Եվրոպայում մեկնարկում է «Հայաստան» հիմնադրամի հեռախոսամարաթոնը

Եվրոպայում մեկնարկում է «Հայաստան» հիմնադրամի հեռախոսամարաթոնը

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 18-ից 22-ը կանցկացնի 16-րդ համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որի կնքամայրն ու կնքահայրն են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և Օ-դը-Սեն նահանգի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը: Վերջիններս այդ 5 օրերի ընթացքում կքաջալերեն հայ համայնքին` միջոցառմանն առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերելու նպատակով, ասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության մեջ:

Դրամահավաքի ողջ հասույթը կուղղվի Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը, Տավուշի մարզի գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանն ու ընդլայնմանը, Սիրիայի և Իրաքի հայ ապաստանյալների օգնությանը:

«Չարագործների ձեռքով այսօր մեր երկիրը` Ֆրանսիան, վիրավոր է: Մենք սգում ենք: Նույն դաժանությունը 1915թ-ին տեսած մեր հայ ժողովրդի զավակների մի մասն էլ այսօր բարբարոսների պատճառով հարկադրաբար լքում է իր տունը Սիրիայում և Իրաքում և տարագիր ճամփա որդեգրում: Սա հարված է մի քաղաքակրթության, որի հիմքում ընկած են սերը մերձավորի հանդեպ, հարգանքը մարդկային արժանապատվության նկատմամբ, հանդուրժողականությունն ու ազատությունը: Հայաստանն ու Արցախը նույն քաղաքակրթության կրողներն են: Մենք պետք է պաշտպանենք այդ քաղաքակրթության սահմանները և աջակցենք այն տասնյակ հազարավոր հայերին, ովքեր այսօր հրատապ օգնության կարիք ունեն:

Հեռախոսամարաթոն 2015-ի կնքամայր Անն Իդալգոյի և կնքահայր Պատրիկ Դևեջյանի համաձայնությամբ մենք անցկացնում ենք մարդասիրական խոշոր այս ակցիան, ինչպես որ նախատեսված էր: «Դուք մեզ չեք վախեցնի» խոսքերը, որ գրված են Փարիզի շենքերի պատերին, լիովին արտացոլում են մեր դիքորոշումը»,-հայտարարել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը:

Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ կազմակերպվող համաեվրոպական միջոցառման այս տարվա բացումն ազդարարվեց նոյեմբերի 12-ին Փարիզի քաղաքապետարանի պալատում կայացած ճաշով:

Դրամահավաք-միջոցառումը կազմակերպվում է Ֆրանսիայի Փարիզ, Մարսել, Տուլուզ և Լիոն քաղաքներում, որտեղից ավելի քան 600 կամավոր 5 օր շարունակ հեռախոսով կապվում է եվրոպաբնակ շուրջ 50000 հայ ընտանիքների հետ և հանգանակություններ հավաքագրում:

Ավանդույթի համաձայն` հեռախոսամարաթոնի մասնակից երկրներն են Ֆրանսիան, Գերմանիան և Շվեյցարիան: Եվրոպայում գործող Հիմնադրամի մյուս տեղական մարմինները (Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Հոլանդիա, Շվեդիա, Ռումինիա, Հունաստան, Կիպրոս) իրենց երկրներում կիրառում են սեփական դրամահավաք մեխանիզմները:

Գործունեության 20 տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը ՀՀ-ում իրականացրել է ավելի քան 476 կմ ճանապարհի, 517 կմ ջրագծի ու ջրամատակարարման համակարգի,144 կմ գազատարի, 70 կմ էլեկտրական հոսանքի գծի շինարարություն։ Բացի այդ, կառուցվել, վերակառուցվել ու կահավորվել է 334 դպրոց ու մանկապարտեզ, 424 տուն ու բնակարան, 70 առողջապահական հաստատություն, 53 սպորտային ու մշակութային կենտրոն։ Իրականացվել է ավելի քան 159 կրթական, մշակութային ու գիտական ծրագիր։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---