Կոլումբիայի համալսարանի հետազոտողները հաստատում են՝ Թուրքիան աջակցում է ԻՊ-ին25 նոյեմբերի 2015 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Թուրքիայի հետազոտողներից կազմված Կոլումբիայի համալսարանի խումբն անցյալ շաբաթ հաստատել է, որ Թուրքիայի կառավարությունը «Իսլամական պետությանը» (ԻՊ) տրամադրել է՝ ռազմական գործակցություն, զենք, կազմակերպչական աջակցություն, ֆինանսական օգնություն և բժշկական ծառայություններ: Այս մանրակրկիտ հետաքննությունը գլխավորել է Կոլումբիա համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության ամրապնդման և իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը: Նա աշխատել էր որպես ավագ խորհրդական և արտաքին գործերի գծով փորձագետ ԱՄՆ պետդեպարտամենտի համար, գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Խմբագիրը ներկայացնում է հատվածներ այդ ծավալուն հետազոտությունից, որոնք փաստում են Թուրքիայի և ԻՊ-ի միջև եղած ուղղակի կապերը. 1) Թուրքիան ԻՊ-ին մատակարարել է զինամթերք • 2014-ի օգոստոսի 12-ին ԻՊ-ի հրամանատարներից մեկը ասել է «Վաշինգտոն փոստ» թերթին. «Զինյալների մեծ մասը, որ մեզ միացել էր պատերազմի սկզբին, եկել էր Թուրքիայի տարածքով, այդ նույն ճանապարհով էին գալիս նաև սարքավորումներն ու զինամթերքը»: • Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն 2014-ի հոկտեմբերի 14-ին փաստաթղթեր է հայտնաբերել Ադանայի դատախազությունից, որոնք բացահայտում էին, որ Թուրքիան զենք է մատակարարել ահաբեկչական խմբերին: Նա նաև ներկայացրել է հարցազրույցների արձանագրությունները բեռնատարների վարորդների հետ, որոնք զենք էին հասցրել ահաբեկիչներին: • Ըստ CHP-ի փոխնախագահ Բյուլենթ Թեզջանի՝ 2014-ի հունվարի 19-ին թուրք գործակալները հրթիռներով, զենք ու զինամթերքով բեռնված երեք բեռնատար էին հասցրել ԻՊ-ին Սիրիայում: • «Ջումհյուրիյեթ» թերթը մեջբերել է Ֆուաթ Ավնիին, հայտարարելով, որ Գերմանիան և Միացյալ Նահանգները ձայնագրություններ ունեին, որոնք հաստատում էին, որ Թուրքիան ֆինանսական և ռազմական աջակցություն է ցուցաբերել Ալ Քաիդայի հետ կապված ահաբեկչական խմբերին 2014-ի հոկտեմբերի 12-ին: • 2014-ի սեպտեմբերի 27-ին հրապարակված փաստաթղթերից պարզվեց, որ Սաուդյան Արաբիայի արքայազն Բանդար բին Սուլթանը ֆինանսավորել է ԻՊ-ի համար զենքի տեղափոխումը Թուրքիայի տարածքով: 2) Թուրքիան նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերել ԻՊ-ի զինյալներին • Ըստ «Ռադիկալ» թերթի 2014-ի հունիսի 13-ի հոդվածի՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերը հրապարակել է հետևյալ հրահանգը. «Հաթայը ռազմավարական նշանակություն ունեցող վայր է մոջահեդների համար, որոնք հատելով մեր սահմանը անցնում են Սիրիա: Կավելացվի նյութատեխնիկական աջակցությունը իսլամական խմբավորումներին, իսկ նրանց մարզումը, հիվանդանոցային խնամքը ու անվտանգ անցումը հիմնականում տեղի կունենա Հաթայում»: • «Դեյլի մեյլը» 2014-ի օգոստոսի 25-ին հաղորդել է, որ բազմաթիվ օտարերկրյա զինյալներ Սիրիայում և Իրաքում միացել էին ԻՊ-ին անցնելով Թուրքիայի տարածքով: • Բրիտանական «Սքայ նյուզը» ձեռք բերեց փաստաթղթեր, ըստ որոնց Թուրքիայի կառավարությունը կնքել է օտարերկրյա զինյալների անձնագրերը, որոնք ցանկանում էին թուրքական սահմանով անցնել Սիրիա՝ միանալու ԻՊ-ին: • 2014-ի հոկտեմբերի 9-ին Եգիպտոսի մի բարձրաստիճան պաշտոնյա նշել է, որ Թուրքիայի հետախուզությունը ԻՊ-ին է փոխանցել արբանյակային պատկերներ և այլ տվյալներ: 3) Թուրքիան մարզում է ԻՊ-ի զինյալներին • 2014-ի հուլիսի 29-ին CNN Turk-ը հաղորդեց, որ Ստամբուլի սրտում գտնվող Դուզչե և Ադափազարի բնակավայրերը դարձել են հավաքատեղի ահաբեկիչների համար: • Թուրքերին, որոնք միացել էին ԻՊ-ի մասնաճյուղին, ցուցադրեցին 2014-ի հուլիսի 28-ին Ստամբուլում կայացած հանրահավաքում: • Տեսահոլովակներից մեկում ցուցադրել էին ԻՊ-ի մասնաճյուղի անցկացրած աղոթք- հավաքը Ստամբուլի Օմեռլի թաղամասում: • Ըստ Հորդանանի հետախուզության՝ Թուրքիան մարզում է ԻՊ-ի զինյալներին հատուկ գործողությունների համար: 4) Թուրքիան բժշկական օգնություն է ցուցաբերում ԻՊ-ի զինյալներին • 2014-ի օգոստոսի 12-ին ԻՊ-ի հրամանատարներից մեկը հայտնել է «Վաշինգտոն փոստ»-ին. «Սովորաբար որոշ զինյալներ, նույնիսկ «Իսլամական պետության» ամենաբարձրաստիճան անդամները, բուժում են ստանում Թուրքիայի հիվանդանոցներում»: • 2014-ի հոկտեմբերի 12-ին «Թարաֆ» թերթը հաղորդեց, որ նախագահ Էրդողանի իշխող կուսակցության («Արդարություն և զարգացում») հիմնադիր Դենգիր Միր Մեհմեդ Ֆիրաթը հրապարակել է, որ Թուրքիան աջակցել է ահաբեկչական խմբերին և շարունակում է աջակցել և բուժել նրանց իր հիվանդանոցներում: 5) Թուրքիան ֆինանսապես աջակցել է ԻՊ-ին նավթ գնելու միջոցով • 2014-ի սեպտեմբերի 13-ին «Նյու Յորք թայմս» թերթը հաղորդեց, որ Օբամայի վարչակարգը ջանքեր է թափել ճնշում գործադրելու Թուրքիայի վրա՝ վերացնելու ԻՊ-ի կողմից նավթի վաճառքի լայնածավալ ցանցը: • 2014-ի սեպտեմբերի 13-ին Ֆեհիմ Թաշթեքինը «Ռադիկալ»-ում գրեց Սիրիայից Թուրքիա նավթ տեղափոխող ապօրինի խողովակաշարերի մասին: 6) Թուրքիան օգնում է ԻՊ-ի զինվորագրմանը • 2014 –ի հոկտեմբերի 14-ին Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Ստամբուլում և Գազիանթեփում ԻՊ-ի գրասենյակները հավաքագրում են զինյալների: 2014-ի հոկտեմբերի 10-ին Կոնիայի մուֆթին հայտարարեց, որ չորս օր առաջ իր քաղաքից 100 տղամարդ միացել է ԻՊ-ին: • OdaTV-ն հաղորդել է, որ «Թաքվա հաբերը» ծառայում է որպես քարոզչական միջոց ԻՊ-ի համար՝ Թուրքիայում և Գերմանիայում թուրքախոս տղամարդկանց հավաքագրելու համար: • Թուրքիայի սպորտի նախարար, «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Սուաթ Քըլըչը Գերմանիայում այցելել է սալաֆի ջիհադականներին, որոնք աջակցում են ԻՊ-ին: Այս ջիհադականները կողմնակիցներ են հավաքագրում Ղուրանի անվճար օրինակներ բաժանելով և դրամահավաք կազմակերպելով՝ Սիրիայում և Իրաքում ինքնասպանությամբ ահաբեկչություններ հովանավորելու համար: • OdaTV-ի հեռարձակած տեսանյութում ցուցադրել են Ստամբուլում ավտոբուսով երթևեկող ԻՊ-ի զինյալներին: 7) Թուրքական ուժերը կռվում են ԻՊ-ի կողքին • Ամերիկյան հետաքննող լրագրող Սեյմուր Հերշը London Review of Books-ում հաստատել է՝ «հայտնի էր, որ վարչապետ Ռեջեփ Էրդողանը աջակցում էր «Ալ-Նուսրա ճակատին»՝ ապստամբ ընդդմադիրների շրջանում ջիհադական խմբակցությանը, ինչպես նաև այլ իսլամիստական ապստամբ խմբերի»: • 2014-ի սեպտեմբերի 20-ին, Խորհրդարանում «Ազգերի ժողովրդավարական» կուսակցությունը (HDP) ներկայացնող պատգամավոր Դեմիր Չելիքը հայտարարել է, որ թուրքական հատուկ ուժերը ռազմի դաշտում միացել էին ԻՊ-ին: 8) Թուրքիան օգնել է ԻՊ-ին Քոբանիի համար մղվող մարտում • 2014-ի սեպտեմբերի 19-ին Քոբանիի քաղաքապետ Անվար Մուսլիմը բացահայտեց, որ թուրքական զենք ու զինամթերքով բեռնված գնացքներ են հասցվել ԻՊ-ին: 2014-ի սեպտեմբերի 30-ին CHP-ի պատվիրակությունը այցելել է Քոբանի, որտեղ տեղացիները հայտարարեցին, որ ամեն ինչ, սկսած ԻՊ-ի մարտիկների հագուստից մինչև զենքերը, գալիս են Թուրքիայից: • 2014-ի սեպտեմբերի 25-ին «Նուհաբեր»-ի տեսահոլովակը ցուցադրել է տանկեր և զինամթերք փոխադրող թուրքական զինվորական ուղեկցորդներին՝ ԻՊ-ի դրոշի ներքո Սիրիայի Ջարաբլուզ շրջանում ազատ տեղաշարժվելիս և Կարկամիշի սահմանն անցնելիս: • PYD-ի («Սիրիայի քրդերի ժողովրդավարական միություն») քուրդ զինյալների առաջնորդ Սալիհ Մուսլիմը հաղորդեց, որ 2014-ի հոկտեմբերի 20-24-ը 120 զինյալներ Թուրքիայից անցել էին Սիրիա: • Ըստ «Նյու Յորք թայմս» թերթի 2014-ի հոկտեմբերի 29-ի համարում YPG-ի («Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատը») քուրդ հրամանատարի գրած սյունակի՝ Թուրքիան պարբերաբար թույլ է տալիս ԻՊ-ի զինյալներին իրենց տեխնիկայով անցնել իր սահմանը: • 2014-ի հոկտեմբերի 1-ին Դիքենը հաղորդեց. « ԻՊ-ի զինյալները հատելով Թուրքիայի սահմանը անցել էին Սիրիա թուրք զինվորների գիտությամբ և համաձայնությամբ»: 9) Թուրքիան և ԻՊ-ը նույն աշխարհայացքն ունեն • 2014-ի հոկտեմբերի 3-ին RT-ն հաղորդեց փոխնախագահ Ջո Բայդենի ելույթի մասին, ուր ներկայացվում էին ԻՊ-ին ցուցաբերվող թուրքական աջակցության մանրամասները: • «Հյուրիյեթը» 2014-ի սեպտեմբերի 26-ին մեջբերեց թուրք քաղծառայողի խոսքերը. «Ես ցնցված էի՝ լսելով որոշ բարձրաստիճան ծառայողների հիացական խոսքերը ԻՊ-ի հասցեին»: • «Արդարության և զարգացում» կուսակցության խորհրդի մի անդամ իր ֆեյբուքյան էջում գրել էր. «Բարեբախտաբար ԻՊ-ը գոյություն ունի.... Թող անսպառ լինեն ձեր փամփուշտները....»: • Համաձայն Սարիեր Գյոզլեմի՝ Էրդողանի որդի Բիլալը և թուրք պաշտոնյաները հանդիպել են ԻՊ-ի զինյալների հետ: Սասունյանի խոսքով՝ բացարձակապես անընդունելի է, որ այն ժամանակ, երբ ԻՊ-ը զանգվածային սպանություններ է իրականացնում Փարիզում և Եվրոպայի այլ քաղաքներում, ՆԱՏՕ-ի «դաշնակից» Թուրքիան շարունակում է օգնել ու զինել այդ ահաբեկիչներին: Ժամանակն է, որ Թուրքիային վտարեն ՆԱՏՕ-ից, իսկ նրա ղեկավարները մեղադրվեն և դատվեն այս սարսափելի ոճրագործություններում իրենց ունեցած դերակատարության համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |