Արեւմտյան փորձագետները սկսում են քննարկել Թուրքիայում ռազմական հեղաշրջման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Բանակցությունների դադարեցումը Թուրքիայի եւ ԵՄ միջեւ սպասվում էր, փաստորեն կատարվեց այն, ինչ պետք է կատարվեր: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Սակայն, նրա խոսքերով, Եվրոպան վերջնականապես չի վանում Թուրքիային: «Բանակցությունների կողմերի առջեւ շատ լուրջ հարցեր են ծառացած: Կամ Եվրոպան պետք է նահանջի իր արժեքներից, ինչը դժվար է պատկերացնել: Կամ Թուրքիան պետք է կատարի Եվրահանձնաժողովի պահանջները: Պետք է ընդգծել, որ Թուրքիան միջազգային քաղաքականության կարեւոր գործոն է եւ Եվրամիությանն ու ԱՄՆ-ին ավելի շատ վախեցնում է այդ երկրի հենց անկանխատեսելիությունը: Մյուս կողմից նկատվում է Թուրքիայի Գլխավոր շտաբի գործունեության կտրուկ ակտիվացում»,-նշել է Սաֆրաստյանը:



Միեւնույն ժամանակ արեւելագիտության ինստիտուտի տնօրենը նշել է, որ Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության դադարեցման մասին որոշումը կայացրեց հենց Գլխավոր շտաբը, այն նույնիսկ չէր համաձայնեցվել Թուրքիայի կառավարության հետ:



«Արեւմտյան փորձագետներն արդեն սկսում են քննարկել Թուրքիայում ռազմական հեղաշրջման հնարավորությունը: Սակայն, կարծում եմ, այդ մասին դեռեւս վաղ է խոսելը»,-ընդգծել է Ռուբեն Սաֆրաստյանը:
 Ուշագրավ
---