Հայաստանի նախագահը շնորհավորել է ԼՂՀ ղեկավարությանն ու ժողովրդին` Սահմանադրության ընդունման կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյան շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանն ու արցախցիներին` համաժողովրդական քվեարկությամբ Սահմանադրության ընդունման կապակցությամբ, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ռ. Քոչարյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը եւ արցախցիներին` համաժողովրդական քվեարկությամբ Սահմանադրության ընդունման կապակցությամբ: Հանրաքվեին իր կազմակերպված եւ գործուն մասնակցությամբ Արցախի ժողովուրդը մեկ անգամ եւս հաստատեց ազատ ապրելու իր վճռականությունը: Ժողովրդավարության ամենաբարձր չափանիշներին համապատասխան անցած այս հանրաքվեն եւս մեկ հիմնաքար դրեց Լեռնային Ղարաբաղի պետականության կայացման գործում:



Անկախության հռչակման առաջին օրվանից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որդեգրեց ժողովրդավարական զարգացման ուղին: Դա բազմիցս ապացուցվել է ազատ եւ արդար ընտրություններով: Սահմանադրության հանրաքվեն ոչ միայն շարունակեց կամքի ազատ արտահայտման բարի ավանդույթը, այլեւ հնարավորություն ընձեռեց ամրագրել ժողովրդավարության կանոնները երկրի հիմնական օրենքում: Շնորհավորելով ողջ հայությանը Արցախում կայացած հանրաքվեի կապակցությամբ` մաղթում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը բարօրություն, խաղաղություն եւ կայուն զարգացում»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---