Չաշխատող կանանց մայրության նպաստի կարգը հաստատվել է

Չաշխատող կանանց մայրության նպաստի կարգը հաստատվել է

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության դեկտեմբերի 24-ի նիստում հաստատվել է չաշխատող կանանց տրամադրվելիք մայրության նպաստի կարգը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նիստում ասել է, որ իրականությանը չեն համապատասխանում այն խոսակցությունները, թե 2016-ից չաշխատող կանանց տրամադրվելիք մայրության նպաստը կտրամադրվի միայն մարտ ամսից:

Նախարարի խոսքով` հղիության և ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկում, անկախ դրա տրման օրվանից, որպես ժամանակավոր անաշխատունակության սկիզբ նշվում է հղիության 210-րդ օրը:

«Եթե քաղաքացին անաշխատունակության թերթիկ ստանալու համար դիմում է հղիության արձակուրդի իրավունք ձեռք բերելուց հետո, ապա քաղաքացուն հատկացվող անաշխատունակության թերթիկում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի սկիզբը մնում է անփոփոխ», - ասել է Ասատրյանը, գրում է Panoram.am-ը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 4-ին հայտնել է, որ 2016-ից առաջին անգամ մայրության նպաստ կտրամադրվի նաև չաշխատող մայրերին. շահառուների թիվը կանխատեսվել է 30.000, ծախսը՝ 3,9 միլիարդ դրամ:

«Այստեղ ծրագրերի հստակ տրամաբանություն կա. մենք ունենք նախածննդյան, հետծննդյան արձակուրդ աշխատող մայրերի համար, և դրա շրջանակում վճարվում է հղիության և ծննդաբերության նպաստ: Փաստորեն ներմուծեցինք նպաստ չաշխատող մայրերի համար, նախատեսեցինք, որ նույն ժամանակահատվածի համար չաշխատող մայրերը, ունենալով ծննդօգնության հավաստագիրը, նաև կունենան այդ գումարի ստացման իրավունք, որը 2016-ի հունվարից կկազմի մոտ 126.600 դրամ», - ասել է նախարարը և նշել, որ բոլոր ապագա մայրերն ունենում են հստակ ֆինանսական աջակցություն պետության կողմից:

2014-ի սեպտեմբերի 25-ի նիստում Կառավարությունը հավանություն էր տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (2 տարվա փոխարեն), ինչպես նաև կրճատել հղիության և ծննդաբերության նպաստի չափը, դրա փոխարեն նպաստ տրամադրել չաշխատող մայրերին:

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը 2014-ի խնդրահարույց կետեր պարունակող բարդ նախաձեռնություններից մեկն էր:

Քաղաքացիների բարձրացրած աղմուկից ու ցույցերից հետո Կառավարությունը զիջումների գնաց. «Հանրապետական» խմբակցությունը նոյեմբերի 4-ի փակ նիստից հետո, որին մասնակցել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ որոշել են այս հարցում փոխել նախնական մոտեցումը և Կառավարության հետ մշակել նոր օրինագիծ՝ կատարելով աշխատող կանանց վճարումները 100%-ով: Դեկտեմբերի 1-ին ԱԺ-ն ձայների 68 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակն ու կից ներկայացված օրենքների փաթեթը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---