Նալբանդյան. Բանակցությունները հնարավոր կլինի շարունակել, երբ Բաքվին կարգի հրավիրեն![]() 28 ապրիլի 2016 - 11:47 AMT PanARMENIAN.Net - ԼՂ հարցով բանակցային գործընթացի հեռանկարները կապված են առաջին հերթին նրա հետ, որ վերացվեն Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ, լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանյանը: «Իհարկե, այսօր միջազգային հանրության և, առաջին հերթին, եռանախագահող երկրների՝ Հայաստանի հետ համատեղ ջանքերն ուղղված են հենց այդ հետևանքների վերացմանը, նրան, որպեսզի հնարավորինս բացառվի ապրիլի սկզբին տեղի ունեցածի կրկնությունը: Ասեկոսեներ կային, թե Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը ինչ-որ փաթեթ է բերել։ Կարծում եմ՝ հասկանալի է, որ հիմնախնդրի կարգավորման բանակցություններ այս պայմաններում դժվար է վարել, քանի որ չկան համապատասխան պայմաններ: Ադրբեջանի ցանկությունն է ներկայացնել, թե Հայաստանը դուրս է գալիս բանակցություններից, բանակցային գործընթացից, թե Հայաստանը դեմ է այս գործընթացին: Դա ամբողջովին սուտ է», - ասել է Նալբանդյանը: Նա շեշտել է, որ Հայաստանը երբեք դուրս չի եկել բանակցային գործընթացից, Հայաստանը միշտ կողմ է եղել միայն բանակցությունների, խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը և Հայաստանը չէ, որ հրաժարվել է հանդիպումներից: «Եթե ինչ-որ հանդիպումներ բարձր մակարդակով, նախարարների մակարդակով, այլ մակարդակներով, չեն կայացել կամ հետաձգվել են, դա եղել է հենց Ադրբեջանի պատճառով: Վերջին այդպիսի դեպքը Վաշինգտոնում էր, երբ ադրբեջանցիներն ընդհանրապես հրաժարվեցին հանդիպել անգամ եռանախագահների հետ: Այսօր Ադրբեջանի կողմից նաև ապարդյուն փորձեր են կատարվում՝ հարցականի տակ դնելու զինադադարի և դրա ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերի ուժի մեջ լինելը: Նման փորձեր կատարվեցին դիվանագիտական կուլիսներում` Վիեննայում, Նյու Յորքում։ Համապատասխան արձագանք եղավ եռանախագահների կողմից: Եռանախագահներն ասացին այն, ինչ մենք ենք ասում, որ՝ զինադադարի ու դրա ամրապնդման մասին անժամկետ եռակողմ համաձայնագրերը, որոնք կնքվել են 1994-1995թթ., ուժի մեջ են, և դրանց դրույթները պետք է իրականացվեն անվերապահ: Դա մեր կարծիքն է, դա միջազգային հանրության և եռանախագահների կարծիքն է», - շեշտել է ԱԳ նախարարը: Նրա խոսքով, դա ցույց է տվել, որ Ադրբեջանը, փաստորեն, հակադրվում է միջազգային հանրության կարծիքին: Նալբանդյանը նկատել է, որ Ադրբեջանը ձևացնում է, թե ապրիլի 2-ին տեղյակ չէր, որ սանձազերծել է լայնածավալ գործողություններն Արցախի դեմ, որ տեղյակ չէ, թե որքան զոհ է տվել այդ արկածախնդրության հետևանքով, տեղյակ չէ, թե ինչ է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը, տեղյակ չէ եռանախագահող երկրների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հինգ հայտարարություններից և այլն: «Ես կարծում եմ՝ այդ անտեղյակներին կարող ենք հիշեցնել, որ տեղեկություն չունենալը չի ազատում պատասխանատվությունից: Ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը կոնկրետ քայլեր ձեռնարկի, կարգի հրավիրի Ադրբեջանին և նրան վերադարձնի կառուցողական դաշտ: Այդ ժամանակ հնարավորություն կլինի նաև բանակցային գործընթացը շարունակել: Իսկ այսօր մեր հանդիպումները և քննարկումները վերաբերում են նրան, թե ինչպես հաղթահարել այն հետևանքները, որոնք ստեղծվել են Ադրբեջանի այս ագրեսիայի արդյունքում»։ Հարցին, թե ինչ փուլում է գտնվում Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի մշակումը, արտգործնախարարը հայտնել է, որ դա ընթացքի մեջ է: «Այդ պայմանագիրը կամ համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղի հետ միասին մշակվում է, դա պարզ գործընթաց չէ, և բավականին փորձագիտական և այլ աշխատանքի կարիք կա։ Երբ այդ աշխատանքն ավարտվի, համապատասխան կառույցների կողմից կարծիքներ հայտնվեն, և պահը գա, որ արդեն կարելի է այդպիսի պայմանագիր կնքել, այդ ժամանակ կիրականացվի»: Պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր են իրականացվել կապված ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի հայտարարության հետ, որ Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին, Նալբանդյանն ասել է. «Ինչպես ես ասել էի իմ հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ, դիվանագիտության, դրա բնույթի կամ աշխատանքային ոճից ելնելով ոչ ամեն ինչի մասին է հրապարակվում կամ հայտարարվում: Այն, ինչ հայտարարվում է, դա մի մասն է, չէի ասի, որ մեծ մասն է կամ չնչին մասն է, բայց մենք բավականին հրապարակային ենք աշխատում։ Վերջին շրջանում արտգործնախարարության մի քանի հայտարարություններ են եղել, բազմաթիվ հաղորդագրություններ են հրապարակվել, նախարարը, փոխնախարարները հարցազրույցներ են տվել: Բայց կան որոշ հանդիպումներ, զրույցներ, որոնք շարունակական բնույթ են կրում, և արդյունավետության տեսանկյունից նախընտրելի է չհրապարակել։ Այս հարցով այդպիսի զրույցներ եղել են, հանդիպումներ եղել են, և կարծիքներ հայտնվել են»: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների վերսկսումը Մոսկվայի միջնորդությամբ հետաձգվում է: «Կոմերսանտը» գրում է, որ ՀՀ նախագահը նաև տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չի տեսնում և նոր չի համարում այն առաջարկությունները, որոնք նախորդ շաբաթ Երևան էր բերել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հայաստանի դեմարշը, որը գերադասում է առկա ստատուս քվոն, բարդ վիճակի մեջ է դնում նրա ռազմավարական դաշնակից Ռուսաստանին` մշուշոտ դարձնելով Մոսկվայի նախաձեռնած բանակցությունների հեռանկարները: Պարբերականը նշում է, որ ՀՀ նախագահի հարցազրույցը Bloomberg-ին սառեցրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ արագացված բանակցությունների կողմնակիցների խանդավառությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |