման ընթացքում, իրավաբան Ժոզեֆ Ամիրյանը համառոտ կերպով ներկայացրել է իրանահայ հասարակական գործիչ Արամայիս Միրզախանյանի կենսագրականը, ում հիշատակին էր հրատարակվել գիրքը: Ծրագրի ավարտին հյուրերը ստորագրել են օրվան նվիրված հատուկ պաստառը:

Իրանահայ ժողովրդավարական ուժերի համադրող մարմինը կյանքի է կոչվել և հովանավորվում է Թեհրանի Հայ մարզա-մշակութային «Րաֆֆի» համալիրի, Իրանահայ ազգային եւ մշակութային միության, Աշխարհատեսների հայկական կենտրոնի, անկախ մտավորականների, «Իրանահայեր» լրատվական կայքէջի եւ «Արաքս» շաբաթաթերթի կողմից:

Երվանդ Օտյանը (սեպտեմբերի 19, 1869-1926), արևմտահայ գրող-երգիծաբան, լրագրող, հրապարակագիր է։ Նրա ստեղծագործությունները մամուլում տպագրվել են 1887 թ-ից, Ա․ Արփիարյանի հրավերով ստանձնել է «Հայրենիք» օրաթերթի օգնական-խմբագրի (1892-1895), ապա՝ խմբագրի (1896) պաշտոնը։ Նույն թերթում առաջին անգամ հանդես է եկել քրոնիկ-ֆելիետոններով, պատմվածքներով, նովելներով՝ «Սիրո նահատակ» (1892), «Վաշխառուն» (1893, 2-րդ հրտ․ 1956), «Կաղանդի վիպակ» (1895) և երգիծավեպով՝ «Գործ եփող մը» (1895, հետագայում՝ «Միջնորդ տեր պապան»)։

Օտյանի ժառանգության մեջ առանձնանում են «Զավալլըն» (1905) զավեշտը, «Ֆրանքո-թրքական պատերազմ կամ Չարշըլը Արթին աղա» (բեմ․ 1906, հրտ․1909, հեղինակակից՝ Մ․ Կյուրճյսն) կատակերգությունր, «Արյունոտ հիշատակներ» (1898), «Տասներկու տարի Պոլսեն դուրս» (1912-1913), «Անիծյալ տարիներ» (1918—1919) հուշագրությունները, «Մեր երեսփոխանները» (1913) երգիծական դիմանկարների շարքը, որն իր արժանիքներով չի զիջում Հ․ Պարոնյանի «Ազգային ջոջերին»։

Իրանը պաշտոնապես չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---