Հոլանդական կուսակցությունը կոչ է անում դուրս մղել էթնիկ թուրքերին կառավարական կառույցներից

PanARMENIAN.Net - Հոլանդական Ազատության կուսակցությունը (PVV), որը դեմ է ներգաղթին, կոչ է արել արգելել այն քաղաքական գործիչների անդամակցությունը Նիդերլանդների խորհրդարանում եւ կաբինետում (կառավարության հիմնական գործադիր մարմին), որոնք երկքաղաքացիություն ունեն: Ինչպես հաղորդում է Turkish Daily News-ը, նման քաղաքական գործիչների թվին է պատկանում նաեւ խորհրդարանի պատգամավոր Նեբահաթ Ալբայրաքը, որը, հոլանդականից բացի, ունի նաեւ թուրքական քաղաքացիություն:



«Երկքաղաքացիություն ունեցող քաղաքական գործիչները կարող են առաջ մղել սեփական շահերը հոլանդականի փոխարեն: Օրինակ, երբ քննարկվում էր Հայոց ցեղասպանության հարցը, մենք տեսանք երկքաղաքացիություն ունեցող քաղաքական գործիչների, որոնք հանդես էին գալիս թուրքական տեսակետից: Անթույլատրելի է, երբ հոլանդական կաբինետի անդամները ծառայում են օտար պետության շահերին»,-գրում է PVV-ն ներկայացնող պատգամավոր Սիեթցե Ֆրիցման կուսակցության վեբ-կայքում, որտեղ ներկայացված են օրենքում առաջարկվող ուղղումները:



Կաբինետում ընդգրկված են երկու քաղաքական գործիչներ` Նեբահաթ Ալբայրաքը եւ Ահմեդ Աբութալիբը, որոնք Թուրքիայի եւ Մարոկկոի քաղաքացիներ են, միաժամանակ ունենալով Նիդերլանդների քաղաքացու անձնագիր: Ըստ հոլանդական NRC Handelsblad թերթի, Ալբայրաքը խորհրդարանի անդամ է, իսկ Աբութալիբը` Ամստերդամի քաղաքային խորհրդի անդամ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---