Փաստաբան. ՊՆ նախկին տեղակալի համար իր ձերբակալությունը անսպասելի էր

Փաստաբան. ՊՆ նախկին տեղակալի համար իր ձերբակալությունը անսպասելի էր

PanARMENIAN.Net - Նախկին փոխվարչապետ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի համար իր ձերբակալությունն անսպասելի է եղել: Այդ մասին ասել է Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը:

«Ես հանդիպել եմ իմ պաշտպանյալի հետ, խոսել: Նա հանկարծակիի է եկել կատարվածից, երևույթն իր համար անսպասելի է եղել», -ասել է փաստաբանը, մեջբերում է Panorama.am-ը:

Դեկտեմբերի 19-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ(1992-1999) Վահան Գրիգորի Շիրխանյանը:

Նա կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր գործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օռենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:

Շիրխանյանը ձերբակալվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով:

Փաստաբանը տեղեկացրել է, որ սեկտեմբերի 21-ին քննչական գործողությունների շրջանակում հանդիպում կունենա քննիչների ու իր պաշտպանյալի հետ, որից հետո կպարզվի` կալանավորելու մասին միջնորդություն ներկայացվելո՞ւ է դատարան, թե՞ ոչ:

ԱԱԾ լրատվական ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Վահան Շիրխանյանը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ավելի վաղ այս գործի շրջանակներում ձերբակալվել ու հետո կալանավորվել էին ազատամարտիկներ Աղասի Մարտիրոսյանը, Խաչիկ Ավետիսյանը, ինչպես նաև շուրջ 26 մարդ:

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ մարմինների օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ ուներ ՀՀ տարածքում մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպել: Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամ, որոնք ձերբակալվել են:

Ըստ ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդագրությանը, իրացնելով օպերատիվ տվյալները, որ 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայում բնակվող և 2015-ի ապրիլից Երևանում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015-ի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր գործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացու, որից 5-ը՝ Երևանի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են և 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ։

Վահան Գրիգորի Շիրխանյանը ծնվել է 1947-ի հուլիսի 15-ին: Ավարտել է Թուրքմենեստանի պետական համալսարանը՝ աշխարհագրագետ-տնտեսագետի որակավորմամբ: Աշխատել է Բյուրականի աստղադիտարանի հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիայի բյուրոյի փոխտնօրեն: Ընտրվել է ՀՀ ԳԽ պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Աշխատել է ՀՀ պաշտպանության փոխնախարար (1992-1999), ՀՀ նախագահի խորհրդական՝ հատուկ ծրագրերի գծով, այժմ՝ ՀՀ կառավարության 10-րդ վարչության պետ: «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) խմբակցության անդամ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---