Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցու պետականացման որոշումը կբողոքարկվի![]() 1 ապրիլի 2016 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Մարտի 29-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ, արագացված կարգով պետականացվել էր Դիարբեքիրի Սուր շրջանի 80%-ը: Պետականացված տարածքի մեջ են մտնում հայկական Սբ Կիրակոս եկեղեցին, ասորական ու բողոքական եկեղեցիներ: Եկեղեցու հիմնադրամները պատրաստվում են դատարան դիմել՝ որոշումը չեղարկելու համար, թուրքական T24 լրատվական կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էրգյուն Այըքը հայտնել է, որ իրավաբանները սկսել են աշխատել այս ուղղությամբ և բողոքարկման դիմում կներկայացնեն դատարան: Սբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի փաստաբաններից Ալի Էլբեյօղլուն իր հերթին նշելով, որ նախարարների խորհրդի որոշումն անհրաժեշտ է ուղղել նույն խորհրդի նոր որոշմամբ, հավելել է. «Սակայն սա չպետք է թողնել վարչակարգի հայեցողությանը: Մենք պետք է իրավական գործընթացի շրջանակներում դատարան դիմենք»: Իսկ Դպրեվանքի հիմնադրամի փաստաբաններից Օմեր Քանթիքը կարծում է, որ պետականացման որոշումն անօրինական է: Ըստ Քանթիքի՝ նախարարների խորհուրդը որոշումը կայացնելիս պետք է պարզաբաներ, թե որ հատվածը ինչու է պետականացվում, իսկ այժմ հայտարարությունները, թե պետականացման գործընթացը «բարի նպատակներ» ունի, իրավական տեսանկյունից չեն կարող մեղմել իրավիճակի լրջությունը: «Այն, որ եկեղեցին գրանցված է որպես պատմական հուշարձան, իրավիճակը չի փոխում: Կա՛մ Նախարարների խորհուրդը նոր որոշում կընդունի, կա՛մ էլ պետք է բողոքարկման համար դիմել դատարան»,- ասել է փաստաբանը: Նախարարների խորհրդի որոշումը փոխելու անհրաժեշտության մասին խոսել է նաև Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Վերջինս նշել է, որ հարցը քննարկելու համար հանդիպում է պահանջել Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Ֆաթմա Գյուլդեմեթ Սարըի հետ: Հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին գրեթե 100-ամյա լքվածությունից հետո ամբողջովին վերաբացվել էր 2012թ. նոյեմբերի 3-ին, ինչից հետո այն դարձել էր տեղի հայերին միավորող կարևորագույն կենտրոն: Պատմական եկեղեցու կիսավեր շինության վերանորոգման համար շուրջ 2 մլն թուրքական լիրա էր հատկացվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |