21 նոյեմբերի 2006 - 18:43 AMT
Արկադի Ղուկասյանը կհանդիպի Մեթյու Բրայզային ԱՄՆ-ում
Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի ԱՄՆ այցի շրջանակներում կկայանա նրա եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հանդիպումը: Այդ մասին նոյեմբերի 21-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, ավելացնելով, որ Երեւան ժամանած ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համանախագահների հետ հադիպումներ ծրագրված չեն: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի մասին` Ղուլյանը նկատել է, որ ներկա փուլում ձեւավորված սկզբունքները ենթադրում են հակամարտության համապարփակ կարգավորում: Նա նշել է, որ քանի որ բանակցային գործընթացը չի բացվում հանրությանը, ԼՂՀ-ն կկարողանա հայտնել` արդյոք ընդունելի իր համար հակամարտության կարգավորումը միայն այն բանից հետո, երբ կստորագրվի վերջնական փաստաթուղթը: Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին մոտ ապագայում` խոսնակը նկատել է, որ կանխատեսումներն ու հայտարարությունները այդ հարցով պետք է «զուսպ լավատեսական» լինեն, հայտնում է Regnum-ը: