ԵԽԽՎ պատվիրակը դատապարտել է Բաքվի ագրեսիան. «Ալիևից ու նրա ռեժիմից այլ բան սպասելի չէր»

ԵԽԽՎ պատվիրակը դատապարտել է Բաքվի ագրեսիան. «Ալիևից ու նրա ռեժիմից այլ բան սպասելի չէր»

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ազատ դեբատների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տեղի ունեցած վերջին սրացումների վերաբերյալ իրենց մտահոգությունն են հայտնել ԵԽԽՎ պատվիրակները:

Մասնավորապես, ֆրանսիացի պատվիրակ, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին և նախագահ Իլհամ Ալիևին: Նա խիստ մտահոգություն է հայտնել, որ ադրբեջանական բանակը ռազմական հարձակում է իրականացրել Լեռնային Ղարաբաղի սահմանի հյուսիսային հատվածում, որի արդյունքում բազմաթիվ զոհեր են գրանցվել, այդ թվում նաև խաղաղ բնակիչների շրջանում, գրում է Aravot.am-ը:

Պատվիրակը դատապարտել է Ադրբեջանին հրադադարի ռեժիմի խախտման համար և անընդունելի համարել այն բռնությունները, որոնք իրականացվել են ադրբեջանական բանակի կողմից: Միևնույն ժամանակ Ռոշբլուանը հայտարարել է. «Ի՞նչ կարող էինք սպասել Ալիևից ու նրա ռեժիմից, այն դեպքում, երբ նրա ղեկավարած երկրում բոլոր հնարավոր ձևերով ոտնահարվում է մամուլի և խոսքի ազատությունը: Ադրբեջանի գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի անվտանգությանը»:

Ռոշբլուանը հայտարարել է, թե միջազգային հանրությունը լուրջ դերակատարություն ունի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և սթափեցնելու հարցում: Նա կարևորել է բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ներգրավվածությունը` շեշտելով, թե ցանկացած անձ, որը խաղաղություն է ուզում, չի կարող կասկածի տակ դնել այդ պետության օրինականությունը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը ելույթ ունենալով ԵԽԽՎ ազատ քննարկումների ձևաչափով մտքերի փոխանակությանը Վեհաժողովի պատվիրակներին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժի գործած գազանությունների փաստեր:

Մասնավորապես, երբ գլխատված հայ զորակոչիկի գլուխը ադրբեջանական կողմը հպարտությամբ ցուցադրում էր ու տարածում համացանցում, իսկ հայկական կողմին վերադարձված մարմիններն ունեցել են անարգանքի և կամ խոշտանգման ակնհայտ հետքեր:

Նաիրա Կարապետյանը տեղեկացրել է նաև, որ Ադրբեջանի կողմից կիրառած «Գրադ» կայանքի օգտագործումից Արցախում սպանվել է 12 տարեկան երեխա, ևս երկուսը՝ վիրավորվել:

ԵԽԽՎ պատգամավորը նաև հայտնել է, որ Արցախյան հակամարտությունում հայկական կողմի դիրքորոշումը ոչ թե վեճ է տարածքի համար, այլ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի` ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա հիմնված մոտեցում, գրում է Tert.am-ը:

Կարապետյանը նշել է, որ Ադրբեջանի գործողությունները ոչ միայն խախտում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակում Ադրբեջանի հանձնառությունը` բարեխղճորեն մասնացել բանակցային գործընթացին, այլև ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային հիմնարար իրավունքի մի շարք սկզբունքներ. 1970-ի Միջազգային իրավունքների հռչակագրին, 1975-ի Հելսինկյան եզրափակիչ ակտին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

Եվրահանձնաժողովի նախագահը` Ադրբեջանին. Դադարեք կրակել

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---