Գյուղնախարար. Մթերված խաղողի դիմաց վճարեք մինչև ապրիլի 1-ը![]() 4 մարտի 2016 - 10:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարտի 3-ին հրավիրել էր խորհրդակցություն խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր 2015-ին մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ առկա պարտավորությունների կատարման, պատրաստի արտադրանքի իրացման, 2016-ի մթերման ծրագրերի և ոլորտում առկա խնդիրների քննարկումը: «Անցած տարի լուրջ խնդիրներ առաջացան մթերումների հետ կապված, և մենք պետք է ջանքեր գործադրենք այս տարի դրանցից խուսափելու համար` առաջին հերթին վերամշակող ընկերությունների և գյուղացիական տնտեսությունների միջև պայմանագրերի կնքման միջոցով, ինչը թույլ կտա հստակեցնել կողմերի պարտավորությունները, մասնավորապես` վճարումների պայմաններն ու ժամկետները», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը: Անդրադառնալով 2015-ին խաղողի մթերումների հարցում ծագած խնդիրներին` նախարարը նշել է, որ կառավարությունը հաշվի առնելով, որ ընկերությունները շրջանառու միջոցների խնդիրներ ունեին, մատչելի վարկեր տրամադրեց նրանց: Մի շարք ընկերություններ օգտվեցին այդ հնարավորությունից, և այժմ էլ պետությունը պատրաստ է օժանդակել բոլոր այն ընկերություններին, որոնք համապատասխան գրավի առարկա կարող են ներկայացնել: Ընդգծելով, որ այժմ առաջնահերթ է վճարումների իրականացման հարցը` հատկապես հաշվի առնելով 2016-ի գարնան գյուղատնտեսական աշխատանքների սովորականից ավելի վաղ սկսվելու հանգամանքը, նախարարը հորդորել է վերամշակող ընկերություններին մինչև ապրիլի 1-ն ավարտին հասցնել մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին վճարումների կատարումը: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի փետրվար ամսին Հնդկաստան կատարած այցի արդյունքները: Խորհրդակցության մասնակիցներին տրամադրվել են հայկական արտադրանքի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած հնդկական ընկերությունների կոնտակտները` գործարար կապեր հաստատելու և հայկական կոնյակն ու գինին Հնդկաստանի շուկա արտահանելու հնարավորությունների շուրջ բանակցություններ սկսելու նպատակով: Նախարարը նշել է, որ այս տարվա ընթացքում որոշ հնդկական ընկերություններ նախատեսում են այցելել Հայաստան, և նախարարությունը նաև կնախաձեռնի հայկական ընկերությունների հետ գործարար հանդիպումների կազմակերպումը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև խաղողագործության և գինեգործության ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր ևս: Սեպտեմբերի 18-ին Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ փակել էին Արմավիր-Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով, որպեսզի գյուղնախարար Սերգո Կարապետյանը պարզաբանի, թե ինչու գործարանները չեն սկսել խաղողի մթերումը։ Նմանատիպ խնդիր կար նաև Արարատի մարզում. նույն օրը մի շարք համայնքների բնակիչներ փակել էին Արարատ-Երևան ճանապարհը: Այն բացվել է միայն նախարարի այցից հետո: Կարապետյանը գյուղացիներին փոխանցել է, որ հորդորել է գործարանների տնօրինությանը` մթերել գյուղացու արտադրած ամբողջ խաղողը: Արարատի մարզում որոշ գյուղերի բնակիչներ սեպտեմբերի 28-ին դարձյալ բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով լուծում տալ խաղողի մթերման հարցին: Նրանք փակել էին ճանապարհը՝ դժգոհելով, որ մթերող կազմակերպություններն իրենց բերքն ամբողջությամբ չեն մթերում: Նույն օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ կրկին այցելել էր Արարատի մարզ, եղել տեղի մթերող կազմակերպություններում, հանդիպել խաղողագործների հետ՝ ծանոթացել մթերման աշխատանքների ընթացքին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության սեպտեմբերի 25-ի նիստին հայտարարել է, որ Կառավարությունը պատրաստ է աջակցել հանրապետությունում խաղողի մթերման հարցում: «Խնդրում եմ իրականացնել ամենօրյա հետևողական աշխատանք և եթե հարց լինի՝ մենք պատրաստ ենք աջակցել», - ասել է Կառավարության ղեկավարը: Խաղողի մթերման գործընթացը վերահսկվում է վարչապետի վերահսկողական ծառայության կողմից: Նիստին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են. աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 7-ից: Կարապետյանի խոսքով՝ խաղողի մթերման հարցում կան որոշակի դժվարություններ: Հասկանալի պատճառներով, գինեգործարանները հիմնականում չեն կարողացել ֆինանսական հոսքեր ապահովել, որոնք նախատեսված էր տարեսկզբին՝ կապված արտահանումների ծավալների կրճատման հետ: Նախարարը նշել է, որ որոշ կազմակերպություններում տարաները լիքն են, սակայն բոլորի կողմից կա այն մոտեցումը, որ խաղողը պետք է մթերվի ամբողջապես, և դաշտում խաղող չի մնալու: Կարապետյանի տվյալներով՝ այսօրվա դրությամբ մթերվել է 80 հազար տոննա խաղող, 2014-ից մոտավորապես 20 հազար տոննա պակաս: Մթերողների թիվն ավելանում է, սական նախարարը համոզված է՝ թեկուզ եղած դժվարություններով հանդերձ մթերումները նորմալ են անցկացնելու: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |