Օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են Նորք-Մարաշում կալանավորվածներին![]() 30 նոյեմբերի 2015 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին Օմբուդսմենի տեղակալը և արագ արձագանքման վարչության պետը այցելել են վերջին օրերի միջադեպի գործով կալանավորված Արթուր Վարդանյանին և նույն գործով կալանավորված 5 կանանց՝ Մարինե Կատանյանին, Ասյա Մկրտչյանին, Նելլի Մինասյանին, Լիլիթ Թորոսյանին և Սրբուհի Այվազյանին: Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ մարմինների օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ ուներ ՀՀ տարածքում մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպել: Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամ, որոնք ձերբակալվել են: Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում Օմբուդսմենի ներկայացուցիչները հանդիպել և առանձնազրույց են ունեցել Արթուր Վարդանյանի հետ, ով հայտնել է, որ որևէ բողոք չունի ՁՊՎ-ի կամ ՔԿՀ-ի պահման պայմաններից, իր նկատմամբ վերաբերմունքից, սակայն ինքնազգացողությունը փոքր-ինչ վատ է եղել, ինչի առթիվ Օմբուդսմենի ներկայացուցիչները համապատասխան միջոցներ են ձեռնարկել: Վարդանյանը խնդրել է նաև հնարավորության դեպքում այցելել կալանավորված մյուս անձանց նույնպես, հատկապես` աղջիկներին: Այնուհետև, Օմբուդսմենի ներկայացուցիչները ոստիկանության ՁՊՎ-ում հանդիպել են ձերբակալված 5 կանանց: Առանձնազրույցի ընթացքում նրանք նույնպես որևէ դժգոհություն չեն հայտնել իրենց նկատմամբ վերաբերմունքից, նշել են, որ որևէ բռնություն իրենց հանդեպ չի կիրառվել և վարչակազմից բողոքներ չունեն, տեղեկացրել են նաև, որ իրենք ունեն փաստաբաններ: Վերջիններս խնդրել են ասել իրենց հարազատներին, որ իրենց ինքնազգացողության հետ կապված այս պահին խնդիրներ չունեն: Սակայն բոլոր 5 կանայք նշել են, որ չեն ընդունում իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքը, և խնդրել են փոխանցել որոշ լրատվամիջոցների և առանձին անհատների, որ մինչև քննության ավարտը չպիտակավորեն իրենց և հարգեն իրենց անմեղության կանխավարկածը: Օմբուդսմենի ներկայացուցիչները պարզաբանել են նրանց իրավունքները կալանավայրում: Օմբուդսմենի ներկայացուցիչներն այս պահին փորձում են հստակ ճշտել մյուս կալանավորվածների պահման վայրերը՝ նրանց ևս այցելելու նպատակով: Կարդացեք նաև՝ ԱԱԾ. Զինված խմբի թիրախում քաղաքացիներ ու պետգործիչներ էին Նորք Մարաշում վնասազերծված խմբի բոլոր անդամները կալանավորվել են Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |