ՌԴ-ից ՀՀ նավթամթերքի և գազի ներկրումը մաքսատուրքերից կազատվի անժամկետ

ՌԴ-ից ՀՀ նավթամթերքի և գազի ներկրումը մաքսատուրքերից կազատվի անժամկետ

PanARMENIAN.Net - ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը ստորագրել են արձանագրություն, որը նախատեսում է մաքսատուրքերից անժամկետ ազատել Ռուսաստանից Հայաստան նավթամթերքի և բնական գազի առաքումը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ էներգետիկայի նախարարությունը:

Փաստաթղթով փոփոխություններ է կատարվում բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստի առաքումների ոլորտի վերաբերյալ երկու երկրների կառավարությունների միջև գործակցության մասին համաձայնագրում, որը ստորագրվել է Երևանում 2013-ի դեկտեմբերի 2–ին, հաղորդում է Sputnik Արմենիան։

Ստորագրված արձանագրությունն առաջարկում է մի շարք փոփոխություններ կատարել համաձայնագրում` կապված երկկողմ միջազգային-իրավական բազա ստեղծելու անհրաժեշտության հետ` Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի դրույթներին համապատասխան։

Մասնավորապես, նախատեսվում է նաև համաձայնագրի գործողության ոլորտից բացառել չմշակված բնակական ալմաստների առևտրի հարցը, քանի որ դրանք կանոնակարգվում են ԵՏՄ մասին պայմանագրի դրույթներով։

2013 թվականի դեկտեմբերի 2-ի Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքվել է Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստի առաքման ոլորտում գործակցության վերաբերյալ համաձայնագիր: Նույն օրը՝ Հայաստան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելության ժամանակ, 12 համաձայնագիր ստորագրվեց, այդ թվում՝ Հայաստանին ռուսական գազի մատակարարման, կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցում տրամադրելու, «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների, միջուկային անվտանգության մասին համաձայնագրեր, ինչպես նաև ստորագրվեց 2014-2018-ին Հայաստանի բնական գազ ներմուծելու մասին «ՀայՌուսգազարդ»-ի ու «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի միջև գործարքը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---