Պատգամավոր. Մեխանիզմներ են պետք Հրվ. Օսեթիայում հայ վարորդների իրավունքները պաշտպանելու համար

Պատգամավոր. Մեխանիզմներ են պետք Հրվ. Օսեթիայում հայ վարորդների իրավունքները պաշտպանելու համար

PanARMENIAN.Net - Մարդատար ու բեռնատար մեքենաներով Հայաստանից Ռուսաստան գնացող բազմաթիվ հայաստանցիներ Հյուսիսային Կովկասում հանդիպում են խնդիրների: Կառավարության հետ հարց ու պատասխանբի ժամանակ գործադիրի ուշադրությունը հարցի վրա է հրավիրել դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ խնդիրը ռուսական կողմի կոռուպցիան է. «Անհարկի կանգնեցնում են մեքենաները, տարբեր պահանջներ են դնում վարորդների առաջ, այդ թվում դրամական»: Պատգամավորն առաջարկում է քննարկել տարբերակ, որ այդ տարածքներում Հայաստանը ունենա ներկայացուցիչներ, որտեղ քաղաքացիները նման դեպքերում կարող են դիմել և աջակցություն ստանալ:

«Հակառակ դեպքում համ քաղաքացիների հիասթափությունն է մեծ լինում, համ տնտեսությանն է վնաս տալիս, բացի այդ էլ, ստացվում է, որ կենսանական նշանակության ճանապարհը դառնում է անարդյունավետ»,-ասաց պատգամավորը:

«Մեքենաներն անօրինական կանգնեցնում են, ըստ էության, դրամաշորթությամբ են զբաղվում, որոնք մի շարք խնդիրներ են առաջացնում քաղաքացիների համար: Գործող և ընդունված Սահմանադրության համաձայն, պետությունը պարտավոր է հոգ տանել իր քաղաքացիների համար, որտեղ էլ նրանք լինեն»,-ասել է պատգամավորը, առաջարկելով քննարկել մի մեխանիզմ, որը կսկսի աշխատել ու ՀՀ քաղաքացին կարող է ահազանգել, անհրաժեշտության դեպքում նաև փաստել: Նա հույս հայտնեց, որ նման մեխանիզմը կարող է կանխել հակաօրինականությունները, որոնք ցուցաբերվում են այդ տարածքում:

Անդրադառնալով Վերին Լարսի անցակետի ուղղությամբ իրականացված աշխատանքներին` Մինասյանը փաստել է, որ արդյունք տվել են, սակայն խնդիրը Հարավային Օսեթիայի տարածքին է վերաբերում:

Պատասխանելով պատգամավորի հարցին` տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասել է. «Լարսում խնդիրներ ունեինք, որոնք լուծված են, տրանսպորտային բոլոր խնդիրները լուծված են: Ճանապարհը բաց է, մարդիկ անվտագ անցնում են, բայց մի քիչ դժվարանում եմ պատասխանել օտար երկրի կոռուպցիայի հետ կապված»:

Նրա խոսքով, ստացած ահազանգերն իրենք ներկայացնում են ռուսական կողմին. «Պատասխանը ստանում ենք, որ ամեն ինչ հանձնարարված է, ամեն ինչ կարգավորված է: Երբ փաստ չունենք, արձանագրված չեն կոնկրետ դեպքեր, որոնք իրավական հետևանքներ ունեն, ես որպես տրանսպորտի նախարար, խոսելու իրավունք էլ չեմ վերապահում: Կոնկրետ փաստ չկա, իրենց իրավապահ օրգաններում դա ներկայացված չէ»,-ասաց Բեգլարյանը, ավելացնելով, որ ճանապարհի հետ կապված խնդիր չկա:

Անդրադառնալով մեխանիզմների հնարավոր մշակմանը` նախարարն ասել է. «Մենք բաց ենք յուրաքանչյուր առաջարկի համար: Հանուն մեր պետության ու քաղաքացու շահի պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի գտնենք դրա լուծումը»` հավելելով, որ նախարարություն դիմած քաղաքացիները հստակ փաստեր չեն ներկայացնում, որպեսզի պահանջեն կոնկրետ քննություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---