Նալբանդյանը Ղարաբաղի, թուրքերի «խոստումների», իրանական հեռանկարների և ՌԴ հետ գործակցության մասին 9 մարտի 2016 - 14:33 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ն բազմիցս է իր աջակցությունը հայտնել Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ջանքերին և նշել, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այդ մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն` անդրադառնալով եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը պետք է բացառվի և հարկավոր է սատարել կարգավորման մադրիդյան սկզբունքներին ու Մինսկի խմբի գործունեությանը: Նախարարը նաև գնահատել է Մինսկի խմբի գործունեության հեռանկարները: «Ֆեդերիկա Մոգերինին միայն հաստատեց այդ դիրքորոշումը: Մենք միշտ բարձր ենք գնահատել Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Ցավոք, հակամարտության կողմերից մեկն այլ կարծիք ունի։ Ոչ միջնորդները, ոչ էլ Հայաստանը մեղավոր չեն, որ մինչ օրս լուծում չի գտնվել: Մենք բազմից ենք հայտարարել, որ պատրաստ են գնալ կարգավորման համանախագահների ներկայացրած առաջարկների հիման վրա: Իսկ Ադրբեջանը քննադատում է այդ առաջարկները, համանախագահներին: Հասել է նրան, որ Բաքուն սկսել է մեղադրել նրանց իսլամատյացության մեջ, հայտարարելով, թե անիմաստ է նրանց հետ հանդիպելը, քանի որ վերջիններս ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա: Հավանաբար, Ադրբեջանում այնքան էլ լավ չեն հասկանում միջնորդության դերը: Միջնորդների ջանքերն առաջին հերթին պետք է ուղղված լինեն երկխոսություն ծավալելուն, հանդիպումներ կազմակերպելուն, կողմերի դիրքորոշումները մերձեցնելուն, ոչ թե այս կամ այն կողմի հանդեպ ճնշում գործադրելուն»,-հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը: Նախարարի խոսքով, ղարաբաղյան հիմնախնդիրն այն եզակի դեպքերից է, երբ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան միասնական մոտեցում են ձևավորել կարգավորման վերաբերյալ: Նրանք կոնկրետ առաջարկներ են ներկայացրել, որոնց հիման վրա կարելի է հասնել հակամարտության կարգավորման: Այդ առաջարկներն արտացոլված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ այդ երկրների նախագահների 5 հայտնի հայտարարություններում: Հայաստանը ողջունել է դրանք՝ նշելով, որ դրանց հիման վրա պատրաստ է շարունակել հակամարտության կարգավորման ուղիների որոնումների շուրջ բանակցությունները: Ադրբեջանը սակայն մինչ օրս ձևացնում է, թե նման հայտարարություններ ընդհանրապես չեն արվել: «Բանակացություններին այլընտրանք չկա, և մենք համանախագահների հետ համատեղ շարունակելու ենք ջանքերն, ուղղված խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,-ասել է նախարարը: Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ վերջերս արված հայտարարությանն այն մասին, որ «ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին զենքի ցանկացած մատակարարում իրականացվում է, հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի բալանսի պահպանումը»` ԱԳ նախարարն ասել է. «Մենք ստիպված ենք ջանքեր գործադրել հավասարակշռությունը տարածաշրջանում պահպանելու և իրավիճակի նոր սրում, թույլ չտալու համար: Վերջին տարիներին Ադրբեջանը բազմապատկել է իր ռազմական ծախսերը: Մենք դաշնակցային հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, շատ սերտ ռազմական, այդ թվում ռազմատեխնիկական համագործակցություն: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մենք առաջին հերթին զենքը գնում ենք մեր ռազմավարական դաշնակցից և հետագայում ևս սերտորեն համագործակցելու ենք Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում: Բնական է, որ Ռուսաստանը, որպեսզի զենքի խոշոր արտադրող, վաճառում է այն տարբեր երկրների: Սակայն մենք հիացած չենք այն հանգամանքից, որ Ադրբեջանն է զենք գնում և գրեթե ամեն օր սպառնում է նոր պատերազմ սկսել: Մեզ չի կարող դուր գալ, որ սպառազինությունը նա գնում է մեր դաշնակցից, որը շատ ջանքեր է գորածդրում համագործակցելու համար Հայաստանի հետ, այդ թվում ՀԱՊԿ շրջանակում»: Պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք լայնածավալ պատերազմ, եթե առաջիկայում կարգավորման լծակները գործի չդրվեն` Նալբանդյանն ասել է, որ Հայաստանում կիսում են այն տեսակետը, որ պատերազմը կարգավորման ճանապարհ չէ: ՄԽ համանախագահները, թեև ձգտում են հանդես գալ չեզոք դիրքերից, նախորդ տարի ստիպված էին մի քանի հասցեական հայտարարություններ անել` դատապարտելով ծանր զինտեխնիկայի և հրետանու կիրառումը, կոչ անելով պահպանել հրադադարի ռեժիմը, ինչպես նաև համաձայնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում, Հայաստանի հետ սահմանին հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ ստեղծելու առաջարկին: Նրանք կոչ արեցին դադարեցնել եռանախագահների քննադատությունը և վերահաստատել հակամարտության խաղաղ կարգավորմանը հանձնառությունը: Ըստ նախարարի, այդ մեխանիզմը կարող էր հետագա սրացումը կանխելու գործիք դառնալ: Համանախագահները նաև հորդորել են դադարել իրենց քննադատել և հաստատել, որ հավատարիմ են խաղաղ կարգավորման ծրագրին: Հասկանալի է, որ բոլոր այս հորդորները հասցեագրված են Ադրբեջանին, քանի որ Հայաստանը երբեք չի քննադատել Մինսկի խմբին: Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին, շարունակում է կիրառել ծանր հրետանի, գնդակոծել քաղաքացիական օբյեկտները: Բաքուն հրաժարվում է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումից, հետ քաշել դիպուկահարներին շփման գծից: Հրաժարվում է պահպանել անժամկետ հրադադարի հաստատման մասին 1994թ. մայիսի և հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին 1995թ. փետրվարի եռակողմ համաձայնությունները: «Ադրբեջանը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը, փորձում է հակամարտության շուրջ քննարկումները տեղափոխել այլ ձևաչափ: Սակայն Բաքվից հնչող հայտարարություններն այն մասին, որ պետք է դադարեցնել բանակցություններն ու հրաժարվել միջնորդների հետ հանդիպումներից, ոչ այլ ինչ են, քան շանտաժի հերթական փորձ: Համանախագահները բազմիցս են հայտարարել, որ նման փորձերը վնասակար են: Այն, որ Ադրբեջանը հանդես է գալիս համանախագահների հասցեին քննադատություններով, նշանակում է, որ Ադրբեջանը հակադրվում է միջազգային հանրությանը, առնվազն ԵԱՀԿ-ին, քանի որ ԵԱՀԿ բոլոր անդամ-երկրներն են համանախագահներին միջնորդության մանդատ հանձնել: Համանախագահները բացահայտ ասում են, որ Բաքվի կողմից իրենց ջանքերի քննադատությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ կարգավորման հասնելու քաղաքական կամքի բացակայություն: Մեզ համար ակնհյատ է, որ բանակցություններին այլընտրանք չկա»,-ասել է նախարարը: Խոսելով այն մասին, թե ինչպես է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարդացումն անդրադառնում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա և անդրադառնալով թուրքական կողմի խոստումներին «Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատագրմանը աջակցելու վերաբերյալ»` Նալբանդյանն ասել է. «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ թուրքական ղեկավարությունը կորցնում է իրականության զգացումը, այն էլ ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին քաղաքականության մեջ: Վարչապետը Ահմեդ Դավութօղլուն հայտարարում է, որ այսօր քրդերը համագործակցում են Ռուսաստանի հետ ճիշտ այնպես, ինչպես 20-րդ դարի սկզբում համագործակցում էին «հայկական ավազակախմբերը»։ Նման հայտարարությունը շատ լուրջ ահազանգ է միջազգային հանրության համար` թե ինչ կարող է լինել քրդերի հետ: XX -րդ դարի սկզբում Թալեաթ փաշայի՝ Հայոց ցեղասպանության պարագլուխներից մեկը ճիշտ նույն կերպ մեղադրում էր Ռուսաստանին «հայերին զինելու ու հրահրելու մեջ»: Ակնհայտ է, որ 100 տարվա ընթացքում Թուրքիայի իշխանական վերնախավում շատ բան չի փոխվել։ Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի, ավելի լավ է որքան հնարավոր է հեռու մնա այդ գործընթացից: Նալբանդյանը նաև անդրադարձել է այն հարցին, թե արդյոք Երևանը զգում է ԵՄ աջակցության կարիքը Սիրիայից փախստականների ընդունման հարցում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը բնակչության թվի հարաբերակցությամբ դարձավ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը: Նա նշել է. «Մենք չէինք կարող անտարբեր մնալ Սիրիայի իրադարձությունների հանդեպ, նաև այն բարդությունների, որոնց բախվում էին այնտեղ ապրող մեր հայրենակիցները: Սիրիայում, ինչպես ընդհանրապես Մերձավոր Արևելքում, ավանդաբար մեծ հայկական համայնքներ կան: Մենք, օգնության ձեռք ենք մեկնել և արդեն ընդունել մոտ 20 հազար փախստականի, ինչը Հայաստանի պես փոքր պետության համար չափազանց մեծ թիվ է: Այդ մարդկանց համար անհրաժեշտ է ստեղծել ինտեգրման համապատասխան պայմաններ: Հայաստանն աջակցության կարիք ունի մարդկանց օգնելու համար, քանի որ շատերը ստիպված են զրոյից սկսել իրենց կյանքը: Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել քննելու հատուկ հիմնադրամից Հայաստանին միջոցների տրամադրման հնարավորությունը: Իհարկե, մենք շնորհակալ կլինենք, եթե համապատասխան կառույցներն օգնեն փախստականներին, որոնց ընդունել է Հայաստանը: Ինչ վերաբերում է Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո այդ երկրի հետ ՀՀ հարաբերությունների հեռանկարներին, քանի որ, ինչպես ասվում է հարցում, Թուրքիայի դիրքորոշման պատճառով Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային ձևաչափերից, նախարարն ասել է. «Չէի ասի, որ Հայաստանը գտնվում է տարածաշրջանային համագործակցության շրջանակներից դուրս: ՀՀ-ն մոտ 90 միջազգային կազմակերպության անդամ է և ակտիվ ներգրավված է տարբեր միջազգային և տարածաշրջանային ձևաչափերում: Անշուշտ մենք ուրախ ենք, որ Իրանի դեմ պատժամիջոցների մեծ մասը հանվել է, իսկ հեռանկարում ակնկալվում է նաև մնացած պատժամիջոցների վերացում: Իրանի հետ մենք ունենք բարիդրացիական հարաբերություններ, խոշոր համատեղ նախագծեր, որոնցից շատերը դժվար էր իրականացնել գործող պատժամիջոցների պատճառով: Այժմ հնարավորություններ են ստեղծվել այդ նախագծերի լիարժեք իրականացման, ինչպես նաև տնտեսական համագործակցության նոր հնարավորությունների քննարկումների համար: Մենք լուրջ ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ: Իրանը մեզ համար «բարի դրացի» է և դրանք զուտ խոսքեր չեն: Մեր բարեկամությունը բխում է դարերի խորքից: Իրանում մեծ հայ համայնք կա, որը հարգանք է վայելում և բարի վերաբերմունք: Իրանի իշխանությունները վերականգնում են հայկական եկեղեցիները, որոնք ընդգրկվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: Չի կարելի սա չտեսնել և չգնահատել: Անշուշտ, մեր կողմից նույնպիսի վերաբերմունք է դրսևորվում Իրանի, Իրանի ժողովրդի նկատմամբ: Մենք ունենք ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության ընդլայնման մեծ ներուժ»: Անդրադառնալով Մոգերինիի հետ բանակցությունների ավարտին արված հայտարարությանը «համագործակցության զարգացման ուղղությամբ համատեղ քայլերի մասին», այդ թվում մարդու իրավունքների ոլորտում, և խոսելով այն մասրհն, թե արդյոք դա մտավախության առիթ չէ ՌԴ ղեկավարության համար` Նալբանդյանն ասել է. «Չեմ կարծում, թե ՌԴ ղեկավարությունը Հայաստանի հարցում երբևէ անհանգստանալու առիթ է ունեցել, ունի կամ կարող է ունենալ: Մեր երկրները դաշնակցային ռազմավարական հարաբերություններ ունեն և լրացուցիչ մեկնաբանություններն ավելորդ են: Ի տարբերություն որոշ այլ երկրների, մենք դաշնակցային ենք համարում մեր հարաբերությունները միայն Ռուսաստանի հետ: Դա շատ խորը իմաստ ունի: ՌԴ հետ մեր գործակցությունը շատ ընդգրկուն է ու բազմաբովանդակ: Հաշվի առնելով մեր դաշնակցային պարտավորությունները, այդ թվում՝ համատեղ ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում, մենք ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները նաև այլ ուղղություններով՝ այլ կազմակերպությունների և կառույցների հետ: Մենք այդ մասին շատ հստակ և միանշանակ ենք հայտարարել: Ես այդ մասին ասել եմ նաև Ֆեդերիկա Մոգերինիի հետ բանակցությունների ավարտին լրատվամիջոցների հետ Երևանում կայացած հանդիպմանը»: Պատասխանելով այն հարցին, թե համապատասխանում է արդյոք իրականությանն այն պնդումը, որ Երևանը եվրասիական ինտեգրումը դիտարկում է բացառապես Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից` ԱԳ նախարարն ասել է, որ այդպես չէր ձևակերպի հարցը: Ըստ նրա, անշուշտ, ՀՀ և ՌԴ հարաբերություններն առանձնահատուկ են, սակայն ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացվել է, հաշվի առնելով միության շահավետ կողմերը: «Մենք ընտրեցինք Եվրասիական միությունը ոչ թե որպես հակակշիռ այլ միության: Հայաստանը միշտ ասել է, որ ցանկանում է լինել Եվրասիական միությունում, և, երբ մեզ առաջարկեցին միանալ դրան, մենք համաձայնեցինք: Մենք հենվում ենք այն հանգամանքի վրա, որ Եվրասիական միության հիմքում ընկած 4 ՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի, ազատությունը, լրացուցիչ խթան կհանդիսանան Հայաստանի տնտեսության զարգացման համար: Դա առավել պարզեցված, ազատ մուտքի հնարավորություն է տալիս դեպի Եվրասիական միության պաշտպանված ապրանքների և ծառայությունների միասնական շուկա, ներդրումների ներգրավում, արդյունաբերական և գյուղատնտեսական կոոպերացիայի ստեղծում: Միությունը նոր է ստեղծվել, արդյունքների մասին դեռևս դժվար է խոսել: Այնուամենայնիվ, այս ինտեգրացիոն գործընթացի դրական կողմը, չնայած բոլոր գլոբալ տնտեսական բարդություններին, ակնհայտ է»: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |