ՀՀ-ից մի շարք գյուղմթերքների ներմուծումը ՌԴ արգելվել է

ՀՀ-ից մի շարք գյուղմթերքների ներմուծումը ՌԴ արգելվել է

PanARMENIAN.Net - Ռուսաստանն արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան։

Գյուղատնտեսական վերահսկողական ծառայության՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի ժամանակավոր սահմանափակումը գործում է հունվարի 20-ից, ՏԱՍՍ-ին հղումով հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Այդ կառույցի ղեկավարի տեղակալ Եվգենի Նեպոկլոնովն ասել է, որ արգելքը պայմանավորված է Հայաստանում դաբաղ տիպի հիվանդության հետ կապված անկայուն իրավիճակով։ Նրա խոսքով, մեծ ռիսկեր կան, որ ներմուծվող գյուղմթերքների հետ այդ հիվանդությունը կարող է Ռուսաստան անցնել։

Դաբաղը ինֆեկցիոն հիվանդություն է, որով կարող են վարակվել խոշոր եղջերավոր անասունները, նաև խոզերը, այծերը, ոչխարները, այլ կենդանիներ։

Մարդկանց վարակվելու հիմնական վտանգը հիվանդ կենդանիների կաթի և կաթնամթերքի օգտագործումն է, հիվանդությունը, ոչ հաճախակի դեպքերում, կարող է մարդուն անցնել նաև այդ կենդանիների միսը օգտագործելու միջոցով։

Ներմուծման արգելքը հիմնականում վերաբերում է անասնապահական ապրանքներին, կենդանիներին, որոնք կարող են վարակվել դաբաղով. արգելվում է խոզի, ոչխարի, այծի, ցուլի, գոմեշի, տավարի մսի, ինչպես նաև կաթից ստացված մթերքների ներմուծումը, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող բարձր աստիճանի ջերմային մշակում չեն անցել։

Ռուսաստանը արգելել է նաև Հայաստանից բրդի, կաշիների, մորթիների, խոզանակի մազի ներմուծումը, որոնք նույնպես վիրուսը ոչնչացնող երաշխավորված մշակումներ չեն անցել։

«Ռոսսելխոզնադզոր»-ի փաստաթղթում նշված է, որ այդ ապրանքները Ռուսաստանի տարածքով տարանցիկ տեղափոխելը ևս արգելվում է։

Հաղորդելով ներմուծման ժամանակավոր սահմանափակումների մասին, Ռուսաստանի համապատասխան ծառայությունները նաև հայտնում են, որ նոր պատվաստանյութ են արտադրելու Հայաստանի համար՝ պայքարելու դաբաղի դեմ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---