ԼՂՀ-ում սկսնակ գործարարները 3 ամսով կազատվեն հարկերից

ԼՂՀ-ում սկսնակ գործարարները 3 ամսով կազատվեն հարկերից

PanARMENIAN.Net - ԼՂՀ կառավարության նիստում հավանության է արժանացել «Հարկերի մասին» և մի շարք հարակից այլ օրենքներում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նոր որոշմամբ առաջարկվում է գործունեությունը նոր սկսող հարկ վճարողներին եռամսյա ժամկետով ազատել առևտրի հարկից, հաստատագրված և արտոնագրային վճարներից: Չարաշահումներից խուսափելու նպատակով՝ նախատեսվում են արտոնության կիրառման բացառությունների դեպքերը:

Փաթեթով առաջարկվում է նաև փաստաբանական ծառայությունների մատուցումն ազատել ավելացված արժեքի հարկից, ինչպես նաև՝ պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքների մասով ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը:

Նախատեսվում է զբոսաշրջային օպերատորի կամ զբոսաշրջային գործակալի կողմից Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա զբոսաշրջիկներին մատուցվող ծառայություններն ազատել ավելացված արժեքի հարկից ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող ուղևորությունների մասով: Հարկային փոփոխություններին անդրադառնալով՝ վարչապետը հանձնարարել է օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո շահագրգիռ անձանց շրջանում բացատրական-տեղեկատվական աշխատանքներ իրականացնել:

«Սա լուրջ խթան է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար, քանի որ ձեռնարկատիրական նոր գործունեություն նախաձեռնողները եռամսյա շրջանում կազատվեն հարկերից: Սկսնակ գործարարները սովորաբար խուսափում են նոր բիզնես սկսել հատկապես հարկային գրագիտության բացակայության պատճառով, և տույժերի հիմնական մասը գոյանում է մեկնարկային շրջանում:

Ես կհամարեի սրանք համարձակ և խթանիչ փոփոխություններ հարկային դաշտում, որոնք զգալիորեն նպաստելու են ՓՄՁ զարգացմանը: Իհարկե, ստվերի ծավալի մեծացման ռիսկերը կարող են աճել, սակայն բոլորս իրար հետ պետք է պայքարենք ստվերի նվազեցման ուղղությամբ, պահանջենք դրամարկղային կտրոններ և հետևողական լինենք վերահսկողության ապահովման հարցում»,- նշել է Արայիկ Հարությունյանը, հայտնում է կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---