Նախագահը՝ Զալբերին. Կարևոր է ԼՂ հարցում ԵՄ հավասարակշիռ դիրքորոշման պահպանումը

Նախագահը՝ Զալբերին.  Կարևոր է ԼՂ հարցում  ԵՄ հավասարակշիռ   դիրքորոշման պահպանումը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 27-ին ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Նախագահը հույս հայտնել, որ Զալբերն իր մանդատի շրջանակում կանի ամեն հնարավորը տարածաշրջանում հակամարտող կողմերի միջև վստահության հաստատման համար, ինչը կնպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:

Սարգսյանը կարևորել է ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում ԵՄ հավասարակշռված դիրքորոշման պահպանումը և խնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հանձնառության իրականացումը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը վստահեցրել է, որ Միությունը շահագրգռված է հիմնախնդրի շուտափույթ ու խաղաղ կարգավորմամբ և ցանկանում է իր հնարավորությունների սահմաններում նպաստել հիմնախնդրի լուծմանը՝ աջակցելով այդ հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին, որը միակ համաձայնեցված և ընդունելի ձևաչափն է:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի շրջանակում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, առկա իրավիճակին և գործընթացում առաջընթաց արձանագրելու հնարավորություններին: ՀՀ նախագահը ներկայացրել է հայկական կողմի մոտեցումները:

Սարգսյանը և Զալբերը մտքեր են փոխանակել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵՄ հնարավոր աջակցության ուղիների վերաբերյալ:

Հանդիպմանը ևս մեկ անգամ երկուստեք ընդգծվել է, որ ԼՂ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի, և այն կարող է կարգավորվել միայն հակամարտող կողմերի շահերը բավարարող և կողմերի համար ընդունելի փոխզիջումների հիման վրա:

Վերջին անգամ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել էՀերբերտ Զալբերին 2015-ի նոյեմբերի 3-ին: ԵՄ հատուկ ներկայացուցիչն հանդիպմանը նույնպես նշել է, որ Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

 Ուշագրավ
---