Ավետիսյանների սպանության գործով հերթական նիստն էր. Վկաներն են հարցաքննվել

Ավետիսյանների սպանության գործով հերթական նիստն էր. Վկաներն են հարցաքննվել

PanARMENIAN.Net - Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Հարցաքննվել է երկու վկա. մեկը սահմանապահ զորքերի ուղեկալի վարորդ Արա Աթոյանն է, մյուսը սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Սերգեյ Մերլզիկինը:

Վերջինս ասել է, որ անձամբ մասնակցել է Պերմյակովի որոնողական աշխատանքներին, երբ 2015-ի հունվարի 12-ի գիշերը հայտնի է դարձել, որ ռազմաբազայի հերթապահ մասից մարդ է փախել:

Մոտակա ուղեկալից վերցրել են ամենալավ որսորդական շանը ու սկսել են Պերմյակովի որոնողական աշխատանքները: Ռազմաբազայի տարածքում Պերմյակովից նմուշ են գտել նրա սաղավարտը ու ոտնահետքերով գնացել են: Հասել են սեփական մի տուն, որի դռները փակ էին, չեն կարողացել ներս մտնել, սակայն այստեղ եղել է Պերմյակովի 18 ոտնահետք:

Հրամանատարի տեղակալը նշել է, որ իր կարծիքով՝ Պերմյակովը այս տարածքում չի կողմնորոշվել, գրում է Aravot.am-ը:

Այնուհետ ըստ վկայի՝ հաջորդ օրը ռուս սահմանապահ ուղեկալի կապիտան Խաչատրյանի հետ կապ է հաստատել, որն իրեն զեկուցել է, թե լապտերի շողք է տեսնում Բայանդուրի ուղեկալում, այնուհետև զեկուցել է, որ անհայտ մարդ է մոտենում փշալարերին:

«Ես հրամայեցի թաքնվել ու աննկատ մոտենալ ազդանշանային համակարգին: Դրանից հետո Խաչատրյանը զեկուցել է, թե ինչ է տեղի ունենում: Նա ասել է, որ քաղաքացիական հագուստով մարդ է մոտենում, որը նման է Պերմյակովին»,- պատմել էվկան: Վերջինս ասել է, որ դրանից հետո Պերմյակովին տարել են իր աշխատասենյակ, կատարել են ճանաչողական զննում, ստուգել են փաստաթղթերը, նրա մոտ եղած իրերը, անգամ բժշկական ստուգում անցկացրել, ու հենց իր աշխատասենյակում փաստաթուղթ ստորագրելով՝ Պերմյակովին հանձնել են ռազմաբազայի հրամանատար Ռուզինսկուն: Ավետիսյանների փաստաբանները հետաքրքրվեցին, թե տեղյա՞կ էր արդյոք վկան, որ առանց հայ իրավապահների իրավունք չունեին որոնողական աշխատանքներ կատարելու: Հրամանատարի տեղակալը պարզաբանել է, որ դա իր խնդիրը չէր, քանի որ Պերմյակովը ռազմաբազայից էր փախել, ուստի և ոստիկաններին այդ մասին պետք է տեղեկացներ ոչ թե օգնության գնացածը, այլև այն կառույցը, որից դիմել էր փախուստի:

Ըստ վկայի, հայ ոստիկանները երկու խմբով իրենց են միացել այն փակ տան դիմաց, որտեղ գտել էին Պերմյակովի ոտնահետքերը: Սերգեյ Մերլզիկինն ասել է, որ հայ ոստիկաններից գնդապետի, մայորի կոչում ունեցող անձինք նույնպես եղել են իր առանձնասենյակում՝ Պերմյակովին ճանաչողական զննության ենթարկելիս:

Փաստաբանների հարցին՝ դուք անձամբ տեսե՞լ եք Շիրակի ոստիկանապետին կամ Գյումրիի ոստիկանապետին, վկան պատասխանել է՝ ոչ, նրանք չէին եկել: Վերջինս Պերմյակովի որոնողական աշխատանքներն առանց հայ իրավապահների սկսելը բացատրել է նաև նրանով, որ շան հետ կատարվող որոնողական աշխատանքներն առանձնահատուկ են, այդ պահին չեն թողնում շատ մարդկանց, որպեսզի շունը չկորցնի հոտի հետքը:

Փաստաբանների հարցին՝ ձեր առանձնասենյակում ռազմաբազայի ներկայացուցիչների և հայ իրավապահների միջև խոսակցություններ չծավալվեցի՞ն այն մասին, թե որ կողմին պիտի հանձնեն Պերմյակովին, վկան ասել է՝ «կներեք, ես ուրիշների խոսակցությունները չեմ լսում»: Հարցին՝ գիտեի՞ք, որ դասալիք Պերմյակովը սպանություն է կատարել, վկան պատասխանել է, որ «Շանթ» հեռուստաընկերությունից է լսել: Փաստաբանները նրան հիշեցրել է, որ իր ծառայակիցները դատարանում ցուցմունք են տվել այն մասին, որ Պերմյակովի փախուստից անմիջապես հետո հեռուստատեսությամբ տեսել են Վալերի Պերմյակովի նկարը և գիտեին, որ նա է սպանություն կատարածը, այդ ինչպե՞ս է, որ վկան նման պաշտոն զբաղեցնելով և որոնողական աշխատանքների մեջ ներգրավված լինելով՝ երկու օր շարունակ տեղեկություն չի ունեցել, որ Պերմյակովը սպանության մեջ կասկածվում է:

Սահմանապահ ուղեկալի հրամանատարի տեղակալն ասել է, որ ինքը գիտեր այդ մասին, ուղղակի մթության մեջ քաղաքացիական հագուստով մարդ ձերբակալելիս չէր կարող հաստատ պնդել, թե Պերմյակովն է: Ըստ վկայի՝ Պերմյակովին տարել է իր աշխատասենյակ, ճանաչողական զննություն կատարել, փաստաթղթի պարունակությունն ուսումնասիրել, նոր իմացել է, որ հաստատ նա է: Վերջինս ներկայացրել է մի դրվագ իր և Վալերի Պերմյակովի խոսակցությունից:

«Նրան մի քանի հարց տվեցի: Հարցրեցի՝ Պերմյակով, ինչո՞ւ սպանեցիր մարդկանց: Նա ասաց՝ դա ես չէի: Հարցրեցի՝ որտե՞ղ էիր թաքնվել, պատասխանեց՝ ոչ հեռու: Հարցրի՝ որտե՞ղ է քո զենքը, պատասխանեց՝ թաքցրել եմ, բայց կարող եմ ցույց տալ տեղը: Հետաքրքրվեցի՝ ի՞նչ ես կերել, Պերմյակովն ասաց՝ տաքսիստը ինձ 3 շաուրմա և 3 «պեպսի-կոլա» բերեց»:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2015-ի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կատարվել է ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից, որը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։ Վալերի Պերմյակովը արդեն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ զենքով դասալքության, զենք և զինամթերք գողանալու և դրա անօրինական ձեռքբերման, փոխանցման, պահպանման, տեղափոխության և կրման հանցագործությունների համար նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածով: Դատապարտյալը պատիժը կկրի խիստ ռեժիմով գաղութում: Այսպիսի դատավճիռ է կայացրել Հայաստանում տեղակայված Ռուսաստանի 5-րդ կայազորային զինդատարանը օգոստոսի 12-ի նիստում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---