Նալբանդյանը՝ Մոգերինիին. Արժևորում ենք փախստականների հարցում ԵՄ կողմից ՀՀ-ին հնարավոր օժանդակությունը

Նալբանդյանը՝ Մոգերինիին. Արժևորում ենք փախստականների հարցում ԵՄ կողմից ՀՀ-ին  հնարավոր օժանդակությունը

PanARMENIAN.Net - Մարտի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա ‪‎Մոգերինիին:

‪‎Մոգերինին նշել է, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի ամուր գործընկերության հաստատումը շահեկան է ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև ամբողջ տարածաշրջանի համար:

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է արվեց Հայաստան - Եվրոպական միություն գործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի, հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ընթացքին:

Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու համապարփակ գո րծակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Կողմերն անդրադարձան գործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերին՝ քաղաքական երկխոսությանը, շարժունակությանը, մարդու իրավունքներին, տնտեսական բարեփոխումներին, ԵՄ տարբեր ոլորտային ծրագրերին Հայաստանի մասնակցությանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը շնորհակալ է Եվրոպական միությանը՝ տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության և օժանդակության համար, ինչը նշանակալի դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար։ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպական միությանը՝ ԱԳՆ դիվանագիտական դպրոցին հիմնադրումից ի վեր ցուցաբերվող կարևոր աջակցության համար։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում տիրող իրավիճակի, ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերը համախմբելու կարևորության շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց միգրացիոն ճգնաժամին և փախստականների հոսքերին։ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում ապաստանել են Սիրիայից ժամանած մոտ 20.000 փախստականներ:

Հայաստանը հանդիսանում է բնակչության թվի հարաբերակցությամբ՝ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում:

Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ հայկական կողմը արժևորում է այս հարցում ԵՄ կողմից Հայաստանին հնարավոր օժանդակության ցուցաբերումը։

Բանակցությունների օրակարգում էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածության իրականացումը։ Նալբանդյանը ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Մոգերինին վերահաստատել է ԵՄ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Կողմերը համակարծիք էին, որ իրավիճակի սրմանը նպաստող ապակառուցողական քայլերը, ռազմատենչ հռետորաբանությունը վնասակար են և նպաստում են ստատուս քվոյի երկարաձգմանը։

Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է հետևողական ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։

2015-ի դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ ‪‎Նալբանդյան‬ը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա ‪‎Մոգերինի‬ն ազդարարել են Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը:

Հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին:

Նոյեմբերին 4-ին Հայաստանում կանցկացվի Հայաստան-ԵՄ գործակցության կոմիտեի նիստը, իսկ նոյեմբերի 19-20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկու կարևոր փաստաթուղթ:

2013-ի նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում նախատեսվում էր ՀՀ և ԵՄ միջև Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին:

Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար դարձրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

Կարդացեք նաև՝ Euractiv. Փախստականներին ընդունելով Հայաստանը ցույց է տվել՝ եվրոպական արժեքները կիսող պետություն է

 Ուշագրավ
---