«Վերապրածը» դարձել է բրիտանական BAFTA կինոմրցանակի հաղթողը

«Վերապրածը» դարձել է բրիտանական BAFTA կինոմրցանակի հաղթողը

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Քովենթ Գարդեն» թագավորական թատրոնում տեղի է ունեցել Բրիտանիայի BAFTA Կինոյի և հեռուստատեսային արվեստների մրցանակաբաշխությունը: Ինչպես և ակնկալում էին վերլուծաբանները, կինոմրցանակն այս անգամ լուրջ անակնկալներ չի մատուցել: Մեքսիկացի Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Վերապրածը» (The Revenant) վեսթերնը հաղթող է ճանաչվել հիմնական կատեգորիաներում:

Լեոնարդո դի Կապրիոյի գլխավոր դերակատարմամբ ֆիլմը հաղթել է 8 անվանակարգի 5 կատեգորիաներում` «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք» (Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու), «Լավագույն դերասան» (Լեոնարդո դի Կապրիո), «Լավագույն օպերատորական աշխատանք» (Էմանուել Լյուբեցկի) և «Լավագույն ձայն»:

Մրցանակների քանակով երկրորդը Ջորջ Միլլերի «Խենք Մաքսը. Ցասման ուղի» (Mad Max: Fury Road) կինոնկարն է: Կինոնկարը հաղթող է ճանաչվել BAFTA-ի 7 անվանակարգերից 4-ում. «Լավագույն գրիմ և վարսահարդարանք», «Նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք», «Կոստյումների լավագույն դիզայն» և «Լավագույն մոնտաժ»:

«Լավագույն բրիտանական ֆիլմ» մրցանակին արժանացել է Ջոն Քրաուլիի «Բրուքլինը» (Brooklyn): Արգենտինացի Դամիան Շիֆրոնի «Վայրի պատմություններ» (Relatos salvajes) ֆիլմը մրցանակի է արժանացել «Լավագույն ոչ անգլալեզու» ֆիլմ անվանակարգում: Կինոակադեմիան բարձր է գնահատել Բրի Լարսոնի ցնցող դերասանական խաղը «Սենյակ» (Room) դաժան դրամայում` նա ճանաչվել է լավագույն դերասանուհի:

Բրիտանացի Մարկ Ռայլենսը, որը կատարել է լրտես Ռուդոլֆ Աբելի դերը Սթիվեն Սփիլբերգի «Լրտեսական կամուրջ» ֆիլմում (Bridge Of Spies), մրցանակի է արաժանացել «երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Քեյթ Ուինսլեթը, Դենի Բոյլի «Սթիվ Ջոբս» (Steve Jobs)ֆիլմում դերի համար: Pixar ստուդիայի «Գլուխկոտրուկը» (Inside Out) մրցանակի է արժանացել «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում:

«Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում BAFTA մրցանակին է արժանացել «Ուշադրության կենտրոնում» (Spotlight) դրաման, իսկ «Անկման խաղը» (The Big Short) տնտեսական թրիլերը մրցանակի է արժանացել «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում: Մաեստրո Էնիո Մորիկոնեն մրցանակի է արժանացել «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում Քվենտին Տարանտինոյի «Ատելի ությակը» (The Hateful Eight) ֆիլմի համար գրած երաժշտության համար:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---