Հայ-թուրքական խնդիրները պետք է լուծվեն քաղաքակիրթ ճանապարհով

PanARMENIAN.Net - Թուրքիայի հանդեպ Եվրամիության դիրքորոշման մեջ կա երկու մոտեցում` պետությունների մի խումբ, առաջին հերթին Ավստրիան, պնդում է արտոնյալ գործընկերության տարբերակը, երկրորդ խումբը Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ պնդում է, որ Թուրքիային հարկավոր է ժամանակ տալ Եվրամիությանն անդամակցելու իր պարտավորությունները կատարելու համար: Այդ մասին Երեւանում հայտարարել է արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: «ԵՄ գագաթնաժողովի որոշումը Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու մասին սպասվում էր, դա յուրօրինակ զիջում է եւ Թուրքիային հնարավորություն է տրվում կատարել իր պարտավորությունները Կիպրոսի մասով»,-նշել է նա: Նա նաեւ ընդգծել է, որ եվրոպացիները չեն ցանկանում փակել դռները Թուրքիայի առջեւ, սակայն միեւնույն ժամանկ պնդում են իրենցը: «Հայաստանի համար այս դեպքում կարեւոր է, որ Թուրքիան սկսի ԵՄ կողմից առաջադրված բարեփոխումները, քանի որ մեր երկրի համար լավ կլինի, եթե նա կանխատեսելի հարեւան ունենա, որը ճանաչում է իր անցյալը: Հայաստանը շահագրգռված է, որ հայ-թուրքական խնդիրները լուծվեն քաղաքակիրթ ձեւով»,-ասել է Սաֆրաստյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ եվրոպական հանրությունը հիանալի գիտի, թե ինչ է ներկայացնում իրենից ժամանակակից Թուրքիան եւ չի ցանկանում իր կազմում մի երկիր ունենալ, որը չի կիսում եվրոպական արժեքները:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---