Հունվարի 9-ին և 10-ին Երևանի պոլիկլինիկաները կաշխատեն հատուկ ռեժիմով

Հունվարի 9-ին և 10-ին Երևանի պոլիկլինիկաները կաշխատեն հատուկ ռեժիմով

PanARMENIAN.Net - Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին՝ հունվարի 9-ին և 10-ին, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատությունները կաշխատեն հատուկ ռեժիմով՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն: Այս մասին հանձնարարական է տվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հաշվի առնելով վերջին օրերին բնակչության շրջանում նկատվող սուր-շնչառական վարակներով հիվանդացության թվի ավելացումը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Նույն աշխատակարգով կաշխատեն նաև տեղամասային բժիշկները և մանկաբույժները: Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ, պոլիկլինիկաներ է դիմել 915 քաղաքացի: Շտապօգնության կողմից դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը ներառյալ սպասարկվել է 5840 կանչ:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրապետության հիվանդանոցներում բուժում է ստանում գրիպով և սուր շնչառական վարակներով 514 մարդ, որից 442-ը` մինչև 18 տարեկան։ Հիվանդներից 126 -ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, 2016-ին գրանցվել է խոզի գրիպի՝ H1N1 վիրուսային հիվանդության 27 դեպք։

ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ արձագանքման խումբը հանրապետությունում համաճարակաբանական վիճակը վերահսկելի և կառավարելի պահելու նպատակով շարունակում է աշխատանքները: Նախարարի հանձնարարությամբ ձևավորված խմբի անդամները նախատոնական և տոնական օրերին վաղ առավոտից համայցեր են իրականացնում տարբեր բժշկական կազմակերպություններ:

Նախարարը վստահեցրել է, որհամաճարակաբանական վիճակը վերահսկելի է և կառավարելի, բժշկական կազմակերպություններն Երևանում և մարզերում ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:

Առողջապահության նախարարի միջնորդությունը հիմք ընդունելով՝ Հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսումնական տարին կշարունակվի հունվարի 18-ից։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---