Հայաստանի ռուսական ավիաբազան 2016-ին կհամալրվի ՄիԳ-29 կործանիչներով

Հայաստանի ռուսական ավիաբազան 2016-ին կհամալրվի ՄիԳ-29 կործանիչներով

PanARMENIAN.Net - Հայաստանի «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանը 2016-ի երկրորդ կեսին կհամալրվի բազմաթիրախային ճակատային ՄիԳ-29 կործանիչների նոր խմբաքանակով, հայտնում է ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

ՄիԳ-29 ինքնաթիռները, որոնք ռազմակայան են ուղարկվում կապիտալ վերանորոգումից հետո, պաշտպանում են Հայաստանի սահմանները ԱՊՀ երկրների ՀՕՊ միավորված համակարգերի շրջանակում և կանոնավոր կերպով ուսումնամարզական թռիչքներ են կատարում միավորման մարտական պատրաստականության նորմատիվներով:

«2016-ի երկրորդ կեսին «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանը, որը գտնվում է ՀՀ-ում, կստանա 4-րդ սերնդի բազմաթիրախային ճակատային ՄիԳ-29 կործանիչների նոր խմբաքանակ և Մի-8 մեկ տրանսպորտային ուղղաթիռ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Արդեն Ամանորից հետո ինժեներատեխնիկական կազմը կսկսի պատրաստել հատուկ հագեցվածության կայանատեղիներ նոր ավիացիոն տեխնիկայի համար, այդ թվում հատուկ հավաքվող-ապամոնտաժվող մոդուլներ ինքնաթիռների և ուղղաթիռների համար:

2015-ի դեկտեմբերին Ռուսաստանը համալրել է Հայատանում գտնվող ռազմակայանը մարտկան և տրանսպորտային ուղղաթիռների նոր խմբաքանակով:

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան նույնպես Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է: Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները։

2011-ին ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը երկարացվեց մինչև 2044 թ.:

2015-ին ռուսական ռազմակայանի Քամհուդ և Ալագյազ բարձր լեռնային ուսումնամարզական համալիրներում արդիական անօդաչու թռչող սարքերի «Նավոդչիկ-2» և «Օրլան» համալիրներից յուրաքանչյուրն օդում անցկացրել է առնվազն 150 ժամ:

Ուսումնական ձմեռային հատվածում թռիչքներն իրականացվելու են էքստրեմալ կլիմայական պայմաններում 1600-2200 մ բարձրության վրա, – 30 մինչև – 5 ջերմաստիճանի պայմաններում:

Անօդաչու թռչող սարքերի առանձնահատկությունը դրանց գրեթե լիակատար անտեսանելիությունն է ցամաքից, հետախուզական թռիչքներն ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին, միանգամից մի քանի թիրախ հետապնդելու ունակությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---